Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Թիվ մեկ քրեական գործը Քոչարյանի նկատմամբ պետք է լիներ մարդկանց ունեզրկման գործը

July 26, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Երևանում սեփականության իրավունքի զանգվածային խախտումների հիմքով պետք է քրեական գործ հարուցվի: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՄԻԵԴ վճռին, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը պարտավորվում է Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ Յուրի Վարդանյանին 1.6 մլն եվրո փոխհատուցել:

 

«Առաջին հայացքից աչքի է ընկնում գումարի չափը: Եվ կարծես թե բոլորը մտահոգված են պետական բյուջեից քաղաքացու իրավունքների խախտման փաստի հիման վրա վճարվելիք գումարի չափից: Բայց, ցավոք սրտի, առաջնային տեղում չէ այն մեխանիզմն ու համակարգը, որի հետևանքով մարդու սեփականության իրավունքը Երևանի կենտրոնում խախտվել է»,- ասում է Սաքունցը:

 

Իրավապաշտպանը հիշեցնում է, որ սա սեփականության իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ առաջին վճիռը չէ: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք հանրային գերակա շահի անվան տակ մարդկանց սեփականազրկման դեպքերով այլ վճիռներ էլ կան Եվրոպական դատարանի կողմից:

 

«Այսինքն՝ խոսքը գնում է համակարգային խախտումների մասին, որը ևս մեկ վկայություն է պետության զավթման մասին, երբ, այսպես կոչված, իրավական նորմերով, հանձինս դատարանների որոշումների և վճիռների, անպատժելիորեն խախտվում էին մարդու իրավունքները՝ հանուն ինչ-որ խմբի բիզնես շահերի: Եվ այս հանրային գերակա շահի հիմնավորմամբ մարդկանց սեփականազրկման ամբողջ պրոցեսները, իմ համոզմամբ, պետք է դառնան քրեական գործի հարուցման հիմքեր»,- ասաց Սաքունցը:

 

Իրավապաշտպանի խոսքով՝ այդ քրեական գործերում մարդու իրավունքների զանգվածային խախտման տրամաբանության շրջանակներում պետք է ներգրավված լինեն թե դատավորները, թե այն ժամանակավա կառավարության անդամները և թե հենց Ռոբերտ Քոչարյանը, ով ուղղակի մասնակցություն է ունեցել այդ դեպքերին: «Հիշենք նաև այն ժամանակ իր կողմից նշանակված Օմբուդսմենի զեկույցը, որից հետո Ռոբերտ Քոչարյանի այդ հոգեխանգարված վերաբերմունքը վկայում էր, որ ինքն անմիջական շահագրգռվածություն ուներ այդ սեփականազրկման գործընթացում»,- նշեց նա:

 

Անդրադառնալով այս գործընթացում կաշառքի դեպքերի վերաբերյալ բացահայտումներին, որոնք դեռևս տարիներ առաջ էին եղել, Սաքունցն ասաց, որ հենց այդ բացահայտումներն ի սկզբանե պետք է քննության թեմա լինեին:

 

«Ժամանակին, երբ  այդ ամենի մասին բարձրաձայնվում էր, ներկայացվում էին տվյալներ ու փաստեր, թիվ մեկ քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պետք է լիներ մարդկանց սեփականության իրավունքի խախտման հիմքով քրեական գործը: Դա ծավալուն իրավական գնահատական կլիներ»,- ասաց նա: Եվ, ըստ իրավապաշտպանի, Ռոբերտ Քոչարյանն ու նրա այսօրվա պաշտպաններն այսօր արդեն չէին կարող բացարձակապես որևէ հակափաստարկ ներկայացնել:

 

Ինչ վերաբերում է բարձրացվող հարցին, թե պե՞տք է արդյոք նախկին պաշտոնյաները կամ դատավորները, որոնց վճիռների հետևանքով տուժում է պետական բյուջեն, իրենք վերադարձնեն այդ գումարները, Սաքունցն ասում է.

 

«Երբ մենք խոսում էինք Անցումային արդարադատության մասին և շարունակում ենք պնդել, որ այն պետք է իրականացվի, դրա բուն էությունը նախկին ավտորիտար կառավարությունների օրոք մարդու իրավունքների կոպիտ, այդ թվում՝ սեփականության իրավունքի խախտումներից տուժածների իրավունքի վերականգնման հարցն էր: Այսինքն՝ չսպասել Եվրոպական դատարանին, որովհետև ոչ բոլորն են դիմել Եվրոպական դատարան: Նախքան ՄԻԵԴ դիմելը մարդիկ պետք է անցնեին ՀՀ դատական ատյաններով, բայց շատերը նույնիսկ չեն վստահել ու հնարավորություն չեն ունեցել բողոքարկելու որոշումները: Առավել ևս, երբ հետապնդումներ էին իրականացվում սեփականության իրավունքից զրկվածների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների նկատմամբ, այդ մթնոլորտում շատերը նույնիսկ չեն դիմել դատարան: Եվ Անցումային արդարադատության շրջանակներում պետք է այս փաստերը հավաքվեին, ճշմարտության հանձնաժողովների միջոցով փաստագրվեին, և պետությունն անպայման պետք է փոխհատուցեր տուժածներին»:

 

Երկրորդ հարցը, որն Անցումային արդարադատության հայեցակարգի շրջանակներում պետք է դրվեր, դա, ըստ Սաքունցի, հետևյալն է՝ ֆինանսական պահանջներ պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց գործողությունների հետևանքով մարդկանց իրավունքները խախտվել են: Այսինքն՝ պետք էր մտածել՝ ինչ իրավական մեխանիզմ պետք է ձևավորվեր՝ սա ապահովելու համար:

 

«Այսինքն՝ նկատի ունեմ, որ ոչ թե մասնավոր դեպքերում պետք է փորձել խնդիրը լուծել, այլ պետք է համակարգային լուծում տրվեր, որի դեպքում արդեն կոնկրետ այս վճռի հետ կապված հարցադրումները կունենային համակարգային ու օրենքով սահմանված լուծումներ: Երբ որ չկա այդ համակարգային մոտեցումը, նկատի ունեմ՝ Անցումային արդարադատության տրամաբանության շրջանակում մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժածների փոխհատուցման պահանջը պաշտոնատար այն անձանցից, որոնց գործողությունների հետևանքով իրավունքների խախտումները տեղի են ունեցել, ապա առանձին դեպքերի վերաբերյալ լուծման փորձը թողնում է ընտրողական մոտեցման տպավորություն: Դա նման տպավորություն է թողնում հատկապես եթե պայմանավորված է լինում գումարի մեծությամբ»,- նշեց նա:

 

Նոր իշխանությունն, ըստ նրա, պետք է ի վերջո հասկանա, որ համակարգային լուծումներն են երաշխիքը, որպեսզի իր կողմից առանձին դեպքերի վերաբերյալ իրականացված գործողությունները, որոնք շատ հիմնավոր են, բայցևայնպես չընկալվեն որպես ընտրողական մոտեցում:

 

«Հանրային վստահության մթնոլորտը առավել քան անհրաժեշտ է համակարգային լուծումներ գտնելու և ընդհանրապես պետության զավթման ողջ այդ մեխանիզմը ապամոնտաժելու և օրենքով ու Սահմանադրությամբ մարդու իրավունքների անդառնալի երաշխիքներն ապահովելու տեսակետից»,- հավելեց իրավապաշտպանը:

 

lragir.am

views: 1018

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color