Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հիմա ունենք նահանջ թափանցիկ, հաշվետու և հրապարակային կառավարման սկզբունքներից

August 4, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

Պարոն Սաքունց, անցնող շաբաթն առանձնացավ ՍԴ դատավորի երկու թեկնածուների առաջադրումով, և կա մեծ հանրային դժգոհություն այդ թեկնածուների հանդեպ: Անգամ իրավապաշտպանները դիմել էին կառավարությանը՝ կոչ անելով հետ կանչել իրենց առաջադրած թեկնածուին: Մյուս կողմից, լուրեր են շրջանառվում, որ Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելը կեղծիքներով է ուղեկցվել: Ինչպե՞ս եք գնահատում այս պրոցեսները և ի՞նչ մտահոգություններ ունեք:

 

Ընդհանրապես, երբ խոսվում է դատաիրավական մարմիններում նշանակումների կամ, ինչպես նշեցիք, դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրությունների մասին, մենք պետք է հիշենք, որ համապարփակ, խորքային ու բովանդակային վեթինգի չիրականացման պայմաններում մշտապես լինելու են վերապահումներ այդ մարմիններում թե նշանակումների, թե այդ մարմինների կազմակերպած ընտրությունների հետ կապված: Որովհետև այդ մարմինները շարունակում են ձևավորված մնալ որպես պետության զավթման ժամանակաշրջանում ձևավորված կառույցներ: Ժամանակ առ ժամանակ տարբեր գործերով մենք տեսնում ենք խնդիրներ, որոնք պայմանավորված են այդ մարմիններում արմատական փոփոխությունների չկատարմամբ, իսկ արմատական փոփոխությունների առաջին փուլը պետք է լիներ խորը, համապարփակ, բովանդակային վեթինգը: Ի դեպ, ասեմ, որ այնպես չէ, որ այդ վեթինգ ասածը կվերաբերվեր բոլոր դատավորներին, որովհետև կան նաև մարդիկ, որոնք հանգամանքների բերում չեն ունեցել այն դերակատարումը, որն ունեցել են որոշ դատավորներ, որոնց վճիռներով, որոշումներով քաղաքական իշխանության պահանջներն են կատարվել՝ թե քաղաքական հայացքների համար ազատազրկումների տեսքով, թե սեփականազրկումներով այն ժամանակվա իշխանության կոռուպցիոն շահերի իրացման նպատակով: Այնպես որ, մենք գիտենք այդ դատավորների, քննիչների, դատախազների հստակ ցանկը, և քանի դեռ նրանք մնում են համակարգում, հանրային վստահության առումով մենք միշտ էլ կունենանք կասկածներ: Մասնավորապես, գիտենք, որ նախորդ ժամանակահատվածում մարդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ առանց քաղաքական որոշման կամ համաձայնության չէր կարող լինել: Ու հիմա դատավորների ինքնակառավարման համակարգում նման քվեարկություններում առկա իրավիճակը, որը ստեղծվել է նախորդ իշխանության ժամանակ, որոշիչ են դառնում: Ասենք ինչո՞ւ Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու չընտրվեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, որի մասին բավական դրական են արտահայտվում: Դա նշանակում է, որ իրավիճակը դեռևս այդ համակարգում չի փոխվել: Նույնը կարող ենք ասել դատախազության, քննչական մարմինների մասին: Իսկ իշխանությունը, երբ նման չփոխված պայմաններում թեկնածուների ընտրություն է իրականացնում՝ վերստին չապահովելով դրանց իրականացման թափանցիկությունը, հրապարակայնությունը, երբ դա կատարվում է մեզ բոլորիս անհայտ չափորոշիչների կիրառմամբ, ապա բնականաբար, այս գործընթացի, մասնավորապես ՍԴ դատավորի երեք թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը չի վերականգնվում: Այսինքն այն գլխավոր նպատակը, որը դրված էր ի սկզբանե, նման գործողություններով չի կարող երաշխավորվել հանրային վստահության վերականգնում, որի համար արվեց այս ամենը:

Այսինքն քանի դեռ ձեր նշած համապարփակ վեթինգը չի եղել, մենք հենց այս արդյունքն էլ պետք է ունենայի՞նք: Շատերը նշում են, որ ջրից դուրս եկանք, ջրհորն ընկանք:

Ես զերծ եմ մնում նման գնահատականներից, ընդամենը արձանագրում եմ հետևյալը. եթե դու չես իրականացնում խորքային, համապարփակ և բովանդային վեթինգ, ապա առավել ևս պետք է թեկնածուների կամ կադրերի ընտրության հարցում ապահովես թափանցիկություն և հրապարակայնություն, որպեսզի վեթինգի չանցկացման հետևանքով գոյություն ունեցող գործոնները, որոնք բավական լուրջ են, որոշիչ ազդեցություն չունենան կադրային նշանակումների վրա: Սա եմ ես ասում: Եվ ռիսկերը, որ կարող են լինել հանրության համար անընդունելի նշանակումներ, շատ մեծ են: Դա այն է, ինչ հիմա տեսնում ենք: Հրապարակային և թափանցիկ գործընթացի դեպքում այդ գործոնների ստվերային ազդեցությունը կարող էր կանխվել:

Արդեն ունենք ՍԴ դատավորի երկու թեկնածուներ, մնացել է թեկնածու առաջադրի ՀՀ նախագահը: Եթե խորհրդարանն ընտրի այս թեկնածուներին, ՍԴ-ում ի՞նչ պատկեր ենք ունենալու:

Ես դժվարանում եմ որևէ վերջնական եզրահանգում անել, բայց ինձ համար միանշանակ է, որ այն գործընթացները, որոնց միջոցով թեկնածուները որոշվում են, հատկապես կառավարության կողմից, դրանք չեն կարող հանգեցնել ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության ապահովմանը: Դրանք չեն կարող երաշխավորել հանրային վստահության բարձրացում: Հատկապես կառավարությունը պետք է իր մոտեցումներով, թեկնածուի ընտրության կայացման իր գործընթացով օրինակ ծառայեր մյուս կառույցների համար: Իհարկե, հիմա օրենքով չկա սահմանված պարտավորություն, որ ասենք ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման գործընթացը կազմակերպի հրապարակային: Բայց եթե կառավարությունը նման օրինակ ցույց տար, դա կփոխեր մթնոլորտը և կփոխեր, ընդհանրապես, գործընթացի բովանդակությունը: Իր օրինակի ուժով կառավարությունը կարող էր հասնել կամ առնվազն ցույց տալ, թե ինչպես պետք է թեկնածուները որոշվեն: Այս առումով նաև Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ոչ թե փակ դռների հետևում անցկացներ թեկնածուի ընտրությունը, այլ հրապարակավ, և ամբողջ քննարկումները հանրության համար հայտնի լինեին, թե ինչ չափանիշներից ելնելով է Դատավորների ընդհանուր ժողովը ընտրում ՍԴ դատավորի թեկնածուին, կամ ինչ չափանիշներով է ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամին: Ես կարծում եմ, որ այստեղ կառավարության պատասխանատվությունը անմիջական է և որոշիչ: Ցավոք սրտի, ինչպես իրենք ոչ թափանցիկ անցկացրեցին թեկնածուի որոշման գործընթացը, նույն սկզբունքով կարող են մյուս երկու մարմիններն անել: Դատավորների ընդհանուր ժողովն արդեն դա արեց, ՀՀ նախագահն էլ կարող է նույնկերպ անել: Եվ սա այն դեպքում, երբ տեսել ենք, թե ՍԴ դատավորի թափուր տեղի համար մինչ այդ ընտրությունը ինչ հրապարակայնության, քննարկումների միջոցով է իրականացվել: Հիմա ունենք նահանջ այդ թափանցիկ, հաշվետու և հրապարակային կառավարման սկզբունքներից:

views: 329

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color