Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հովիկ Աբրահամյանի որդու թիկնազորի պետը սպանել է քահանային, Աբրահամյանն էլ ահաբեկել է սպանվածի հարազատին

July 17, 2023

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Շուրջ երկու ամիս առաջ` մայիսի 16-ին, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ՙՆոյան տապան՚-ի եթերում անդրադարձավ մի առեղծվածային  սպանության հանգամանքներին: Իրավապաշտպան, ԽՍՀՄ օրոք այլախոհ Վարդան Հարությունյանի հետ զրույցում նա հիշեցրեց` Հովիկ Աբրահամյանի որդու թիկնազորի պետը խոստովանել է`ինքն է սպանել  բողոքական  քահանա Սողոմոն Վլասյանին:  Քաղաքագետը տարակուսանք էր հայտնել, որ կարծես թե մի մութ ուժ վերահսկում է ողջ լրատվական դաշտը, քանի որ այդ սպանությանը ԶԼՄ-ները չեն անդրադառնում: Սողոմոնը սպանվել է իր տան շեմին երկու կրակոցով, որոնցից մեկը եղել է վերահսկող կրակոց:

 

Իր հաղորդման ժամանակ Հմայակ Հովհաննիսյանը նշում է, որ դա աշխարհաքաղաքական սպանություն է, քանի որ բողոքական եկեղեցին Համաշխարհային եկեղեցական խորհրդի լիիրավ անդամ է, իսկ բողոքական եկեղեցին առավելագույնն է կապված ժողովրդավարության հետ: Եվ որ այդ սպանության նպատակն է սեպ խրել մեր եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ: Հմայակ Հովհաննիսյանը հերքում է այն վարկածը, որ Սողոմոնին սպանել են խանդի հողի վրա: Ըստ նրա` Սողոմոնը հաշմանդամ էր, պատերազմից հետո գիշերներ է անցկացրել Եռաբլուրում, մխիթարել   որդեկորույս ծնողներին, եղել է Արցախում:

 

ՀՀ քննչական կոմիտեն  05.05.2023թ. տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

 

ՙՁեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արտաշատ քաղաքի 42-ամյա բնակիչ Գ.Հ.-ն է:

 

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին Nissan մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել Հերացի փողոցում գտնվող դպրոց, որտեղ սպասել է տուժողին: Երբ վերջինս մոտեցել է իր բնակության հասցեին, մոտեցել է նրան, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից երկու անգամ կրակել է վերջինիս ուղղությամբ և դիմել փախուստի:

 

2023 թվականի մայիսի 2-ին՝ Գ. Հ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետի տարածքում: Վերջինս ձերբակալվել է վերը նկարագրված հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով:

 

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՚:

 

Սպանության հանգամանքների վրա լույս սփռելու համար Lragrogh.com-ի խնդրանքով  ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ քննչական կոմիտեին հարցումներ էր հղել նաեւ իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

06.05.2023թ. ՀՀ գլխավոր դատախազությունից Արթուր Սաքունցին  արձագանքել են.  ՙԻ  պատասխան Ձեր կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված թիվ Ե/ 2023-30.05/316  գրության հայտնում եմ, որ 2023թ. ապրիլի 30-ին` ժամը 23.54-ին ՀՀ ՆԳՆ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 911 ծառայություն  է զանգահարել Կարեն Ներսիսյանը եւ հայտնել, որ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտա 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում գետնին ընկած տղամարդ կա, որն, ըստ ահազանգողի, չի շնչում:

 

Դեպքի առթիվ ՀՀ  ՔԿԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում 2023թ. մայիսի 1-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին եւ 335-րդ հոդվածի 1-ին մասերով նախաձեռնվել է թիվ 08148923  քրեական վարույթը:

 

Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտա 2-րդ շենքի շքամուտքի մոտ հայտնաբերվել է արական սեռի, գլխի շրջանում առերեւույթ  հրազենային վնասվածքով տղամարդու դիակ, որն, ըստ զննության մասնակից Նելիի Եղիազարյանի, հանդիսանում է նույն շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Սողոմոն Վլասյանը:

 

Նախաքննության ընթացքում տուժող է ճանաչվել Սողոմոն Վլասյանի հորեղբոր որդին` Ժիրահայր Միսակի Խաչատրյանը:

 

2023թ. մայիսի 02-ին` ժամը 17.40-ին, հետաքննության մարմնի կողմից Գեղամ Արամի Հակոբյանը Բագրատաշենի անցակետի տարածքից սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

 

2023թ. մայիսի 02-ին` ժամը 22.40-ին, որոշում է կայացվել Գեղամ Արամի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալելու մասին:

 

2023թ. մայիսի 03-ին միջնորդություն է հարուցվել քրեական վարույթի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին`Գեղամ Արամ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

 

2023թ. մայիսի 04-ին քրեական վարույթի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Գեղամ Արամի Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

 

Ներկայացված մեղադրանքում Գեղամ Արամի Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

 

2023թ. մայիսի 04-ին միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան` Գեղամ Արամի Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է՚:

 

Ահա թե ինչ է պատասխանել 06.06.2023թ. ՀՀ Քննչական կոմիտեն Արթուր Սաքունցի հարցմանը. ՙՀՀ քննչական  կոմիտեի նախագահին հասցեագրված Ձեր` 2023թ. հունիսի 1-ի դիմումը քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում, ինչի  կապակցությամբ հայտնում եմ, որ 2023թ. ապրիլի 30-ին` ժամը 23.50-ի սահմաններում Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտա 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի Սողոմոն Ռուբենի Վլասյանի սպանության դեպքի առթիվ  ՀՀ  քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում 2023թ. մայիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի  155-րդ հոդվածի 1-ին մասի եւ 335-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով նախաձեռնվել է թիվ  08148923 քրեական վարույթը եւ իրականացվել են մի շարք ապացուցողական ու վարութային գործողություններ, մասնավորապես` կատարվել են դեպքի վայրերի զննություններ եւ խուզարկություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ եւ հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, իսկ Ս. Վլասյանի մերձավոր ազգականը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով ճանաչվել է մահացած տուժողի փոխարեն տուժող:

 

Նախաքննության ընթացքում` 2023թ. մայիսի 02-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ  հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով  ձերբակալվել է մեկ անձ, ապա 2023թ. մայիսի 04-ին քրեական վարույթի  նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից տվյալ անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որը ներկայացվել է ենթադրյալ հանցանք կատարած անձին, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Ինչ վերաբերում  է դիմումով նշված մյուս հանգամանքներին, ապա հայտնում եմ, որ  ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն` տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե այն կարող է խախտել մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը եւ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել՚:

 

 

Աղբյուր՝ Lragrogh.com

views: 225

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color