Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Սոչիում թաղվեց միջազգային իրավունքն ու մեխանիզմը․ Պատանդի վիճակից պետք է դուրս գալ

November 28, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարությունը։

 

Սոչիում թաղվեց սահմանազատման ու սահմանագծման միջազգային իրավունքն ու մեխանիզմը։ Նախ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախապայմաններ պետք է լինեն։ Առաջինը, ուժի սպառնալիքի բացակայություն, ագրեսիայի դադարեցում և նաև դատապարտում, կողմերի միջև փոխադարձ վստահության ձևավորում։ Բացի այդ նշած պայմաններից, այդ գործընթացը պետք է իրականացվի միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային մեխանիզմների ներգրավմամբ։ Այս շարադրված կետերի հետ կապված ունենք հետևյալ պատկերը՝ սահմանային գոտիներում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ, որոնց հետևանքով շարունակաբար և անպատիժ խախտվում են մարդկանց իրավունքները, այսինքն՝ վտանգված է մարդկանց կյանքը, անվտանգության տարրական պայմաններն ապահովված չեն։ Ներխուժել են ՀՀ տարածք, դիրքավորվել ու չեն հեռանում։ Ունենք դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին արձանագրված պայմանը, ըստ որի՝ բոլոր գերիները և պատանդները պետք է վերադարձվեն։ Մինչև հիմա ոչ միայն չեն վերադարձվել, այլ դրանից հետո մարդիկ են գերեվարվել։ Ռազմական գործողությունները ծավալվում են, հռետորաբանությունը չի փոխվել։ Այսինքն՝ փոխադարձ վստահության համար առնվազն այդ նվազագույն, բայց անհրաժեշտ պայմանները երաշխավորված չեն։

 
 

Երկրորդ, միջազգային իրավունքի ու մեխանիզմների հետ կապված՝ և Ադրբեջանի, և Ռուսաստանի իշխանություններն իրենց վարքագծով, գործելակերպով ցույց են տվել, որ իրենց համար միջազգային իրավունք հասկացությունն ընդհանրապես թղթի կտորի արժեք չունի։ Սա ոչ թե ենթադրություն է, այլ այդ պետությունների իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության արձանագրում, թե իրենց պետությունների, թե հարևան պետությունների քաղաքացիների հանդեպ։ Եվ այս առումով նաև հարևան պետությունների նկատմամբ ագրեսիվ գործողությունների փաստը կա։ Միանշանակ է այն հարցի պատասխանը, որ թե Ադրբեջանը՝ որպես սահմազատման և սահմանագծման երկրորդ կողմ, և թե Ռուսաստանի Դաշնությունը, որն իբր թե պետք է խորհրդատվական աջակցություն տրամադրի, իրենք չեն կարող հանդիսանալ այն պետությունները, որոնց համար միջազգային իրավունքը հիմնարար սկզբունք է։

 

Հաջորդը, միանշանակ է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հանդիսանում սահմանազատման ու սահմանագծման միջազգային մեխանիզմը։ Ավելին, ինքն ընդհանրապես մեխանիզմ չէ, որպես այդպիսին կարող են լինել միջազգային կառույցները։ Կարող է լինել ԵԱՀԿ-ն, որն ունի սահմանազատման ու  սահմանագծման վերաբերյալ շատ հստակ ուղեցույց, կարող է լինել ՄԱԿ-ը։ Կամ կարող են լինել այնպիսի պետություններ, որոնց համար թե միջազգային իրավունքը, թե միջազգային մեխանիզմը հիմնարար սկզբունքներ են։ Այս պարագայում «Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցություն» ասվածը հակասում է միջազգային իրավունքի և մեխանիզմի ներդրման անհրաժեշտությանը։

 

Ընդհանրապես հենց եռակողմ այս ձևաչա՞փն է խնդիր, ի՞նչ պետք է անել։

 

Պետք է նայել իրականությանը։ Իսկ այդ իրականությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունն ստեղծված եռակողմ ձևաչափում ընտրության շատ նեղ սահման ունի։ Եռակողմ ձևաչափի շրջանակներում ՀՀ ընտրության, ազատ գործելու հնարավորությունը սահմանափակված է, որի մասին բազմաթիվ փաստեր արձանագրվել են։ Այսինքն՝ եռակողմ ձևաչափը հակասում է թե միջազգային իրավունքին, թե մեխանիզմներին։ Ինքն ընդհանրապես ոչնչացնում է և ոչնչացրել է միջազգային ներկայությունը որպես այդպիսին՝ կոնֆլիկտի և միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում։ Ադրբեջանն ու Ռուսաստանը ոչ միայն 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, այլ մինչ այդ էլ, դրանից հետո էլ թքած ունեն միջազգային իրավունքի վրա։ Ավելին, այստեղ առաջին պլանում չի երևում Թուրքիան, բայց ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը կա, և Էրդողանի ականջները երևում են այս փաստաթղթի հետևում։ Այսինքն՝ ևս մեկ պետություն, որը չի գործում միջազգային իրավունքի շրջանակներում, անուղղակի կամ ուղղակի ներգրավված է այս գործընթացում։ Եվ Պուտինն իր խոսքում նշեց ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին։ Այսինքն՝ ինքը հերթական անգամ լեգիտիմացրեց թուրքական ներկայությունն այս գործընթացում նույնպես։

 

Այս գործընթացներն իրականացվում են մինչև բրյուսելյան հանդիպումը։ Երեկվա հայտարարությամբ արդեն նշվեց, որ հիմնական նպատական է սահմանազատման-սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի ձևավորումը։ Հաջորդ շաբաթ արդեն Մոսկվայում նախատեսվում է հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Եվ այս ամենը կատարվում է արագացված տեմպերով՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթանաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումից առաջ։ Նաև սա տեղի է ունենում ԱՄՆ նախագահի կողմից հրավիրած Ժողովրդավարության գագաթնաժողովից առաջ։ Այսինքն՝ այնպիսի պայմաններ են թելադրում Հայաստանին, որ այդ հարթակներում նշված խնդիրների վերաբերյալ բարձրաձայնումն արդեն դառնում է ժամանակավրեպ, ուշացած, որովհետև արդեն իսկ մեխանիզմները ձևավորվում են։ Արևելյան գործընկերության և Ժողովրդավարության գագաթնաժողովներում ո՞րն է մեր օրակարգը։ Մեր օրակարգը պետք է լիներ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը, այդ ագրեսիայի հետևանքով ժողովրդավարական գործընթացների տորպեդահարումը, պետք է լիներ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների, մինչև հիմա չվերադարձնելու հարցերը։ Այս հարցերը բարձրացնելու հնարավորություններն ի չիք են դառնում այս պայմանավորվածություններով։ Ինչքան էլ որ հասկանում եմ, որ Հայաստանի ազատ գործելու հնարավորությունները սահմանափակված են ու պարտադրված, բայց դա հիմնավորում կամ արդարացում չէ, որպեսզի համաձայնես այս անարժանապատիվ վիճակի հետ։ Ամեն գնով անվտանգության ապահովումն այնպիսի մեխանիզմներով ու մասնակցությամբ, որը մենք տեսնում ենք, դա երաշխիք չէ, այդ անվտանգությունը վտանգվում է հենց նման մոտեցումներով։ Այստեղ ոչ միայն մեր ռազմագերիներն են գտնվում պատանդի կարգավիճակում, այլև ՀՀ-ն ու նրա իշխանությունը։

 

Իհարկե, ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, բայց, այսպես կոչված, Ազգային ժողովի ընդդիմությունն ամեն կերպ նպաստում է այս պատանդի վիճակում գտնվելուն։ Բայց դա չի կարող արդարացում հանդիսանալ՝ քայլ չանելու համար։ Պատանդի վիճակից դուրս գալու ուղղությամբ պետք է քայլեր կատարել, երբեք ուշ չէ։ Պատանդի վիճակում գտնվելով՝ քեզ անընդհատ պետք է ճնշեն, նվաստացնեն, պարտադրեն։ Դա շարունակական է, և այդ շարունակականությունը պայմանավորված է նրանով, որ պատանդի վիճակում ես գտնվում։ Պատկերացրեք մի վիճակ՝ երբ դու քայլ ես կատարում պատանդի վիճակից դուրս գալու, սպառնում են, թե կսպանեն։ Բայց նման վիճակում էլ շարունակական գտնվելը երաշխիք չէ, որ քեզ ինչ-որ պահի չեն սպանելու։ Միանշանակ է, որ դու պետք է մտածես, թե ոնց դուրս գաս այդ վիճակից։ Եվ այս պատանդառության վիճակում սահմանազատումն ու սահմանագծումն իր բովանդակությամբ հակասում է թե միջազգային իրավունքին, թե միջազգային մեխանիզմներին։ Ռուսաստանի Դաշնությունը, որն իբր այդ եռակողմ հայտարարության երաշխավորն է, ոչ մի կերպ չի դատապարտում այդ ագրեսիվ գործողությունները, մատը մատին չի խփում ի վերջո պատասխանատվությունը բարձրացնելու համար, որ անվերապահ ու անհապաղ բոլոր գերիներն ազատվեն։ Բայց երբ ՌԴ իշխանությանը պետք է Հայաստանին ինչ-որ որոշումներ պարտադրի, շատ լավ էլ կարողանում է օպերատիվ գործել։ Այսինքն՝ ինքն ունի ռեսուրս՝ նաև ճնշման ենթարկելու Ալիևին։ Բայց այդ ռեսուրսը չի օգտագործում, որովհետև դա է իր բովանդակությունը, ամբողջ փիլիսոփայության հիմքը։ Ինքը հակամարդկային է իր ողջ էությամբ։ Ի վերջո, չի կարող պետությունը, որն անմարդկային է վերաբերվում իր քաղաքացիների նկատմամբ, լավ վերաբերվել հարևան պետությունների քաղաքացիներին։

 

lragir.am

views: 25

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color