Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ուկրաինայի դեմ պատերազմը բացահայտեց Ռուսաստանի զինված ուժերի ողջ փտածությունը

March 19, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, բանակում ոչ մարտական պայմաններում մահացության երկու դեպք գրանցվեց մարտի 17-ին։ Նման դեպքերը շարունակվում են, ինչի՞ հետևանք է սա։

 

Այս տարվա 2,5 ամսվա ընթացքում 7 զինծառայողի մահացության դեպք ունենք, որից 4 մահ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մեկը դժբախտ պատահար էր, և հիմա երկու դեպք՝ սպանություն կամ ինքնասպանություն։ Կոնկրետ այս դեպքերի մասին մեզ մանրամասներ հայտնի չեն, բայց հարուցված քրեական գործի հիմքերը՝ սպանություն և ինքնասպանություն, ուղղակի կապ ունեն զինվորական կարգապահության հետ։ Այսինքն՝ այնտեղ զինվորական կարգապահությունը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում։ Իսկ ինչո՞ւ, դա դարձյալ պետք է քննության առարկա հանդիսանա։ Բայց ամենայն հավանականությամբ դա կարող է կապված լինել սպայական կազմի կարողությունների հետ, նաև անձնակազմի հետ տարվող հոգեբանական ու ինտեգրման աշխատանքները նկատի ունեմ։ Պատերազմից հետո անցել է 1․5 տարի, ամենայն հավանականությամբ ծառայությունը շարունակում են մարդիկ, ովքեր մասնակցել են պատերազմական գործողություններին։ Եվ դա իր ազդեցությունը թողել է։ Այսինքն՝ հարցեր շատ կան, մենք պարբերաբար անդրադառնում ենք բանակում մահացության դեպքերին։ Հիմա կարող ենք հղում անել վիճակագրությանը, որ ընդամենը երկու դեպք է, բայց դրանք այն ծայրահեղ դրսևորումներն են, որոնք ցույց են տալիս համակարգային խնդիրները, թեկուզ մեկ կամ երկու զորամասում։ Արձանագրվեց նաև դեպք, երբ ազգությամբ եզդի զինծառայողը լքել էր զորամասը։ Նման դեպքերի հաճախականությունը պետք է ազդակ լինի։

 

Կառավարության անդամները մի քանի անգամ հայտարարեցին, որ բանակի բարեփոխումների ծրագիր են իրականացնելու, նաև շեշտում են, որ ռուս գործընկերների օգնությամբ են այդ աշխատանքը կատարելու։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները, և ի՞նչ բարեփոխումներ պետք է արվեն բանակում։

 

Զինված ուժերում բարեփոխումների մասին դրույթ կար և պատերազմից հետո վարչապետի հետպատերազմյան վերականգնման ծրագրում, և նաև արտահերթ ընտրություններից հետո կառավարության ծրագրում։ Եվ ըստ Զինված ուժերի բարեփոխումների կամ վերականգնման ծրագրի՝ սկզբից պետք է մշակվեր բարեփոխման կամ վերականգնման հայեցակարգ։ Բայց հանրությանը հայտնի չէ՝ այդ հայեցակարգը կա, թե ոչ։ Առայժմ մենք տեղեկություն ունենք, որ Պաշտպանության նոր նախարարի նշանակումից հետո այդ հայեցակարգը վերադարձվել է մշակման։ Այսինքն՝ չեմ պատկերացնում, թե ինչ բարեփոխումների մասին կարելի է խոսել, եթե հայեցակարգը հայտնի չէ։ Մենք գտնում ենք, որ այնուամենայնիվ այդ հայեցակարգը պետք է լինի հրապարակային, ինչպես ռազմական դոկտրինը կամ ազգային անվտանգության ռազմավարությունը, որոնք, ի դեպ, նույնպես պետք է փոփոխության ենթարկվեն։ Պատերազմը բավական լուրջ շտկումներ է կատարել իրավիճակում, և հնարավոր չէ աշխատանքները շարունակել մինչպատերազմական շրջանի ռազմական դոկտրինով կամ ազգային անվտանգության ռազմավարությամբ։

 

Երկրորդ, ես չեմ կարծում, եր Ռուսաստանի Դաշնության մասնագետներն են այն ռեսուրսը, որն արդյունավետ կարող է լինել ՀՀ զինված ուժերի բարեփոխման կամ վերականգնման համար։ Մեղմ ասած՝ մենք դրա նկատմամբ մշտապես ենք ունեցել վերապահում։ Ինչո՞ւ, որովհետև ՌԴ զինված ուժերում զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակը շատ անմխիթար է։ Այդ մասին վկայում են հենց ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցները։ Ճիշտ է, հետո շատերի գործունեությունը սահմանափակվեց, արգելվեց, բայց հայտնի է, որ բանակում մահացության դեպքերը, կոռուպցիան, զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն այն պատկերն է, որը տիրում է ՌԴ զինված ուժերում։ Եթե բարեփոխող լինեին, իրենց զինված ուժերը նման իրավիճակից կհանեին։ Եվ հիմա Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը բացահայտեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ողջ փտածությունը, անմխիթար վիճակը՝ թե անձնակազմի, թե սպառազինության առումով։ Եվ դա ուղղակի կոռուպցիայի հետևանք է։ Սա շատ հստակ է, որ կոռուպցիայի գոյության պայմաններում զինված ուժերը չեն կարող լինել արդյունավետ, չեն կարող պաշտպանված լինել զինծառայողների իրավունքները, չի կարող զինվորական ծառայությունը մարդկանց համար համարվել գրավիչ ու անվտանգ։

 

Ուկրաինական զինված ուժերի դիմագրավումն ամբողջովին մերժեց Ռուսաստանի՝ իբր թե աշխարհի երկրորդ հզոր բանակն ունեցող պետություն լինելու միֆը։ Ես կարծում եմ, որ ՌԴ զինված ուժերի մասնագետները չէ, որ կարող են իրենց ներդրումն ունենալ մեր բանակի բարեփոխման գործում։ Մենք ունեինք Հայաստան-ՆԱՏՕ-ի անհատական գործողությունների ծրագիրը, որը երկար տարիներ գործողության մեջ է, և, ցավոք սրտի, 2017 թվականից հետո չի վերանայվել։ Ես գտնում եմ, որ հիմնական ռեսուրսը կարող է լինել դա, որովհետև թե սպառազինության, թե մարդու իրավունքների պաշտպանության, թե թափանցիկության ու կոռուպցիոն ռիսկերի կանխարգերման ու բացահայտման տեսակետից այդ ինստիտուտները գոյություն ունեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերում։ Իհարկե, բացառությամբ Թուրքիայի։ Հատկապես եվրոպական պետությունների, ԱՄՆ օրինակներն այն ռեսուրսներն են, որոնք կարող են բարենպաստ ու օգտակար լինել ՀՀ զինված ուժերի վերականգնման համար։

 

lragir.am

views: 55

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color