Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Եթե վերջին միջոցը թողնում են մահացած զինվորի հարազատների բողոքի ցույցը, ապա մեղավոր և պատասխանատու են թե՛ ՊՆ-ն, թե՛ ՔԿ-ն». Արթուր Սաքունց

February 2, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

– Պարո՛ն Սաքունց, Արցախի զորամասերից մեկում հունվարի 30-ին կրկին զինվոր է մահացել։ ՔԿ-ն նշում է, որ նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է, սակայն հարազատները չեն հավատում այդ վարկածին։

 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտարարեց, որ ինքն էլ չի հավատում, թե դա ինքնասպանություն է։ Գործով ձերբակալվել են երեք հոգի, որոնցից մեկն էլ, ինչպես նշեցին, Առաքել Մովսիսյանի որդին է։

 

Դուք տարիներ շարունակ պահանջում էիք, որ չլինեին արտոնյալներ, և նախկին պաշտոնյաները իրենց որդիներին էլ ուղարկեին ծառայության։ Հիմա արձանագրո՞ւմ եք, որ իրենց ծառայությամբ ավելի մեծ վնաս են հասցնում ԶՈՒ-ին։

 

– Ընդհանրապես այս փաստին պետք է մոտենալ բովանդակային տեսանկյունից և ոչ թե դրա հետ կապված այն առնչություններին, որոնց մասին հիշատակեցիք, որովհետև երևույթի կամ այդ խնդրի բուն էությունը իրապես պայմանավորված չէ, թե պաշտոնատար անձի երեխաները ծառայե՞ն բանակում, թե՞ չծառայեն։ 

 

Այն, որ մենք տարիներ շարունակ պահանջում էինք ներկայացնել ամբողջական պատկերը, տվյալները, թե ԶՈՒ-ում որտեղ են ծառայել կամ ընդհանրապես ծառայել են, թե ոչ պաշտոնատար անձանց երեխաները, կամ ինչ հիմքերով են ազատվել զինվորական ծառայությունից կամ ճանաչվել ոչ պիտանի, այս հարցը մնում է օրակարգում, քանի որ այս հարցը վերաբերում է զինվորական ծառայության պատասխանատվության կիրառման տեսանկյունից, երբ կային այդպիսի հստակ ընկալում և հիմնավոր կասկածներ, որ պաշտոնատար անձանց երեխաները խուսափում են ծառայությունից, և նաև ծառայության ընթացքում որոշակի խտրական մոտեցումներ կան, որովհետև ապրիլյան պատերազմի գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների մեծ մասի հետ մեր հանդիպումները ցույց տվեցին, որ զոհվածները գերազանցապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ էին, և, ընդհանրապես, զոհվածների շարքում 60 և ավելի ընտանիքներում չկար որևէ մեկ ընտանիք, որի անդամը լիներ պաշտոնատար անձ։ Սա վերաբերում է զինվորական ծառայություն անցնելուն խուսափելուց և նաև կոռուպցիայի դրսևորումներին։ 

 

Այն, որ բոլորը պետք է ծառայեն, եթե համապատասխանում են զինվորական ծառայություն անցնելու առողջական և այլ չափանիշների, միանշանակ է։ 

 

Երկրորդ հարցը վերաբերում է զինվորական ծառայության կազմակերպմանը, կարգապահության ապահովմանը, խտրականության բացառմանը, քրեական բարքերի հաղթահարմանը։ Ցավոք սրտի, սրանք տարիներ շարունակ մնում են մեր օրակարգում, և հերթական անգամ գործ ունենք դրա դրսևորումների հետ։ 

 

Եվ այս խնդրի լուծման առումով պատասխանատվություն կրում են պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը, գլխավոր շտաբի պետը՝ զինվորական ծառայության կազմակերպման, կարգապահության ապահովման և ծառայության ընթացքում զինվորական կանոնների պահպանման համար։ Այս տեսանկյունից կարևոր է, որ մեծ դեր ունենան սպաները։ 

 

Մենք ունենք սպաների հետ կապված հարց, երբ նրանք չեն կարողանում կամ բացթողումներ են ունենում, կամ թերանում են զինվորական կարգապահության ապահովման ուղղությամբ, երբ կան առանձին ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս նայողի կամ առանց համապատասխան զինվորական կարգավիճակի թելադրողների, յախշիների, այդ քրեական մտածելակերպի դրսևորումների դերում, և դրանց ոչ ժամանակին և ոչ պատշաճ կանխումը հենց հանգեցնում է նման հետևանքների։

 

Մյուս կարևոր խնդիրը, որ մենք տեսնում ենք, քաղաքացիական կյանքից զինվորական ծառայության անցնելու հետ կապված երիտասարդներին պատրաստելու հարցն է։ Խոսքը սոցիալական ադապտացիայի, սպա-հոգեբաններ աշխատանքի մասին է, և այստեղ մենք գիտենք, որ պետությունը տարիներ շարունակ պատշաճ ջանքեր չէր գործադրում զինված  ուժերը համալրելու հոգեբան սպաներով՝ և՛ թվով, և ՛ որակով։ Դրա փոխարեն ներդրվեց քահանաների ինստիտուտը, ինչը որևէ արդյունք չի տալիս։ 

 

– Այսինքն՝ իմաստ չկա՞ քահանաներ ունենալ բանակում։

 

– Մենք գտնում ենք, որ քահանաներն այնտեղ որևէ անելիք չունեն, որովհետև չկա որևէ հիմնավոր փաստարկ, որ քահանաները հենց բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մեջ կարող են որևիցե դեր ունենալ։

 

Այստեղ զինվորական ծառայության ապահովմանն ուղղված ինստիտուտները պետք է աշխատեն։ Նույն սպաների սոցիալական, ֆինանսական ապահովության խնդիրները պետք է լուծվեն։ Բայց այս դեպքի հետ կապված կա մյուս հանգամանքը, որն ի հայտ եկավ։ 

 

Հերթական անգամ արձանագրվեց, որ հանցագործության փաստի վերաբերյալ քննչական մարմնի կամ ՊՆ-ի որակումները շատ արագ փոխվեցին։ Քննչական կոմիտեն սկզբից հստակ հայտարարեց, որ ինքնասպանություն է՝ առանց որևէ այլ մեկնաբանությունների, հետո այս բողոքի ցույցից հետո նոր հայտարարվեց, որ այդ փաստով ձերբակալվածներ կան։

 

Եվ այստեղ կարևոր չէ՝ նախկին պատգամավորի որդին է կամ մյուս քաղաքացիները, խնդիրն այն է, որ այդ բարքերի կամ զինվորական կարգապահության և կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանքն է, երբ պետք է դրանց խախտմանը ուղղված գործողությունները կանխվեին սպաների կողմից, բայց բողոքի ցույցի արդյունքում, երբ տեղի են ունենում գործողություններ, այստեղ քննչական մարմնի վստահությունը օբյեկտիվության նկատմամբ խաթարվում է հերթական անգամ։ 

 

Եվ եթե վերջին միջոցը թողնում են մահացած զինվորի հարազատների բողոքի ցույցը արդարության կամ օբյեկտիվ ճշմարտությունը հաստատելու ուղղությամբ, ապա դրանում մեղավոր են և պատասխանատու են թե՛ ՊՆ-ն, թե՛ քննչական կոմիտեն, որովհետև մարդկանց հետ պետք է աշխատանք տանել ոչ թե համոզելու կամ սուտը որպես ճշմարտություն ներկայացնելու, այլ այստեղ պետք է օբյեկտիվ քննության ինստիտուտը գործի հենց փաստից առաջ։ 

 

Մահացության դեպքերի շարանը և հանգեցրած պատճառների ոչ պատշաճ վերլուծությունը և դրանց վերացման ուղղությամբ քայլեր չկատարելը հանգեցնելու են նման իրավիճակների։ 

 

Նյութատեխնիկական բազայի, սննդի, հագուստի որակի բարելավման ուղղությամբ, նաև ծառայության վայրերում ջրամատակարարման բարելավման ուղղությամբ քայլերը շատ կարևոր են, բայց բավարար չեն զինվորական կարգապահության և կանոնադրական հարաբերությունների ապահովման ուղղությամբ։ Այստեղ սպաները այդ մահվան գործերում բացարձակապես պատասխանատվություն չեն կրում։ Սա էլ մյուս խնդիրն է։

 

– Պարո՛ն Սաքունց, քրեական ենթամշակույթը մեծ դեր է ունենում սպանությունների հետ կապված։ Օրենքի ընդունումից հետո, ըստ ձեզ՝ հնարավոր լինելո՞ւ է բանակից այն արմատախիլ անել։

 

– Այն օրենքը, որն ընդունվեց, ընդհանրապես գործիքներից մեկն է և ավելի շատ վերաբերում է այն դեպքերին, երբ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի այլ գործիքները արդյունք չեն տալիս ուղղվելու, հրաժարվելու այդ գործելակերպից։ 

 

Բայց այստեղ մենք գործ ունենք պետության ուղղակի վերահսկողության ներքո գտնվող ինստիտուտի հետ, որովհետև որևէ այլ մշակույթի դրսևորումը հետևանք է զինվորական կանոնադրական հարաբերություններըի, զինվորական կարգապահությունը չապահովելուն, որում ուղղակի պատասխանատվություն են կրում սպաները՝ ելնելով հենց զինվորական ծառայության բնույթից, որովհետև հիերարխիկ կառույց է, և որտեղ հրամանատարները անմիջականորեն են պատասխանատվության կրում իմ նշած խնդիրների լուծման մեջ։ 

 

Եվ այստեղ պետք է զինծառայողների հետ սոցիալական, հոգեբանական աշխատանքներ իրականացնել, պետք է զրո հանդուրժողականություն դրսևորվի քրեական մտածելակերպի, վարքագծի դրսևորումների դեմ և պետք է ընկալվի, որ դա ընդհանրապես անհամատեղելի է ոչ միայն զինվորական ծառայության հետ, այլև ընդհանրապես քաղաքակիրթ, արժանապատիվ հասարակության, բարքերի հետ։

 

Եվ այս առումով օրենքը ամենավերջին ծայրահեղ միջոցն է, երբ կրթական, սոցիալական, իրավական աշխատանքները արդյունք չեն տալիս, և մնացել է վերջին միջոցը քրեական պատասխանատվություն կիրառելու, բայց խնդիրն այն է, թե ի՛նչ է արվել, որ պետք է որպես վերջին միջոց կիրառվի այդ քրեական ենթամշակույթի դրսևորումների դեմ քրեական պատասխանատվության ինստիտուտը։ 

 

– Իսկ ի՞նչ պետք է անել, մեկուկես տարին բա՞ց է թողնվել այդ փոփոխությունները բանակում անելու համար։

 

– Ես չեմ տեսել որևէ փաստաթուղթ ՀՀ ԶՈՒ-ում կանոնադրական հարաբերությունների ապահովման, զինվորական կարգապահության ապահովման, վերահսկողության, զինվորական կրթության և այլնի հետ կապված, որի հիման վրա կարող եմ ասել, որ ընդհանրապես մոտեցումը փոխվել է։ 

 

Մենք գործ ունենք մարդկանց հետ, և մարդկային գործոնների հետ կապված ուղղությամբ աշխատանքների մասով որևէ տեղեկություն չունեմ, թե ի՛նչ է արվում։ Ի դեպ, ես կարող եմ հղում անել մեր տվյալներին, մահացության դեպքերի մեջ առաջին տեղն են գրավում երեք գործոններ՝ ավտովթարներ, տեխնիկական շահագործման սպասարկման հետ կապված հարցեր, նաև զինտեխնիկան օգտագործողների ոչ պատշաճ հրահանգավորումը, այսինքն՝ մի դեպքում տեխնիկայի շահագործումը չի համապատասխանում շահագործման պահանջներին, կամ օգտագործողները պատշաճ հրահանգավորում չեն ստանում։ 

 

Երկրորդ՝ առողջական խնդիրներով պայմանավորված մահացության դեպքերը, այսինքն՝ բժշկական սպասարկման մասին է խոսքը, հիվանդությունների կանխորոշման, կանխարգելման բժշկական միջամտության խնդիրներ կան։

 

Երրորդ՝ սպանություններ, ինքնասպանություններ, այսինքն՝ հրազենի հետևանքով մահացության դեպքերն են, և այս բոլոր երեք պատճառները, որոնցով պայմանավորված են մահացության դեպքերը, խոսում են թե՛ զինվորական կարգապահության, թե՛ զինվորական տեխնիկայի շահագործման, թե՛ բժշկական սպասարկման, թե՛ ընդհանրապես հրահանգավորման կանոնադրական հարաբերությունների ապահովման անհրաժեշտության մասին։ 2018-19 թվականների պատճառները ես նշեցի, դրանք մնացել են նույնը, փոփոխություն տեղի չի ունեցել։

 

medialab.am

views: 441

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color