Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Մարտի մեկի քրեական գործի մեթոդն ի սկզբանե սխալ էր դրված, որն ուղղվեց

April 29, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված հատվածի դատաքննության անկյունաքարային ու հիմնական մոտեցումը պետք է լինի հրապարակայնություն ու թափանցիկություն ապահովելը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Նշենք, որ Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործն արդեն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

«Մարտի մեկի, ինչպես նաև այն քրեական գործերով, որոնցում որպես մեղադրյալ ներգրավված են նախկին կամ ներկա իշխանության ներկայացուցիչները, այդ բոլոր գործերով պետք է ապահովվի բացառիկ թափանցիկ դատավարություն, առանց որի հանրային որևէ վստահություն չի կարող լինել թե դատաքննության ընթացքի և թե դատարանի կողմից ընդունվելիք վճիռների նկատմամբ: Դա պետք է անել՝ հաշվի առնելով ՀՀ-ում առկա իրավիճակը, ինչն ամենայն հավանականութամբ երկար կտևի, մինչև քաղաքական համակարգերն իրենց բնականոն վիճակին վերադառնան, մինչև իշխանության տարանջատման ու փոխզսպման սկզբունքը լիարժեք ապահովված կլինի, այսինքն՝ երբ դատական իշխանության անկախության և ինքնակառավարման ինստիտուտները լիարժեք ձևավորված կլինեն”,- ասաց իրավապաշտպանը:

 

Այս գործի դատավարության փուլում, ըստ Սաքունցի, չպետք է տեխնիկական որևէ խոչընդոտ լինի: «Պետք է լինեն համապատասխան դահլիճ, համապատասխան պայմաններ: Չպետք է հղում կատարվի դատարանի դահլիճի սահմանափակ տարածքին, լրագրողների մուտքը չպետք է սահմանափակվի: Առանց այս մատչելիության ես չեմ կարծում, թե կարող է ապահովվել վստահություն դատաքննության և դատարանի որոշումների նկատմամբ»,- ասաց նա:

 

Իրավապաշտպանի խոսքով՝ կասկած կա, թե արդյոք Հայաստանի դատական համակարգը պատրաստ է նման ծավալի գործերի անաչառ քննությանը: Հետևաբար, նման իրավիճակներում միակ երաշխիքը հանդիսանում է թափանցիկ դատավարությունը:

 

«Այն, որ քաղաքական իշխանության կողմից դատարանների նկատմամբ չի լինելու թելադրանք, դա պարզ է, բայց ներքին այն հնարավոր զսպող գործոնները, որոնք տարիներ շարունակ ձևավորվել են դատական իշխանության ներսում, դրանց կանխման միակ տարբերակը թափանցիկությունն է»,- ասաց նա:

 

Շատ կարևոր է նաև այս գործով փաստաբանների անխափան աշխատանքի ապահովումը, որովհետև ոչ թե սովորական քրեական գործ է քննվելու, այլ այդ կարգի դատաքննություններով, ըստ իրավապաշտպանի, պետք է ի վերջո բացահայտվեն նախկին իշխանական անպատժելիության մեխանիզմները:

 

«Շատ կարևոր է բացահայտել, ամրագրել, ցույց տալ այդ մեխանիզմները, որովհետև շատ հանցագործությունների մասին մենք ունենք ընդամենը ենթադրություններ ու վարկածներ, բայց ոչ հիմնավորված պատկեր: Շատ կարևոր է, որ այդ պատկերը հանրության համար պարզ լինի: Եվ այդ պարագայում չեմ կարծում, որ որևէ դատավոր կհամարձակվի չապահովել արդար դատաքննություն: Իսկ եթե որևէ դատավոր կասկածում է իր ունակությունների ու կարողությունների վրա, ապա լավ կլինի ի սկզբանե հրաժարվի այդ գործից», նշեց նա:

 

Արթուր Սաքունցն անդրադրադարձավ նաև Մարտի մեկի գործով 10 սպանությունների բացահայտման վերաբերյալ հարցին: Պաշտոնյաների մասով գործի նախաքննությունն ավարտված է, սակայն սպանությունների բացահայտման ուղղությամբ դեռևս չկա առաջընթաց:

 

«Սպանություններն, իհարկե, մնում են օրակարգում, բայց Մարտի մեկի քրեական գործի մեթոդն ի սկզբանե սխալ էր դրված, որն ուղղվեց: Սպանությունները, որքան էլ ցավալի ու ողբերգական են, դրանք հետևանք էին այն ապօրինության, որը կատարվեց զինված ուժերի միջոցով ու բռնությամբ: Այստեղ կա նաև ոստիկանության կողմից ապօրինությունների կիրառման հարցը: Մարտի մեկին առնչվող ՄԻԵԴ վճիռները հենց դրա մասին են վկայում: Այսինքն՝ իշխանությունը կազմակերպված ապօրինություն է  թույլ տվել՝ ներգրավելով ոչ միայն զինված ուժերին, այլ նաև ոստիկանությանը, պետական ապարատին»,- ասաց նա:

 

Հետևաբար, ըստ իրավապաշտպանի, ի սկզբանե պետք է գնահատական տրվի իշխանության ապօրինություններին, որոնց հետևանքով ստեղծվել են այնպիսի իրավիճակներ, որ մարդիկ են զոհվել: Եվ, ըստ Սաքունցի, առանց մեթոդական այս մոտեցման, սպանությունները կատարողներին բացահայտելու հավանականությունը քիչ կլինի:

 

“Ես բազմիցս անդրադարձել եմ այս հարցին, վերստին անդրադառնում եմ, որ թե ՀՔԾ-ն, թե Գլխավոր դատախազությունը, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, ինձ համար հայտնի չէ, թե ինչ ջանքեր են գործադրում, որպեսզի Մարտի մեկի, ինչպես նաև նախորդ իշխանության կողմից կազմակերպված լայնածավալ ապօրինությունների վերաբերյալ մարդիկ վկայություններ տան: Այսինքն՝ վկայություններ, հաղորդումներ տալու, բարձրաձայնելու մթնոլորտը ես չեմ տեսնում”,- ասաց նա:

 

Այն, որ հասարակության մեջ մշտապես եղել է պահանջ, որ այդ հանցագործությունները պետք է բացահայտվեն, ըստ իրավապաշտպանի, միանշանակ է: Բայց այն, որ հասարակությանն ակտիվորեն ներգրավեն այդ հանցագործությունների բացահայտման համար, տեսանելի չէ:

 

«Վերջին հաշվով, կոռուպցիոն հանցագործություններին կամ Մարտի մեկի գործին ներգրավված են եղել ոչ միայն առանձին անհատներ, այլ նաև հանրությունը՝ զինծայառողներ, անհատներ: Եվ այս մթնոլորտի մասին  է խոսքը, որ իրենց վկայություններով աջակցեն ու նպաստեն այդ հանցագործությունների ողջ պատկերի բացահայտմանը: Ես այստեղ եմ հապաղում տեսնում: Պետք է նաև վստահություն ձևավորեն, որ որևէ մեկը հետապնդման չի ենթարկվի հնարավոր կասկածյալների կամ հանցագործների կողմից: Շատ կարևոր է այս մթնոլորտի ձևավորումը, որը դեռևս առկա չէ»,- ասաց նա:

lragir.am

views: 754

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color