Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը չի կարելի վեթինգ որակել». Արթուր Սաքունց

July 22, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը չի կարելի վեթինգ որակել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

«Ընդամենը գործ ունենք տարիներ շարունակ դատական համակարգում համակարգային խնդիրների կոնկրետ դրսևորումների հետ»,- ասում է իրավապաշտպանը։

 

Նախկինում էլ է եղել, որ կոռուպցիոն հանցագործության հիմքով դատավորներ են ձերբակալվել կամ կալանավորվել, քրեական գործեր են հարուցվել։

 

«Իհարկե, դա մենք որակել ենք որպես չհամաձայնեցված կոռուպցիայի համար պատժիչ գործողություն։ Բայց նման առանձին դեպքերով մտածել, որ սա վեթինգ է, անտեղի է»,- հավելում է Սաքունցը։

 

Ըստ նրա՝ վեթինգի դեպքում հնարավոր կլիներ սահմանազատել բարեխիղճ դատավորներին կոռուպցիոն մշակույթ և գործելակերպ ունեցող դատավորներից, հնարավոր կլիներ խնդիրների ծավալը հստակեցնել, որ բոլորի վրա չտարածվեին օբյեկտիվ հիմքեր ունեցող կասկածները։ Եվ հնարավոր կլիներ ի վերջո հասնել դատական համակարգի առողջացմանը, ունենալ վստահելի դատական համակարգ։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին կալանավորվել է սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը, իսկ նույն դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը դատարանը մերժել էր։

 

Գևորգ Նարինյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը, ՔՕ 310.1-րդ հոդվածով՝ ապօրինի հարստացում և ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը։

 

Իսկ Արա Կուբանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով են որպես մեղադրյալ ներգրավել:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։

 

Արթուր Սաքունցի խոսքով՝ քրեական գործը հայտարարագրերում արձանագրված եկամուտների ձեռքբերման վերաբերյալ հիմնավորումների բացակայության հիմքով է, բայց վեթինգի մեխանիզմը օրենքով չի կարող վերաբերել 2017 թվականից առաջ դատավորների հայտարարագրերին։ 

 

«Այսինքն՝ ինչպես ասել եմ՝ շատ խիստ սահմանափակ ժամանակահատվածի համար է և համակարգային չէ, որովհետև եկամուտների ամբողջ ժամանակահատվածն ստուգելու հնարավորություն չկա։ Այսինքն՝ սա վեթինգ չէ»,- ասում է Սաքունցը։

 

Հիշեցնենք, որ Դատական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարագրերի ստուգումների լայն հնարավորություն ունի 2017-ից հետո ընկած ժամանակահատվածի համար։

 

Ըստ իրավապաշտպանի՝ նոր ուժի մեջ մտած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հենց կարող է վեթինգի հիմնական գործիքներից մեկը լինել։ 

 

«Բայց դա ոչ լիարժեք գործիք է, որովհետև խոսքը վերաբերում է նաև քաղաքական հետապնդման գործերով որոշումների կայացմանը, որոնց, ըստ էության, արդեն հատվածային անդրադառնում է դատախազությունը՝ Վճռաբեկ դատարանում իր միջնորդություններով՝ քրեական հետապնդումն անհիմն համարելու մասին։

 

Բայց դրա հետևանքներն ինչպիսի՞ն են, դրանք ի՞նչ ազդեցություն են ունենում մեղադրական այդ վճիռներն արձակած դատավորների պաշտոնավարման հետ կապված։ Չունենք այդպիսի մեխանիզմ»,- ասում է Սաքունցը։

 

Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն կարող դատական համակարգը ցնցումների ենթարկել ու միանգամից համատարած վեթինգ իրականացնել, դա երկարատև գործընթաց է։ Իրավապաշտպանի խոսքով՝ համակարգը ներկայում է ցնցումների մեջ։

 

«Այսինքն՝ համակարգը արդար դատաքննության իրավունքը խախտած դատավորներով է ցնցման մեջ գտնվում։

 

Եվ եթե անգամ ենթադրենք, որ իրապես դատական համակարգի նկատմամբ այլ մոտեցում է պետք, ապա նման մոտեցում մենք չենք տեսնում իրավապահ մյուս մարմինների նկատմամբ՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, դատախազության, քննչական մարմինների։

 

Իսկ սա ինչպե՞ս կբացատրեն։ Ես կրկնում եմ՝ վեթինգն անհրաժեշտ գործիք է համակարգի նկատմամբ վստահության վերականգնման ուղղությամբ։

 

Եվ դա անհրաժեշտ առաջին նախապայմանն է, որպեսզի նշածս բարեվարքության գործիքներն ունենան առավել երկարաժամկետ արդյունավետություն ու ազդեցություն»,- ասում է նա։

 

Սաքունցի խոսքով՝ վեթինգի իմաստը նաև համակարգերը զտելն ու մաքրելն է այն մարդկանցից, որոնք ակնհայտ գործողություներ են կատարել՝ իրենց որոշումներով կոպտորեն խախտելով մարդու իրավունքները։

 

medialab.am

views: 494

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color