Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարանի որոշումը նախադեպային նշանակություն ունի․ Հայաստանն ընտրության առաջ

March 20, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Պարոն Սաքունց, Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել։ Սա ի՞նչ է նշանակում։

 

Միջազգային քրեական դատարանը հստակ արձանագրել է, թե ինչ հիմքով է ձերբակալման մասին որոշումը կայացրել։ Սա Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետ է կապված, բայց կոնկրետ նշվում է ուկրաինացի երեխաներին տեղափոխելու, ես կասեի՝ առևանգելու մասին, ինչը ծանր հանցագործությունների թվում է։ Մենք գիտենք, որ Միջազգային քրեական դատարանի դատախազն էլ սկսել է փաստահավաք առաքելություն, փաստերն են հավաքում։ Կարծում եմ, որ Պուտինին այլ մեղադրանքներ էլ կառաջադրվեն, մասնավորապես, Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման հետ կապված։ Բայց կարևոր է արձանագրել, որ հետխորհրդային տարածաշրջանի երկրներում սա առաջին դեպքն է, երբ պետության ղեկավարի նկատմամբ քրեական վարույթ է սկսվել միջազգային ատյանի կողմից։ Սա նախադեպային նշանակություն ունի։ Եվ ըստ էության սա նաև օրինակ է, որ միջազգային ինստիտուտներն ու միջազգային իրավունքն այնուամենայնիվ գործողության մեջ են։ Իհարկե, դրանց որոշումների իրականացումն այլ գործողություններ է ենթադրում, նկատի ունեմ ձերբակալումը, դատարան ներկայացնելը, որպեսզի դատաքննություն իրականացվի, բայց բոլոր դեպքերում սա հստակ իրավական գնահատական է, թե ինչպիսին չպետք է լինեն պետության ղեկավարի գործողությունները։ Սա նաև օրինակ է կոնկրետ Հայաստանի համար, թե ինչպես կարելի է աշխատել միջազգային ինստիտուտների հետ, ինչի արդյունքում կարող ես ունենալ միջազգային ինստիտուտի կողմից միջազգային իրավունքի հիման վրա գնահատականներ, որոնք քո քաղաքացիների, պետության շահերի պաշտպանության ուղղությամբ կարող են լինել շատ օգտակար։

 

Պետք է նաև այս որոշման մյուս կողմը դիտարկել՝ այն անխուսափելիորեն ունի կանխարգելող նշանակություն մյուս հնարավոր նման գործողություններ անող պետությունների ղեկավարների դեպքում։ Խոսքս նույն Իլհամ Ալիևի, Էրդողանի մասին է՝ Սիրիայում և Արցախում գործողությունների հարցում։ Այսինքն՝ սա լավ նախադեպ է։ Ավելին, Հայաստանն արդեն իսկ ունի ՄԱԿ-ի միջազգային դատարանի՝ ընդդեմ Ադրբեջանի որոշումները՝ և խտրականության, և Լաչինի միջանցքի հարցերով, ՀՀ ազգային շահերից է բխում նաև Հռոմի ստատուսի վավերացումը։ Հայաստանի կողմից այդ ստատուսը վավերացնելու դեպքում Հայաստանը նաև կկարողանա անմիջականորեն օգտագործել Միջազգային քրեական դատարանի ռեսուրսներն ու հնարավորությունները։ Իհարկե, այստեղ հարց է առաջ գալիս, որ եթե Հայաստանը վավերացնում է Հռոմի ստատուտը, նաև պարտավորություն է վերցնում Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հարցով։ Չնայած, ես կարծում եմ, որ ստորագրելն արդեն իսկ այդ պարտավորության ստանձնում է։ Դու արդեն քո մոտեցումն այդ ստորագրությամբ ձևակերպել ես, որը քեզ թելադրում է նաև որոշակի գործողություններ կատարել։ Այսինքն՝ այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում՝ ՀՀ իշխանությունները միջազգային ինստիտուտների և իրավունքի հետևողական աջակի՞ցն են լինելու, թե, այնուամենայնիվ, շարունակելու են մնալ պուտինյան ռեժիմի դաշնակից կարգավիճակում․ մի երկրի, որի ղեկավարը կամ պարագլուխը արդեն դիտարկվում է որպես միջազգային հանցագործ։ Ինչպես ասում են՝ եկել է պահը հստակ որոշում կայացնելու։ Սա նաև պատասխան է այն շրջանակներին, որոնք ասում են, որ պետության ղեկավարն ունի անձեռնմխելիություն։ Սա նաև ուղեցույց է Հայաստանի Հանրապետության դատարանների համար, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի համար, նաև փաստաբանների համար, որ չի կարող պետության ղեկավարն ունենալ անձեռնմխելիություն, եթե մարդկության դեմ հանցագործություններ է կատարում։

 

Միջազգային քրեական դատարանի որոշումն իրավական բովանդակություն ունի, բայց դրա կատարումն ակնհայտ քաղաքական կամքով է պայմանավորված, հանձինս այն պետությունների, որոնք հանդես են գալիս որպես միջազգային իրավունքի աջակից։ Նաև սա հնարավորությունների լայն ճանապարհ է Հայաստանի համար՝ դիմագրավելու և պատասխանելու Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմին, համապատասխան քայլեր ձեռնարկելու և միջազգային ռեսուրսներ ներդնելու առումով՝ կանխելու համար  ոտնձգությունները, էթնիկ զտման քաղաքականությունը և ագրեսիան Հայաստանի ուղղությամբ։ Այդ ագրեսիայի կանխման ուղղությամբ դաշնակից համարվող պետությունը որևէ կամք ու ցանկություն չդրսևորեց։ Իրենք իրենց արժեքային համակարգով դա չէին անելու, Ալիևի ռեժիմն ավելի սերտ արժեքային ընդհանրություններ ունի պուտինյան ռեժիմի հետ, դրանք նույնն են իրենց բովանդակությամբ։ Այստեղ նաև հարց է առաջ գալիս՝ Հայաստանի ներկա իշխանությունները գտնո՞ւմ են, որ իրենք պետք է գտնվեն այդ նույն կառույցների մեջ, որոնց արժեքային հիմքը միջազգային իրավունքի և միջազգային ինստիտուտների կազմաքանդումն ու ոչնչացումն է։ Այսինքն՝ այստեղ այնքան ակնհայտ է Հայաստանի ազգային, պետական, քաղաքացու շահը, որ դրա պաշտպանության և դրսևորման միակ տարբերակը հենց այդ միջազգային ինստիտուտների հետ համագործակցությունն է, միջազգային իրավունքի պաշտպանությունը։ Եվ եթե դու չանես այդ քայլը, ապա քո իսկ ազգային, պետական ու քաղաքացու շահերից չի բխելու։

 

Այսինքն՝ եկել է այն փուլը, որ Հայաստանը պետք է քաղաքակրթական ընտրությո՞ւն կատարի։

 

Չի կարող այդ ընտրությունը չկատարել։ Եթե հիմա Հայաստանը չկատարի այդ քայլը, ապա ես հստակ եմ ասում, որ Միջազգային քրեական դատարանին չաջակցելը նշանակում է հանդես գալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական շահի, ՀՀ անվտանգության շահի, Արցախի անվտանգության և գոյատևման շահի։

 

Լրատվամիջոցը՝ lragir.am

views: 50

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color