Lragir.am-ի հարցերին պատասխանել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ԱԱԾ նախին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը մի շարք հարցեր է առաջացրել, ի՞նչ խնդրի հետ գործ ունենք։
Առաջինն, իհարկե, սա շոկ էր, որովհետև բոլոր առումներով անակնկալ էր։ Երբ խոսքը վերաբերում է մի մարդու մահվանը, ով անմիջական դերակատարություն է ունեցել պետության կառավարման գործում և պաշտոնավարել մի ժամանակահատվածում, երբ բավական շատ հարցեր էին օրակարգում, և դեռևս պատասխաններ չունենք այդ հարցերի վերաբերյալ, այս դժբախտ դեպքն իր հերթին լրացուցիչ հարցեր է առաջացնում։ Այդ դեպքը նաև հանրային ընկալումների ու տրամադրությունների վրա է ազդեցություն ունենում, որովհետև անձը հանրային դեմք է եղել, այն էլ՝ անվտանգության համակարգի։ Հայաստանի համար անվտանգության հարցը ամենազգայուն թեմաներից մեկն է։ Դրա համար էլ անվտանգության հետ առնչություն ունեցող ցանակցած հարց՝ անձնական մակարդակով, թե համակարգային, չի կարող ուշադրության կենտրոնում չգտնվել։ Դրա համար այստեղ առաջնային ու կարևոր խնդիր է դառնում կոնկրետ այս մահվան հանգամանքների մանրակրկիտ քննությունը՝ պարզելու համար հանգամանքներն ու դրդապատճառները։ Շատ բարդ գործ է։ Այս պահին հրապարակված տեղեկությունների համաձայն, երբ արձանագրվել է, որ դա հրազենի օգտագործմամբ է, դա ավելի է մեծացնում հարցերը։ Ինչո՞ւ, որովհետև զենքը հանդիսանում է անվտանգության թիվ մեկ մարտահրավերը։ Մի կողմից այն անվտանգության ապահովման միջոց է, մյուս կողմից էլ անվտանգության մարտահրավեր։ Եվ այս դեպքում զենքը հանդես է եկել որպես անձի մահվան պատճառ, այսինքն՝ անվտանգության մարտահրավեր է հանդիսացել։
Կարծում եմ՝ տարբեր խմբերի մոտ այդ էմոցիոնալ շոկը հասկանալի է, բայց միաժամանակ, իհարկե, երբ որոշ ժամանակ անցնի, էմոցիոնալ շոկը մարելուց հետո հարցերը մնալու են։ Դրա համար օբյեկտիվ քննության նշանակությունը էական է՝ հարցն այդ էմոցիոնալ դաշտից տեղափոխելու դեպի պատճառահետևանքային դաշտ։ Ցավոք սրտի, ՀՀ անկախության այս ամբողջ ժամանակահատվածում մենք ունեցել ենք միայն վատ օրինակներ, երբ բազմաթիվ չբացահայտված սպանություններ են եղել։ Եվ այդ տխուր օրինաչափությունը կարծես թե չի հաղթահարվում, չի ավարտվում։ Ես հասկանում եմ, որ ոչ բոլոր հանցագործություններն են հնարավոր բացահայտել, բայց նման հանրային դեմքերի հետ կապված միջադեպերը իրենց հանրային նշանակությամբ ու ազզդեցությամբ առավել կարևոր նշանակություն են ունենում ոչ միայն անձի, այլ նաև հանրության համար։ Եվ այդտեղ պետական ինստիտուտների դիմադրողականության, արդյունավետության հարց է առաջ գալիս։ Մենք հերթական անգամ առնչվում ենք այնպիսի մարտահրավերի հետ՝ հանձինս Կուտոյանի մահվան, որը կոչվում է ազգային անվտանգություն, այն ապահովող մարմինների, անձանց, ինստիտուտների կարողությունների խնդիրներ են առաջ գալիս, որոնք հատկապես այս նոր՝ ժողովրդավարական ու իրավական պետության վերականգնման առումով օրակարգային են դառնում։ Մենք պետք է նաև այդ խնդիրները լուծենք։ Այդ տխուր օրինաչափությունը, երբ մենք ունենում ենք հանրային դեմքերի չբացահայտված մահացության դեպքեր, այս օրինաչափությունը պետք է ավարտվի։
Դուք կապ տեսնո՞ւմ եք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի միջև։ Տեղեկատվության ստացման հենց առաջին ժամերից զուգահեռներ են տարվում այս երկու մահվան դեպքերի միջև։
Փաստերը, որոնք վերաբերում են նախորդ իշխանության առանցքային դեմքերի մահվանը, դրանք, իհարկե, առաջին հայացքից տխուր օրինաչափություն են։ Ես չեմ ուզում հիմա որևէ եզրակացություն անեն, որ սրանք ինչ-որ ընդհանուր օրինաչափության արդյունք են, որովհետև յուրաքանչյուր մահվան դեպքի քննությամբ դա չի պարզվել։ Հայկ Հարությունյանի մահվան փաստը, որը նույնպես շոկ էր, մնաց չբացահայտված, և դա նույնպես իր ազդեցությունը կունենա նաև այս դեպքի վրա։ Նախկին փոխոստիկանապետ Մհերյանի ակնհայտ սպանության չբացահայտումը, այլ քաղաքական դեմքերի սպանությունները, նույն Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, չբացահայտվեցին։
Երբ կան կենցաղային հողի վրա սպանություններ, դրանք մեծ շրջանակի չեն վերաբերում։ Բայց երբ խոսքը վերաբերում է հանրային դեմքերին, թեկուզ նախկին պաշտոնատար անձանց, ապա դա չի կարող սահմանափակվել միայն զուտ անձնական շրջանակում, որովհետև պայմանավորված է անձերի ունեցած դերով, ունեցած տեղեկատվությամբ։ Եվ հարց է առաջացնում պետական, ազգային, հասարակական անվտանգության առումով, որտեղ մենք ունենք լուրջ խնդիրներ։ Ես չեմ կարող հիմա եզրակացություններ անել, բայց շարժառիթը հիմնական խնդիրն է, որը պետք է պարզվի։ Միայն շարժառիթի բացահայտման հիման վրա կարելի է գալ օբյեկտիվ եզրակացության։ Բայց շատ տխուր է, երբ հրազենի կիրառմամբ մահանում են պաշտոնատար անձինք՝ կլինի նախկին, թե ներկա, որովհետև Հոկտեմբերի 27-ի դեպքում էլ գործողներն էին։ Սա այն վիճակը չէ, որը պետք է ընդունելի լինի թե անձնական մակարդակում, թե պետական։