Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Սա արդեն այն արտառոց դեպքն է, երբ ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն և անձամբ վարչապետը պետք է պարզաբանումներ ներկայացնեն

May 6, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, երբ Ուկրաինայի պաշտոնյային ռուս սահմանապահները թույլ չէին տվել մտնել ՀՀ տարածք։

 

Արձանագրենք, որ գործ ունենք Ուկրաինայի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Գերագույն Ռադայի պատգամավորի նկատմամբ ապօրինության փաստի հետ։ Գործ ունենք մի պետության օրենսդիր մարմնի ներկայացուցչի Հայաստան այցելությունը խոչընդոտելու փաստի հետ, որի հետ մենք ունենք առանց վիզայի հարաբերություններ և նաև հարցեր, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս, և այնպիսի հարցեր, որոնք ամենևին կապված չեն հայ-ուկրաինական հարաբերությունների հետ, այլ առնչվում են մեկ այլ երկրով պայմանավորված խնդիրների հետ, որոնք ուղղակի բացասական ազդեցություն են ունենում հայ-ուկրաինական հարաբերությունների վրա։

 

Այն, որ Ռուսաստանը բացահայտ անեքսիայի է ենթարկել Ղրիմը, արձանագրվել է ԵԽ և միջազգային այլ կազմակերպությունների կողմից։ Այն, որ Ռուսաստանն ակնհայտորեն աջակցում է Լուգանսկում և Դոնբասում ապօրինի զինվորական կազմավորումներին, որոնք, ըստ էության, գործողություններ են իրականացնում Ուկրաինայի ինքնիշխանության դեմ, դա ևս փաստ է և արձանագրվել է։ Փաստ է նաև, որ նման ագրեսիվ քաղաքականություն իրականացնող պետության հետ Հայաստանն ունի ռազմավարական հարաբերություններ։ Եթե մինչև հիմա հնարավոր էր լինում ՌԴ-ի  կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ գործողությունները և ՌԴ-ի հետ Հայաստանի ռազմավարական այսպես կոչված հարաբերությունները համատեղել, ապա գնալով այդ երկու անտագոնիստական, տրամաբանորեն իրար հակասող գործոնները համատեղելու հնարավորությունը սպառվում է։

 

Հայաստանի նոր իշխանությունները պարտավոր են անպայման հրապարակային գնահատական տալ «Զվարթնոց» օդանավակայանում Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորի Հայաստան մուտք գործելը խոչընդոտելու հետ կապված խնդրին, որը կատարվել է Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից։ Բազմիցս է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ ամեն ինչ արվելու է հրապարակային։ Ես կամ որևէ մեկը չպետք է ենթադրի, թե դիվանագիտական ուղիներով ինչ խնդիրներ են քննարկվում, կամ քննարկվում են, թե ոչ։

 

Այս խնդրին ինչպիսի՞ լուծում պետք է տրվի։ Որքանո՞վ է հնարավոր դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում։

 

Հարցն այն է, որ սա առաջին դեպքը չէ, ուղղակի ուկրաինական կողմը չի բարձրաձայնել՝ նպատակ ունենալով չստվերել հայ-ուկրաինական հարաբերությունները՝ երրորդ պետության հետ կապված խնդիրներով։ Բայց սա արդեն այն արտառոց դեպքն է, երբ ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն և անձամբ վարչապետը պետք է պարզաբանումներ ներկայացնեն։ Մենք արդեն մեր կազմակերպության կողմից տարածել ենք հայտարարություն, և մեր պահանջները ձևակերպել ենք, այն է, որ ՌԴ սահմանապահ ծառայության գործունեության մասին 1992 թվականի հայ-ռուսական պայմանագիրը պետք է անպայման հանդիսանա ՍԴ քննարկման հարց՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու տեսակետից։ Մենք գործ ունենք ոչ միայն Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորի նկատմամբ ապօրինության, այլ նաև Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության փաստի հետ։

 

ԱԱԾ-ն որպես անվտանգության մարմին, ոչ թե պետք է քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ անի, կամ կոռուպցիոն այնպիսի հանցագործություններ, որոնցով պետք է զբաղվի ոստիկանության համապատասխան վարչությունը, այլ հենց Հայաստանի անվտանգության նկատմամբ ոտնձգության կանխման հարցերով զբաղվի։ Ինձ համար տարօրինակ է, որ երկու օր ԱԱԾ տնօրենը մեկ բառ անգամ չի արտասանում այս խնդրի հետ կապված։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների գործողությունների նկատմամբ ինքը շատ համարձակ է, իսկ արտաքին մարտահրավերների կամ արտաքին գործոնների հետ կապված, որոնք վտանգում են մեր ինքնիշխանությունը, վատթարացնում են մեկ այլ երկրի հետ մեր հարաբերությունները, որոնք խախտում են ՀՀ այցելող այլ երկրի քաղաքացիների իրավունքները, խաթարում են ՀՀ իրավական համակարգի նկատմամբ վստահությունը և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ այլ երկրի քաղաքացիների կողմից վստահությունը, և դրա մասին նա լռում է։ Այն դեպքում, երբ պետք է շատ հստակ դիրքորոշում ներկայացնի, նաև հստակ քաղաքական գնահատական պետք է տրվի։

 

Ես դա համարում եմ անհամատեղելի այն հռչակված սկզբունքի հետ, որի մասին ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ որևէ երկրի հետ Հայաստանի հարաբերությունները չեն ձևավորվելու մեկ այլ երկրի հետ հարաբերություններով պայմանավորված։ Այդ դեպքում մենք արդեն գործ ունենք նրա հետ, որ մեկ այլ երկիր Ուկրաինայի նկատմամբ իր հարաբերություններից ելնելով տարածում է իր վերաբերմունքը Հայաստանում, հաշվի չառնելով Հայաստանի քաղաքական իշխանության դիրքորոշումը։ Այսինքն՝ սա ոտնձգություն է թե Հայաստանի նկատմամբ, թե ՀՀ քաղաքական իշխանության կողմից հռչակված սկզբունքի նկատմամբ։

 

Ես համարում եմ, որ մենք եկել ենք այն հանգուցային կետին, որը պետք է լուծվի ՀՀ-ում թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր տրամաբանության արդյունքում։ Սա այն խնդիրն է, որը չի կարող մնալ նախորդ իշխանության տրամաբանության շրջանակներում։ Նախորդ իշխանության վիճակի տրամաբանությունը անվերապահ հպատակումն էր Կրեմլին։ Նոր իշխանության վարքագիծը չի կարող լինել նույնը, ինչ նախորդ իշխանությանը։ Որպեսզի մենք համոզվենք, որ դրանք նույնը չեն, մենք պետք է ունենանք հստակ, հրապարակային ուղերձներ, որի մասին վերստին բազմիցս բարձրաձայնվել է, որ ոչ մի հարց չի մնալու Հայաստանի ժողովրդից գաղտնի։ Սա Ղարաբաղի խնդիրը չէ, Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունների մասին չէ։ Ես կարող եմ հղում անել դիվանագիտական էթիկայի սկզբունքներին կամ որոշակի խորհրդապահության պահպանման պարտավորություններին, սա ուղղակի ոտնձգություն է Հայաստանի  ինքնիշխանության նկատմամբ, ՀՀ գործող իշխանությունների քաղաքական սկզբունքների նկատմամբ։

 

Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը։

 

Մենք չպետք է ենթադրություններ անենք, թե ինչու են լռում, կամ ինչով է պայմանավորված այդ լռությունը։ Մենք չպետք է ենթադրենք, որ ինչ-որ գործողություններ են կատարվում, որոնց մասին մենք բացարձակապես որևէ տեղեկատվություն չունենք։ Հայ-ռուսական հարաբերությունների, հավասար գործընկերության մասին պնդումները փորձության են ենթարկվում նաև այս դեպքով։ Պետք է ՀՀ իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, համոզիչ լինի իր հրապարակային և այլ գործողություններով ձևավորելու կամ պահպանելու այն վստահությունը, որի մասին բազմիցս հայտարարվել է, որ ինքը հավասար գործընկերային հարաբերությունների սկզբունքով է  ձեւավորելու իր հարաբերությունները ռուսական կողմի հետ։

 

ՀՀ-ում առնվազն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները որևէ անելիք չունեն։ Նրանք չեն կարող իրավունք ունենալ, որ Ռուսաստանի համար անցանկալի համարվող անձանց ցուցակը, որոնց մուտքը արգելված է Ռուսաստան, կիրառել Հայաստան մուտք գործող նույն քաղաքացիների նկատմամբ։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք այն փաստի հետ, որ Հայաստանը դիտարկվում է որպես Ռուսաստանի գուբերնիա կամ ՌԴ տարածք, որտեղ տարածվում է ոչ թե Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրությունը, ՀՀ իշխանությունների լիազորությունները, այլ բանից պարզվում է կան հարցեր, որոնց լուծման համար գերակա կարող են լինել ՌԴ իշխանության որոշումները, ինչն անթույլատրելի է։

 

lragir.am

views: 1167

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color