Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Լյուստրացիա պետք է լինի, որովհետև պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան

May 28, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պետք է անել ամեն ինչ, դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, որ հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, և թող պաշտոնատար անձինք ասեն, թե որտեղից իրենց այդ ունեցվածքը։ Նա նաև հավելել է, որ վեթինգը ոչ միայն դատավորներին, այլև առհասարակ բոլոր պաշտոնյաներին պետք է վերաբերվի։ Ըստ էության, իշխանությունը լյուստրացիայի՞ է գնում։

 

Լյուստրացիան բոլորովին այլ հասկացություն է, որովհետև լյուստրացիան, ինչպես օրինակ Գերմանիայում, շատ կոշտ գործիքներ էր ենթադրում այն մարդկանց նկատմամբ, որոնք զբաղվել էին կամ հանդիսացել էին կոմունիստական իշխանության անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Նրանք ընդհանրապես իրավունք չունեին նոր Գերմանիայում պետական պաշտոն զբաղեցնելու։ Մեր պարագայում վեթինգի արդյունքում պետական ապարատից պետք է հեռացվեն մարդիկ, որոնք չեն համապատասխանի որոշ չափանիշների. այդ չափանիշներից առաջինն այն է, որ կոռուպցիայի մեջ ներգրավված չպետք է լինեն, նաև կարող են հեռացվել ունեցվածքի և եկամուտի միջև անհամապատասխանության հիման վրա, երկրորդը, երբ իրենք ներգրավված են եղել ապօրինի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, և երրորդ, երբ մասնագիտական կարողություններ չունեն։ Դա, իհարկե, պետք է վերաբերվի ոչ միայն դատարաններին, այլ ամբողջ իրավապահ համակարգին՝ ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, դատախազություն։

 

Իսկ լյուստրացիան ենթադրում է նաև օտարերկրյա գործակալներին։ Դա մի քիչ դժվար պրոցես է, որովհետև նրանց վերաբերյալ տվյալները դժվար թե ամբողջությամբ լինեն մեր անվտանգության ինստիտուտների ձեռքին։ Բոլոր դեպքերում, դա պետք է լինի, որովհետև պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Ընդ որում, դա չպետք է լինի մեկանգամյա ակցիա, այլ որպես գործունեության սկզբունք։

 

Միաժամանակ ուզում եմ արձանագրել, որ վեթինգը խիստ ժամանակավոր, միայն կարճաժամկետ նշանակություն ունեցող գործիք է։ Այն երկարաժամկետ արդյունք չի ունենա, եթե պետական ինստիտուտների գործունեությունը և նրանց ինստիտուցիոնալ վիճակը  չփոխվի։ Նկատի ունեմ, որ եթե վեթինգին զուգահեռ չստեղծվեն այն մեխանիզմները, որոնցով ձևավորվում են այդ պետական մարմինները, և չփոխվի այն օրենսդրությունը, որը կարգավորում է նրանց գործունեությունը, ոչ մի երաշխիք չկա, որ վեթինգի արդյունքում կադրային բանկի թարմացումից հետո չենք ունենան նույն խնդիրները, որոնք ունենք հիմա։ Պետք է ինստիտուցիոնալ բավական լուրջ փոփոխություններ կատարվեն, որ նոր մարդիկ չգտնվեն այն մեխանիզմի և օրենսդրական կարգավորումների շրջանակներում, որը ըստ էության որոշիչ է դառնում, և անհատը իր կամային հատկություններով շատ հաճախ չի կարող շատ բաներ փոխել։ Պետք է փոխվեն պայմանները, որոնցով նա աշխատում է։

 

Ձեր կարծիքով, դատական համակարգի առողջացումը որքանո՞վ հնարավոր կլինի։ Քոչարյանի գործը ցույց տվեց, որ լրջագույն խնդիրներ կան, միաժամանակ տեսանք ԲԴԽ նախագահի հրաժարականը։ Վեթինգը որքանո՞վ է հանգեցնելու համակարգային լուծումների։

 

Վեթինգը համակարգային փոփոխությունների չի կարող բերել, որովհետև համակարգերի ձևավորման, դրանց գործունեությունը կարգավորող, ինստիտուցիոնալ տեղը որոշող օրենսդրությունը և սահմանադրական նորմերը մնալու են նույնը։ Երբ խոսում ենք համակարգային փոփոխությունների մասին, մենք չենք խոսում անձերի մասին, այլ համակարգերի ձևավորման, գործունեության վերաբերյալ օրենսդրության փոփոխության մասին։ Եթե այդ օրենսդրությունը մնալու է նույնը, բնականաբար, համակարգային փոփոխության մասին խոսելն ավելորդ է։ Մենք ընդամենը կարող ենք խոսել նույն համակարգերում մարդկային ռեսուրսի փոփոխության մասին։ Դա ևս շատ կարևոր է, բայց երկարաժամկետ առումով չի կարող մեր ակնկալիքները բավարարել։ Մասնավորապես, օրինակ, այսօր վերաքննիչ, Վճռաբեկ դատարանների նախագահները ընտրվում են ԱԺ որակյալ մեծամասնության կողմից։ Եթե որակյալ մեծամասնությունը մեկ կուսակցության ձեռքին է, ապա դուրս է գալիս, որ դատական իշխանության ձևավորումը գտնվում է մեկ կուսակցության ձեռքին։ Այսինքն` դատական իշխանության քաղաքական կախվածությունը չի վերանում։ Եթե նույնիսկ նոր դատավորն իրեն անկախ է զգում, քանի որ կոռումպացված չէ, մասնագիտական որակներով համապատասխանում է և այլն, այդուհանդերձ, նա ընտրվում է մի քաղաքական ուժի կողմից։ Այսինքն, մենք համակարգի գործունեության համար առկա ռիսկերը պետք է վերացնենք։ Դրա համար եմ ասում, որ պետք է վերացնել դատական համակարգի ձևավորման օրենսդրական, սահմանադրական մեխանիզմը։

 

Եթե ԱԺ-ում կա որակյալ մեծամասնություն, ապա պետք է գործի մեխանիզմ, որ ընդդիմությունը ևս որոշիչ մասնակցություն ունենա դատարանների նախագահների ընտրության հարցում։ Կամ պետք է լինի այնպես, որ դատարանների նախագահները այսօր գործող մեխանիզմով չձևավորվեն, այլ ինքնակառավարման մեխանիզմով։ Օրինակ, դատարաններն իրենք իրենց նախագահների թեկնածուներ ընտրեն ու առաջադրեն, իսկ նշանակումը լինի ֆորմալ։ Այսինքն` լինեն մասնագիտական հանձնաժողովներ, որոնք դատավորների ընտրություն կկատարեն, նրանց պիտանելիության ցուցակը կհաստատեն և ամեն ազատված տեղի համար կկատարեն ընտրություն, որ այս թեկնածուներին են առաջադրում։ Իսկ ՀՀ նախագահի կողմից նշանակումը կունենա միայն ձևական բնույթ։ Դա կարող է լինել բավական լուրջ փոփոխություն։ Իսկ այն մեխանիզմները, որոնք հիմա գոյություն ունեն դատարանների ձևավորման, դատավորների նշանակման հարցում, ձևավորվել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք և նպատակ են ունեցել մեկ կուսակցության շահերը սպասարկելու։ Եթե դա մնում է, այո, փոխվել է իշխանության բովանդակությունը, բայց մեխանիզմը նույնն է, որից պետք է հրաժարվել։

 

ԱԺ-ում ձևավորվում են երկու քննիչ հանձնաժողովներ, որոնցից մեկը պետք է քննի քառօրյա պատերազմի հանգամանքները։ Ձեր կարծիքով, դա ԱԺ գո՞րծն է, թե՞ դրանով պետք է զբաղվեին իրավապահները։

 

Ընդհանրապես նման համակարգային նշանակության հարցերի վերաբերյալ, բնականաբար, ԱԺ-ն պետք է քննություն իրականացնի։ Ես նկատի ունեմ լսումներ, փաստերի հավաքագրում։ Մենք ունեցել ենք «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի փորձը, երբ այն քննություն է իրականացրել, քանի որ այդտեղ կան քաղաքական պատասխանատվության հարցեր։ Կամ կարող է լինել պաշտոնատար անձ, որի գործողությունները կարևոր նշանակություն ունեն պետության շահի տեսակետից և, բնականաբար, դրանց վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ձևավորումը առավել քան անհրաժեշտ է։ Դա չի նշանակում, որ իրավապահ համակարգը չպետք է գործի։ Ընդհակառակը, ԱԺ հանձնաժողովը քաղաքական գնահատականն է տալիս, քաղաքական վերլուծություն է կատարում, այն իրավական, քննչական գործողություններին չի խոչընդոտում, ընդհակառակը, կարող է մեծ չափով աջակցել։ Ինչպես, օրինակ, Փաստահավաք խմբի զեկույցները մեծ չափով նպաստեցին, օգնեցին նախաքննության մարմնի ձեռք բերած փաստական հանգամանքներին։ Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմի կամ, օրինակ, Ամուլսարի հարցով, կամ կոռուպցիոն բնույթի այնպիսի հանցագործության, որը պետության անվտանգության կամ պետության շահերի հետ կապված լուրջ հարցերին է առնչվում, որոնց դեպքում ԱԺ քննիչ հանձնաժողովի իմաստը ամբողջ ճշմարտությունը բացահայտելն է լինելու։ Այդ հանձնաժողովների ստեղծումը խորհրդարանում քաղաքական մոտիվացիաները, մեխանիզմները, անձնային կամ խմբակային շահերի դրդապատճառները բացահայտելուն է ուղղված։ Իմաստ ունի նաև գնահատելու դրանց քաղաքական հետևանքները, իսկ իրավապահ մարմինը չի կարող նման գնահատականներ տալ։ Իրավապահ մարմինը միայն քրեական հետապնդելի գործողությունների հետևանքով պատասխանատվության հիմքերն է նայում և իրավական գնահատական է տալիս։

 

Պետք է տարանջատել իրավական և քաղաքական գնահատականները։ Կարող է լինել քաղաքական գնահատական, որը չունենա իրավական հետևանք։ ԱԺ-ն կառավարման մեխանիզմներն է ուսումնասիրում, քննության առարկա դարձնում և դրանց հիման վրա առաջարկներ մշակում, թե ինչպես նվազեցնել ռիսկերը։ Դա չի կարող անել քննչական մարմինը։ Նույն ապրիլյան պատերազմն առնչվում է պաշտպանության նախարարությանը, գլխավոր շտաբին, հակահետախուզությանը, ԱԱԾ-ին, դրանց ղեկավարների գործողություններին։ Միայն ԱԺ-ն կարող է այդ պետական ինստիտուտների, դրանց ղեկավարների գործելակերպը, վարքագիծը, մոտեցումները բացահայտել, գնահատել և համապատասխան առաջարկներ մշակել ու լուծման ուղիներ ներկայացնել:

 

views: 1131

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color