Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ԶՈւ ԳՇ պետի ենթակայությունը պաշտպանության նախարարին չի համապատասխանում քաղաքական չեզոքության սկզբունքին

July 19, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

Պարոն Սաքունց, կան տեսակետներ, որ «Պաշտպանության մասին» նոր օրենքի ընդունման նպատակը զինված ուժերը պաշտպանության նախարարին ենթարկելն է։ Եվ նախարար Սուրեն Պապիկյանը քննարկումների ժամանակ դա չհերքեց՝ նշելով, որ զինված ուժերը ենթարկվում են նախարարին, և դա փորձ չէ, շատ հստակ քայլ է։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները։

 

Սկզբունքային հարցը հետևյալն է՝ ժողովրդավարական պետությունում Զինված ուժերը բացառապես պետք է զբաղվեն երկրի պաշտպանությամբ՝ արտաքին վտանգների կանխման առումով։ Ներքին քաղաքական որևէ հարցում նրանք միջամտելու որևէ լիազորություն չպետք է ունենան։ Կարող են բացառություններ լինել աղետների ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման նկատառումով որոշակի ստորաբաժանումներ ներգրավելը, բայց հասարակական կարգի պահպանման կամ ապօրինի գործողությունների կանխարգելման ուղղությամբ որևէ մասնակցություն չպետք է ունենան։ Եվ առավել կարևոր է, որ պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն։ Այսինքն՝ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից, ներքին քաղաքական հարցերից։ Սա անկյունաքարային և հիմնարար սկզբունք է, որից ելնելով՝ պետք է արդեն կառուցվի զինված ուժերի կառավարումը։ Եվ այդ տեսակետից շատ բնական է, որ զինված ուժերի անմիջական ղեկավարման համար, նկատի ունեմ ծառայության կազմակերպումը, այդ ամենի պատասխանատուն պետք է լինի Գլխավոր շտաբի պետը, որին պետք է տրվի հրաման։ Եվ այդ հրամանները կարող են տրվել գերագույն գլխավոր հրամանատարի կողմից՝ այն գործառույթների շրջանակներում, որոնք նկարագրեցի։ Այսինքն՝ իմ նշած գործառույթներից դուրս որևէ մեկը հրաման չի կարող տալ զինված ուժերին, որ ենթադրենք քաղաքական կամ քաղաքացիական անկարգությունների դեպքում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու պայմաններում որոշեն գործողություն կատարել, այն, ինչ մենք տեսել ենք։

 
 

Հիմա գալիս ենք հաջորդ կետին՝ արդյոք Գլխավոր շտաբի պետի ենթակայությունը պաշտպանության նախարարին՝ կառուցվածքային ստորաբաժանման տեսակետից, հիմնավորված էր։ Պետք է հաշվի առնել այն, որ պաշտպանության նախարարը քաղաքական ղեկավար է, այսինքն՝  հայեցողական պաշտոն է, և պաշտպանության նախարարը որոշվում է քաղաքական ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական իշխանության թիմից։ Եվ ինքը պատասխանատու է պաշտպանական բնագավառում քաղաքականության համար։ Դա նշանակում է զինված ուժերի արդյունավետության երաշխավորման համար, զինված ուժերում ծառայության կազմակերպման համար անհրաժեշտ օրենսդրական, նյութատեխնիկական և այլ հարցերի լուծում։ Եվ դա ոչ թե պետք է անի Գլխավոր շտաբի պետը կամ շտաբը, այլ պետք է անի հենց պաշտպանության նախարարը և նախարարությունը, որոնք քաղաքականությունն են որոշում, քաղաքականության վերաբերյալ մոտեցումներն են որոշում։ Բայց այդ քաղաքականության վերաբերյալ վերլուծությունները, մոտեցումներն ու լսումները նույնպես պետք է հիմնվեն այն սկզբունքի վրա, որ զինված ուժերը ներքաղաքական որևէ պրոցեսի մասնակցել չեն կարող։

 

Եվ քանի որ պաշտպանության նախարարը քաղաքական մարմին է, ԶՈւ ԳՇ պետի ենթակայությունը պաշտպանության նախարարին չի համապատասխանում իմ նշած քաղաքական չեզոքության սկզբունքին։ ԶՈւ ԳՇ պետը նշանակվում է գործադիր իշխանության ղեկավարի կողմից, ի դեպ, այս առումով մենք ունենք սահմանադրական լուծումների խնդիր։ Հիմա ձևական իմաստով վարչապետը թեկնածուին ներկայացնում է նախագահին, նախագահը նշանակում է։ Դա այն դեպքում, երբ զինված ուժերի կառավարումը, նկատի ունեմ քաղաքական ղեկավարումն արտաքին մարտահրավերների կանխարգելման տեսակետից կամ ԶՈւ-ն հանրապետության տարածքից դուրս տանելու դեպքերում սահմանադրական կարգավորումները չեն համապատասխանում ժողովրդավարական պետության սկզբունքներին։ Դա մենք տեսանք Ղազախստանի հետ կապված իրադարձություններում, երբ որպես ՀԱՊԿ անդամ պետություն՝ մեր զորքերն առանց ԱԺ համաձայնության ուղարկվեցին Ղազախստան։ Կամ մենք ընդհանրապես չենք տեսել, որ ԳՇ պետը զինվորական ծառայության հետ կապված հարցերով զեկուցմամբ կամ հաշվետվությամբ հանդես գա պառլամենտի առաջ։ Փոխանակ դա ներդնեն, միանգամից զինված ուժերը տեղափոխում են պաշտպանության նախարարի ենթակայության տակ։ Այդ դեպքում ստացվում է, որ նախարարը պառլամենտի առաջ հաշվետվություն է ներկայացնելու ոչ միայն քաղաքականության վերաբերյալ, այլ նաև ԳՇ անմիջական գործառույթների շրջանակներում լուծվելիք հարցերի վերաբերյալ, ինչն աբսուրդ է։ Զինվորական և քաղաքական գործառույթները պետք է տարանջատված լինեն ոչ միայն գործառույթների, այլ նաև հաշվետվողականության առումով։

 

 

Նրանք հիմնավորում են, որ այս փոփոխություններով էականորեն փոխելու է կառավարման ուղղահայացը։

 

Ուղղահայց համակարգը չպետք է վերաբերի պաշտպանության նախարարին ենթակա դարձնելուն։ Ուղղահայաց համակարգը պետք է վերաբերի ԳՇ-ին և զինվորական ստորաբաժանումներին, որի մեջ պաշտպանության նախարարը անմիջական լիազորություն չունի։ Ինքը պետք է գործ ունենա ոչ թե զինվորական ծառայության ներքին խնդիրների լուծման հետ, այլ պետք է գործի զինված ուժերի՝ որպես ընդհանուր ինստիտուտի արդյունավետ գործունեության համար։ Իսկ թե զինված ուժերն ինչպես պետք է կառավարվեն, ինչպես պետք է գործի դրվեն, կան Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ սահմանված նորմերը, որոնցում պաշտպանության նախարարը չպետք է անմիջական գործառույթ ունենա, դրա համար կա զինված ուժերի անմիջական հրամանատար։ Այսինքն՝ արտաքին վտանգների կանխման դեպքում ԶՈւ ԳՇ պետը նույն մասնակցությունը պետք է ունենա, ինչպես պաշտպանության նախարարը։ Պաշտպանության նախարարը՝ որպես քաղաքականություն իրականացնող ու պատասխանատու մարմին, քաղաքականության հետ կապված հարցերի լուծմանն է մասնակցում։ Բայց զինված ուժերի պատրաստվածության, կարողությունների վերաբերյալ պատասխանատուն ԳՇ պետն է։ Եվ սա ենթադրում է, որ ինքը պետք է ոչ թե ենթակա լինի պաշտպանության նախարարին, այլ պետք է ենթակա լինի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին, իսկ պատերազմի ժամանակ էլ ինքը պետք է ներկայացնի, թե ինչ ռեսուրսներ ունենք։ Եվ ԳՇ պետի չենթարկվելը պաշտպանության նախարարին չի նշանակում, որ զինված ուժերի կառավարման արդյունավետությունը կարող է նվազել։ Պատմությունը ցույց է տվել, որ խնդիրների տերը ու խնդիրները լուծողը տարբեր մարմիններ պետք է լինեն։ Եթե նույն մարմնի ձեռքին է լինում, ապա հակված կլինեն որոշակի թերություններ թաքցնելու։

 

Այսինքն՝ արդյունավետ կառավարման համակարգի ամենակարևոր բաղադրիչներն են՝ ԶՈւ ԳՇ պետ և իր տեղակալներ, ստորաբաժանումների ղեկավարներ, մյուսը՝ պառլամենտական ուղղակի վերահսկողությունը և ԶՈւ ԳՇ պետի ինքնուրույն մասնակցությունը պետության անվտանգային խնդիրների լուծմանը կամ քննարկումներին։

 

Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից պարզ դարձավ, որ զինված ուժերի և նախարարության կառուցվածքի վերաբերյալ հարցերը քննարկել են ռուսական կողմի հետ, այսինքն՝ ռուսական մոդե՞լն է ներդրվում։

 

Դա ավտորիտար կառավարման մոդել է, որը թե սովետի ժամանակ, թե անկախության ժամանակ դրված է եղել Ռուսաստանի զինված ուժերի կառավարման և պաշտպանության քաղաքականության հիմքում։ Եվ հիմա տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է Ռուսաստանում․ պաշտպանության նախարարը, որպես քաղաքականություն իրականացնող, սկսում է այնպիսի հարցերի մեջ խառնվել, որը ԳՇ պետի իրավասության ներքո է։ ՌԴ ԳՇ պետից որևիցե բառ կամ արձանգանք լսե՞լ եք։ Սա ավտորիտար կառավարման մոդելն է, որը որպես կառավարում՝ արդեն իսկ իր անարդյունավետությունը ցույց էր տվել ոչ միայն նախքան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ այս վերջին ագրեսիան, այլ ընդհանրապես զինված ուժերում կոռուպցիայի, ոչ պատշաճ պառլամենտական վերահսկողության տեսակետից։ Երբ համատեղվում է, կոռուպցիան անխուսափելի է դառնում, և տեսնում ենք դրա հետևանքները։ 140 մլն-ոց պետությունը, որ թմբկահարում էր, թե ինչ-որ ռեսուրսներ է ստեղծել, սովորական մարտական պայմաններում արդյունավետություն չի կարողանում ցույց տալ, որովհետև դա ինստիտուցիոնալ ու համակարգային խնդիր է, որը տարիների ընթացքում հանգեցրել է այդ իրավիճակին։ Սա ավտորիտար կառավարման ոճ է, որի հիմքում, ոչ թե մարդն է, նրա կյանքը՝ հանձինս զինծառայողի, այլ զինծառայողն ընդամենը ռեսուրսներից մեկն է, ինչպես ավտոմատի փամփուշտները։

 

Մենք այդ մոդելը չենք կարող մեզ թույլ տալ, մենք արդեն ունենք առաջարկություններ։ Մենք ունենք փոքր պետության մոտեցումը և մեր պետության 30 տարվա փորձը, դա արդեն բավարար է, որպեսզի մշակենք մեր կոնցեպտը՝ ելնելով մեր աշխարհագրական դիրքից և կառավարման ոճից։ Մենք ժողովրդավարական պետության կոնցեպտի հիման վրա պետք է զարգացնենք մեր զինված ուժերը, և կապ չունի՝ ՆԱՏՕ-ի անդամ ես, թե ոչ։ Չի կարող զինվորական ծառայությունը լինել ավտորիտար, իսկ կառավարումը ժողովրդավարական, կամ հակառակը։

 

lragir.am

views: 55

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color