Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Միջազգային հանրության կողմից Ռուսաստանին պարտության մատնելը զսպում է նաև Թուրքիայի հավակնությունները

April 12, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, անդրադառնալով Փառուխի ու Քարագլուխի դեպքերին, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են, պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները։

 

Պետք է արձանագրենք մի քանի փաստեր։ Չնայած փաստացի պատերազմական գործողություններն ավարտվեցին նոյեմբերի 9-ի այդ եռակողմ հայտարարությամբ, բայց այդ հայտարարությունը չունի որևէ իրական և արդյունավետ մեխանիզմ՝ կանխելու բաժանարար գծի երկայնքով տեղակայված առաջին հերթին բնակիչների կյանքի, անվտանգության, սեփականության իրավունքի նկատմամբ սպառնալիքները։ Չունի նաև հրադադարը պահպանելու մեխանիզմներ։ Կոնկրետ ես եռակողմ այդ հայտարարությունից հետո մեկ հարց հնչեցրեցի՝ իսկ որտե՞ղ մնաց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կար միջազգային մեխանիզմ, որն առաքելություն ուներ խթանելու կամ երաշխավորելու խաղաղ ճանապարհով, առանց ուժի սպառնալիքի կիրառման կոնֆլիկտի լուծման ուղղությամբ բանակցությունները, ուներ հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրելու վստահելի միջազգային մեխանիզմ։ Եվ կարևոր է արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահությունը գործում էր շնորհիվ զինադադարի վերաբերյալ համաձայնագրի՝ կնքված 1994 թվականին երեք կողմերի միջև։ Այս ամբողջ ճարտարապետությունը փոխվեց, և սեղանին դրվեց նոր փաստաթուղթ՝ ի դեմս Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, որտեղ չկար Լեռնային Ղարաբաղը և որում այլևս չկային իմ նշած միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները։ Այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ մինչև հիմա չի լուծվում ռազմագերիների վերադարձի մասին կետը, դա հենց խոսում է այդ հայտարարության կոնտեքստում միջազգային իրավունքի և մեխանիզմների իսպառ բացակայության մասին։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ավելի շատ ադրբեջանական կողմի համաձայնությամբ հայտնվեց Արցախում, որովհետև Հայաստանը տվյալ դեպքում համաձայնություն տալու կամ չտալու իրական հնարավորություն այլևս չուներ, Հայաստանի ստորագրությունը ձևական նշանակություն ուներ։ Ուշագրավ է արձանագրել, որ հենց Վլադիմիր Պուտինը հրապարակավ հայտնեց, որ հայտարարության տեքստն իր ձեռքով է գրել։ Սա այն իրողությունն է, որը պետք է արձանագրենք, որպեսզի կարողանանք ճշգրիտ գնահատել իրավիճակը։ Այս ամենն ասացի՝ ցույց տալու համար, որ, այսպես կոչված, ռուսական խաղաղապահ կոնտինգենտն այնտեղ հայտնվել է Պուտինի և Իլհամ Ալիևի համաձայնությամբ, չունի միջազգային մանդատ։

 

Շատ կարևոր է միջազգային իրավունքի ու ինստիտուտների ներգրավմամբ կամ դրանց սկզբունքների հիման վրա որևէ խաղաղապահ առաքելություն ներգրավելը։ Միջազգային խաղաղապահների մասին տարբեր օրինակներ են բերում, ես կարող եմ բերել այլ օրինակ, նույն Կիպրոսում երկար տարիներ՝ 1972 թվականից հետո գտնվում է միջազգային խաղաղապահ առաքելությունը, որը թույլ չի տալիս կոնֆլիկտի վերսկսում։ Եվրոպական միությունը բաժանարար գծում դիտորդական առաքելություն էր իրականացնում Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ ագրեսիայից հետո։ Սա նշում եմ, որ պարզ լինի՝ նոյեմբերի 9-ի՝ անունով եռակողմ, բայց իրականում երկկողմ հայտարարությամբ միջազգային ներկայությունը դուրս մղվեց Լեռնային Ղարաբաղից։ 1998 թվականից Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո բանակցությունների մասնակից չէր, նոյեմբերի 9-ի այս փաստաթղթով դե յուրե դա ամրագրվեց։ Ավելին, այս իրավիճակում նաև Հայաստանը դե ֆակտո դուրս մղվեց որոշիչ մասնակցություն ունենալու հնարավորությունից։

 

Երբ արդեն անդրադառնում ենք Լավրովի հայտարարությանը, հաշվի առնելով նաև, որ այդ եռակողմ հայտարարության հիման վրա, այսպես կոչված, ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն է ստեղծվել Ակնայում, Լավրովի պնդումները, թե դեռևս հասկանալի չէ, ինչ է տեղի ունեցել Փառուխում և Քարագլխում, մեղմ ասած, տարօրինակ են։ Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը պետք է ունենա բոլոր անհրաժեշտ տեսանկարահանումները։ Երբ Լավրովը նման հայտարարություն է անում, նշանակում է կամ մշտադիտարկման կենտրոնը չի գործում, հակառակ դեպքում ի՞նչ է նշանակում՝ հանգամանքները պարզ չեն, ժամանակակից տեխնոլոգիաների դեպքում շատ հեշտ է արձանագրել ստորաբաժանումների տեղաշարժը։ Կամ կենտրոնի ձեռք բերած տեղեկությունները գաղտնի են պահվում, կամ էլ ունենալով մատչելիություն՝ դիտավորյալ այդ տեղեկությունների հիման վրա չեն ձևավորում իրենց գնահատականները։ Եվ սա ինչի՞ հետևանք է, հենց միջազգային ինստիտուտների մեխանիզմների և միջազգային իրավունքի հիման վրա չստեղծված կառույցների բացակայության։ Երբ այս մեխանիզմները չկան, խոսքը գնում է միջազգային իրավունքի բացառման հիման վրա երկկողմանի համաձայնության մասին, որն ուղղակի հիմք է հանդիսանում իրավիճակին ըստ կողմերի քաղաքական շահերի մոտենալու համար, որտեղ Հայաստանի ու Արցախի շահն ուղղակի գոյություն չունի։ Եվ այս առումով, երբ Լավրովն ասում է, որ իրենք են հանդես գալու երաշխավորը, սա հերթական սուտն է, որովհետև քո ունեցած հնարավորությունները, տեխնիկական միջոցները չեն կիրարկվում քո իսկ հռչակած նպատակների համար։ Այսինքն՝ դու միայն քո քաղաքական շահից ելնելով ես խնդիրներին մոտենում, ոչ ամենևին ԼՂ բնակչության անվտանգության կամ ԼՂ կարգավիճակի։

 

Լավրովն այդ ասուլիսում նաև հայկական կողմին մեղադրեց կարծես։

 

Լավրովն իր այդ ուղերձով ավելի շուտ սպառնում էր հայկական կողմին, որ՝ «եթե դուք խելոք չմնաք, ավելի վատ է լինելու»։ Այսինքն՝ ասում է․ «մի խանգարեք Ռուսաստանին՝ իր շահերը իրականացնելու, ավելին՝ խելոք սպասարկեք Ռուսաստանի շահերը»։ Ղարաբաղյան այս իրադարձությունները չպետք է կտրված դիտարկել այն ընդհանուր կոնտեքստից, որում գտնվում է Ռուսաստանը՝ ի դեմս Ուկրաինայի դեմ այդ խայտառակ ագրեսիայի։ Եվ դա ոչ միայն Ուկրաինայի դեմ է, այլ ընդդեմ միջազգային իրավունքի ու ինստիտուտների է։ Խճանկարը պետք է ամբողջացնենք, որպեսզի գործընթացն ու վարքագիծը տեսնենք ընդհանրության մեջ։

 

Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։

 

Այս առումով մենք ունենք հետևյալ մարտահրավերը՝ մնալ գերի՞ միջազգային իրավունքի և միջազգային ինստիտուտների մեխանիզմների ոտնահարման արդյունքում ստեղծված իրավիճակին, որից տուժում ենք և որը ոչ խաղաղության, ոչ անվտանգության, ոչ էլ իրավունքների պաշտպանության ոչ մի երաշխիք չի տալու, թե՞ փորձել դուրս գալ բռնապետական ռեժիմների պատանդային վիճակից։ Այդպիսիք հանդիսանում են Պուտինի, Իլհամի և Էրդողանի ռեժիմները, մենք տեսնում ենք նաև նրանց վարքագիծը Ուկրաինայի դեմ պատերազմի համատեքստում։ Ուզում եմ մի կարևոր արձանագրում անել․ երբ, այսպես կոչված, որոշ փորձագետներ ելնում են այն բնական թեզից, որ ամեն պետություն իր շահերն է հետապնդում, մի կարևոր հանգամանք մոռացության են տալիս՝ տվյալ պետության շահերը հիմնված են միջազգային իրավունքի, մարդկանց կյանքի անվտանգության նկատմամբ պատասխանատվության արժեքի հիման վրա՞, թե՞ իրենց ռեժիմների շահերի հիման վրա։ Սա էական նշանակություն ունի։ Միջազգային իրավունքի ոտնահարման հիման վրա ձևավորված կամ դրա հիման վրա իրականացվող պետական շահը տոտալիտար ռեժիմի շահեր են։ Եվ Հայաստանը որևէ կերպ չի կարող տեղավորվել նման շահերի թե ենթակայության, թե համաձայնության տիրույթում, որովհետև անխուսափելի պարտվելու է, կորուստներ է ունենալու։

 

Միջազգային մարմիններում Ռուսաստանի հարցով ձեռնպահ քվեարկելը և այլն, կարևոր արձանագրում են, բայց բավարար չեն։ Երբ դու, լինելով պատերազմական հանցագործի պատանդի վիճակում, փոքր ինչ ընդվզում ես՝ քայլեր չանելով դուրս գալու համար այդ պատանդառությունից, դա չի կարող համարվել այն դիրքորոշումը, որի հիման վրա կարող ես կառուցել քո անվտանգությունը, քո զարգացումը։ ՀՀ իշխանությունը պետք է շատ հետևողական, արդյունավետ ջանքեր գործադրի՝ անվտանգային մեր ճարտարապետությունը փոխելու, դուրս բերելու արդեն իսկ դառը պատմությամբ սնանկացված անվտանգային համակարգից։ Սրանք ուղղակի բառեր չեն, սրանք իրականությունը վերարտադրող բառեր են, և հիմա այդ իրականությունը փոխելու ջանքերի մասին է խոսքը։ Հայաստանին ավելի շատ դիտարկում են Ռուսաստանի շահերը սպասարկողի դիրքում, և դու պետք է փոխես քո դիրքը, որպեսզի այդ սպասարկողի կարգավիճակից դուրս գաս ու վերածվես սուբյեկտի։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին դուրս վռնդելու քվեարկությունից խայտառակ փախուստը չի կարող ընկալվել դիրքորոշման փոփոխությանն ուղղված գործողություն։ Ադրբեջանը նույնպես փախչում էր այդ քվեարկությունից, որովհետև երկխոսություն ունի Ռուսաստանի հետ, կապակցված են ընդհանուր խնդիրները լուծելու բանակցություններով, բայց դու ընդհանրապես այդտեղ չկաս, քո փախչելն ուրիշ իմաստ է ստանում։ Եթե ձեռնպահ քվեարկությունն ինչ-որ կերպ ընկալվում էր, ապա ընդհանրապես քվեարկությանը չմասնակցելը չի ընկալվում որպես միջազգային սուբյեկտ ձևավորվելուն ուղղված գործողություն։

 

Ունենալով հետևյալ ելակետային տվյալները, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել, ունենալով համանախագահ պետությունների, տվյալ դեպքում նաև ԱՄՆ հստակ աջակցությունը, քեզ տրված է ինչ-որ հարթակ, որի վրա կարող ես քայլեր կատարել։ Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը քաղաքակիրթ աշխարհի հանդեպ նրա պարտությունն է, և Հայաստանը չի կարող պարտվածի պատանդը լինել, դա խայտառակություն է։ Ռուսաստանն այլևս այն ուժն ու հզորությունը չունի, որ շարունակի քո վրա ճնշում գործադրել։ Ավելին, միջազգային հանրության կողմից Ռուսաստանին պարտության մատնելը զսպում է նաև Թուրքիայի հավակնությունները, որովհետև Էրդողանն ու Ալիևն այնքանով կան, որքանով Պուտինի հետ համագործակցում են։ Մնում է, որ դու ուղղակի դուռը հրես ու դուրս գաս այդ պատանդառությունից, ոչ թե նստես ու սպասես, որ ձեռքիցդ բռնեն ու վանդակից դուրս հանեն։ Եվ այստեղ պետք է զինված ուժերի բարեփոխում իրականացնել՝ ոչ ռուսական պարտված, սնանկ մոդելի շրջանակներում, էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիա իրականացնել, հատկապես որ Եվրամիությունը պատրաստ է այդ ոլորտում աջակցելու։ Ի վերջո, պետք է հստակ հասկանալ, որ ԵԱՏՄ-ն փակ շուկա է, նույն պետական ու անվտանգային մարտահրավերներից ելնելով՝ Հայաստանը չի կարող գոյատևել ԵԱՏՄ համակենտրոնացման ճամբարում։ ԵԱՏՄ առանցքային ու բազային պետություն հանդիսացող Ռուսաստանը, գտնվելով պատժամիջոցների տակ, այլևս չի կարող մատակարար հանդիսանալ։ Էլ չեմ խոսում ՀԱՊԿ մասին, որը դե ֆակտո չկա։ Ռուսական կողմը ՀԱՊԿ պայմանագրից ելնելով՝ կփորձի մեր օձիքից բռնել ու ներքաշել ինչ-որ ավանտյուրաների մեջ։ Հայտնվել միջազգային իրավունքի և ինստիտուտների հիման վրա կառուցված անվտանգային, տնտեսական, քաղաքական համակարգերում, սա է ՀՀ ապագան, սա է ԼՂ բնակչության անվտանգության ու զարգացման ապագան։ Ուզում եմ ընդգծել նաև, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է շատ հետևողական լինեն՝ պատերազմական հանցագործությունների փաստով նույն միջազգային կառույցների ներգրավմամբ քննություն իրականացնելու և պատերազմական հանցագործութուններ կատարածներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

lragir.am

views: 32

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color