Activities | Project։ Stability of HCA Vanadzor in the light of democracy and human rights challenges in the Republic of Armenia 2020 | Publications | News | Information Campaign
ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության երկրորդ նպատակին ուղղված գործողությունները, որով նախատեսվում էր հոգեկան առողջության ոլորտի մասնագիտությունների անվանացանկի, զբաղմունքների նկարագրության և որակավորման հստակեցում, թեև հիմնականում իրականացվել են, բայց մշակված փաստաթղթերը հնարավոր չի կիրառել։
Այս եզրահանգմանն է եկել ՀՔԱՎ-ը՝ Ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման մշտադիտարկման արդյունքում։
Այս նպատակի իրականացմանն ուղղված 3 գործողություն էր նախատեսված, որոնք հիմնականում իրականացվել են՝ ձեռնարկվել են որոշ քայլեր, մշակվել են էթիկայի կանոններ, հոգեկան առողջության ոլորտի մասնագետների բնութագրեր, բայց այնուամենայնիվ դրանց կիրարկումը կամ հնարավոր չի եղել, կամ իրականացվել է մասամբ՝ պայմանավորված այլ փոխկապակցված օրենքների ընդունված չլինելու հանգամանքով։
ՀՀ Կառավարությունը 2014 թվականի ապրիլի 17-ին ընդունեց հոգեկան առողջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կարևոր որոշումներից մեկը՝ հաստատելով Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։
Այդ փաստաթուղթը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը ներառում էր միջոցառումներ՝ ուղղված օրենսդրական բարեփոխումներին, մարդկային ներուժի ապահովվածությանը, մասնագետների կրթությանը, հոգեկան առողջության ծառայությունների ապահովմանը, հանրության իրազեկության բարձրացմանը։
Ռազմավարության նպատակն է՝ «հոգեկան առողջության պահպանման և բարելավման համակարգի զարգացումը և բնակչության հոգեկան առողջության խնդիրների առաջացման կանխարգելումը»: Նշված հիմնական հեռահար նպատակին հասնելու համար Միջոցառումների ցանկում նախատեսվել է 7 նպատակ և 32 միջոցառում, սահմանվել են դրանց իրականացման պատասխանատուներն ու համակատարողները, ժամկետները, ակնկալվող արդյունքները և ֆինանսավորման աղբյուրները։
Բոլոր 7 նպատակների իրականացման մշտադիտարկման արդյունքներին և բացթողումների ուղղությամբ ՀՔԱՎ-ի առաջարկություններին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ