Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պետությունը զավթողների տակտիկան եւ իրավիճակային քայլերի փակուղին

December 30, 2019

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Lragir.am-ի հարցերին պատասխանել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացմումներն ինչպե՞ս եք գնահատում։ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց, մասնագետներից ոմանք պնդում են, որ նա անձեռնմխելի է, որ այս գործընթացները քաղաքական են և որևէ աղերս չունեն իրավունքի հետ։

 

Հրայր Թովմասյանի հարցաքննության ու նրան առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Գլխավոր դատախազությունը պարզաբանում տվեց։ Մենք էլ ուսումնասիրեցինք Սահմանադրության նորմերը՝ թե 2005 և թե 2015 թվականի։ Հստակ է մի բան, որ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ դատավորի նկատմամբ իրականացված գործողությունները լիովին համապատասխանում են թե 2005, թե 2015 թվականին իր անմիջական մասնակցությամբ գրված Սահմանադրության պահանջներին։ Այսինքն՝ այստեղ իրավական ընթացակարգերի հետ կապված որևիցե խնդիր չկա։

 

Երկրորդ, կուզեի անդրադառնալ այս գործողությունների հետ կապված տարբեր գնահատականներին և հատկապես այն բնույթի գնահատականներին, որոնք հերթական անգամ փորձում են հղում կատարել անձեռնմխելիության ինստիտուտին և դրանով պայմանավորված՝ որակում են, որ իրավական գործընթացներն ապօրինի են։ Սա շատ ուշագրավ խոստովանություն է հատկապես նախորդ՝ պետությունը բռնազավթած խմբավորման կարկառուն ներկայացուցիչների կողմից, առ այն, որ, այո, իրավական համակարգը փորձել են ձևավորել ոչ թե ժողովրդավարական ու իրավական պետության սկզբունքներին համապատասխան, այլ իշխանություն ունեցողների անձռնմխմելիության ապահովման տրամաբանությամբ, որը խորքային և բովանդակային հակասության մեջ է մտնում «օրենքի առաջ բոլորի հավասար պատասխանատվության» սկզբունքի հետ։ Եվ դա ամբողջությամբ բխում է պետությունը բռնազավթողների այն տրամաբանությունից, որ իրենք անպատժելի են և անպատժելի մնալու են երկար-երկար տարիներ, ինչը փաստորեն կանխվեց թավշյա հեղափոխությամբ։

 

Բացի իրավականից, կա նաև խնդրի բովանդակային մոտեցման անհրաժեշտությունը։ Եվ ամեն անգամ մենք առնչվում ենք այդ բովանդակային մոտեցումների արմատական հակասությանը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Առաջինը, որ ակնհայտորեն փորձ է արվում անտեսել թավշյա հեղափոխության փաստը, փորձ է արվում անտեսել թավշյա հեղափոխությանը հանգեցրած հիմնական պատճառը՝ սոցիալական արդարության բացակայությունը։ Ինչո՞ւ, որովհետև եթե այդ սկզբունքն անտեսվում է, ապա, ըստ այդ թեզով ղեկավարվողների տրամաբանության, գործ ենք ունենում զուտ սովորական իշխանափոխության հետ։ Այսինքն՝ այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանին փոխարինեց Սերժ Սարգսյանը, ներկայացվում է, որ Սերժ Սարգսյանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ իրենց հարմար է, իրենց շահերից է բխում նման սկզբունքներով մոտենալ իրադարձություններին։ Ինչո՞ւ, որովհետև միայն նման պարագայում իրենք կարող են հարցեր բարձրացնել։ Նրանք համառորեն չեն առերեսվում այն հանգամանքի հետ, որ պետությունը զավթված է եղել մի խումբ մարդկանց կողմից և որ այդ պետության զավթումն իրականացնելուն մասնակից են եղել պետական ինստիտուտները՝ հանձինս Սահմանադրական դատարանի, դատարանների, իրավապահ համակարգի, քրեական օլիգարխների, որոնց միջոցով մի խումբ մարդիկ ՀՀ քաղաքացիներից զավթել են երկրի ամբողջ ռեսուրսները, տնտեսությունը։ Համառորեն սա չեն ընդունում, որովհետև դա հանցագործություն է իր ամբողջ բովանդակությամբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Եվ երբ այս կոնտեքստը մոռացության է տրվում և փորձ է արվում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ավելի ճիշտ՝ ժողովրդի կողմից ազատ ու արդար ընտրությամբ ձևավորված իշխանությունը նույնականացնել պետությունը զավթածների իշխանության հետ, սրա նպատակը մեկն է, որ գոյություն ունեցող ինստիտուներին, որոնք դեռևս մնացել են որպես պետության զավթմանը և մասնակիցներ, և իրականացնողներ, և ապահովողներ, գնահատականներ տալ անձեռնմխելիության, անփոփոխելիության տրամաբանությամբ։ Սա է հիմնական այն ջրբաժանը, որը պետք է մենք հասկանանք և տուրք չտանք մակերեսային մոտեցումներին, որովհետև իրավունքը կամ իրավական նորմը ոչ միայն ունի զուտ ձևական նշանակություն, այլ նաև բովանդակային։

 

Խոսել քաղաքական հետապնդման մասին մարդկանց վերաբերյալ, ովքեր համակարգային կոռուպցիոն կառավարման ոչ միայն կրողներն են եղել, այլ նաև անմիջական իրականացնողներ և միայն այդ համակարգային կոռուպցիոն կառավարման սկզբունքների հիման վրա են ունեցել վստահությունը, առանց որի չէին առաջադրվի նման պաշտոնների, անհեթեթություն է ժողովրդավարական ու իրավական պետության վերականգնման տեսակետից։

 

Դատաիրավական համակարգի փոփոխություններն արդյոք ուշանո՞ւմ են, սա դրա հետևա՞նք է։

 

Երբ մենք շարունակում ենք պնդել, որ պետք է արմատական փոփոխության ենթարկել դատաիրավական համակարգը, իմաստը և նպատակը հետևյալն է՝ պետության զավթման վիճակում և տրամաբանությամբ գործած կառույցներն ազատագրել պետության զավթման այդ ծանր բեռից և համապատասխանեցնել ժողովրդավարական ու իրավական պետության պահանջներին։ Երբ իշխանությունը համակարգային լուծումներ չի գտնում, ապա իրապես հատային այդպիսի լուծումները խոցելի են մեթոդոլոգիայի տեսակետից։

 

Այսինքն՝ պետք է ոչ թե միայն ՍԴ վերաբերյալ լինեն գործողություններ, այլ համակարգայի՞ն։

 

Այո, այսինքն՝ դու պետք է ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորի խնդիր լուծես, որը պետք է լուծել, այլ լուծման ճանապարհը Սահմանադրական դատարանի՝ որպես ինստիտուտի կարգավիճակին վերաբերող Սահմանադրության փոփոխությունն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ իրավապահ ու դատական մարմինները հանրային վստահության տեսակետից խոցելի են, որովհետև ձևավորվել են բոլորովին այլ տրամաբանությամբ, այն է՝ պետության զավթումն ապահովելը։ Եվ հիմա, եթե դու այդ կարգավիճակները չես փոխում և առանձին անձեր ես փոխում, դա համակարգային լուծում չի կարող հանդիսանալ։ Երբ այդ համակարգային լուծումների բացակայության պայմաններում իրավիճակը քեզ թելադրում է լուծումներ գտնել, և դու փորձում ես էլի նույն պետության զավթման տրամաբանությամբ մշակված իրավական գոծընթացներով լուծումներ կիրառել, դա նման մանիպուլյացիաների տեղ է թողնում։ Իսկ այդ մանիպուլյացիաներ իրականացնողները, շատ լավ գիտակցելով, թե ինչ էին ստեղծել, այդ բովանդակային նշանակության խնդիրները ստվերում են և առաջնային պլան են մղում իբր թե այդ իրավական ընթացակարգերի խախտումները, և կոռուպցիոն համակարգերի դեմ ուղղված գործողությունները որակում են որպես քաղաքական հետապնդումներ։ Ես պնդում եմ ՝ ովքեր Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը համարում են քաղաքական հետապնդում, իրենք դրանով իսկ խոստովանում են, որ իրենց համար թավշյալ հեղափոխությունը տեղի չի ունեցել։ Այսինքն՝ մի իշխանության կողմից պետության զավթումը փոխարինվել է մեկ այլ պետության կողմից իշխանության զավթմամբ, ինչը չի համապատասխանում իրականությանը փաստի ուժով։ Եվ այստեղ կեղծել իրականությունը՝ հանուն քրեական պատասխանատվությունից խուսափելու, դա մանիպուլյացիայի և կեղծարարության բուն էությունն է։ Եվ այստեղ, այո, իշխանությունը պատասխանատվություն ունի և ունի դրա համար անհրաժեշտ հնարավորությունները, խոսքը միայն մանդատի մասին չէ, նաև քաղաքական հնարավորություն ունի՝ կտրուկ և արմատական կարճաժամկետ փոփոխություններ կատարելու՝ իրավիճակն արմատական փոփոխությունների ռելսերի վրա տեղափոխելու համար։ Մասնավորապես, դա վեթինգն ու լյուստրացիան էր, որ պետք է արվեր։ Սահմանադրական դատարանի դեպքում պետք է հստակ սահմանադրությունը փոխվեր շատ կարճ ժամկետում։ Եթե փորձում են խոսել Սահմանադրական դատարանի նկատմամբ ոտնձգության մասին, ապա նրանք գտնում են, որ ՍԴ-ն լեգիտիմ է եղել նախորդ իշխանության օրոք։ Բայց Սահմանադրական դատարանը լեգիտիմ չի եղել, ես հատկապես նկատի ունեմ, որ ոչ լեգիտիմ է վստահության, կոռուպցիայից չազատված լինելու, իրենց գործառույթների իրականացման կարգավորումների տեսակետից։ Եվ ոչ լեգիտիմ պետական մարմինների անձեռնմխելիության մասին խոսելը նշանակում է պահպանել ոչ լեգիտիմությունը, պահպանել պետության զավթման մարմինները, խոչընդոտել այդ պետության զավթման մարմինների փոփոխությանը և համապատասխանեցմանը ժողովրդվարական ու իրավական պետության պահանջներին։ Բայց այս գործընթացի համար անհրաժեշտ դաշտի ձևավորման միակ տարբերակը սահմանադրական փոփոխություններն են։ Պետք է այնպիսի Սահմանադրություն ընդունել, որն առաջին հերթին կապահովի իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը, դատական իշխանության անկախությունը, տեղական ինքնակառավարումը, և արդար ու ազատ հանրաքվեով կունենա այնպիսի բարձր լեգիտիմություն, որ կվերացնի նախկինում ունեցած բոլոր  կասկածները։ Եթե այդ դաշտը չի ապահովվում, ապա այս հատային մոտեցումները պարարտ հող են նման մանիպիուլյացիաների համար։

 

lragir.am

 
views: 152

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color