Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Իրավապահ մարմինների ակնհայտ դանդաղկոտության հետ գործ ունենք. Սաքունցը` Գուրգեն Խաչատրյանի փախուստի մասին

May 6, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

NewArmenia.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

 

-Պրն Սաքունց, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն` Գուրգեն Խաչատրյանին ևս մեղադրանք առաջադրվեց, և դատարանի կողմից կալանավորման որոշում կայացվեց, սակայն նրան հաջողվեց փախուստի դիմել, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որն ունի մեղադրյալի կարգավիճակ և կրկին կալանավորման որոշում էր կայացվել դատարանի կողմից չվերադարձավ ՌԴ-ից: Քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց փախուստը կամ քրեական հետապնդումից հեշտորեն խուսափելը ինչի՞ հետևանք է:

 

-Եթե սովորական քաղաքացիներ լինեին նրանք այդպիսի հնարավորություն չէին ունենա մեծմասամբ, չնայած լինում են առանձին դեպքեր: Ովքե՞ր են լինում, որ նման քրեական գործերի դեպքում կարողանում են նման կերպ խուսափել` կամ քրեական հեղինակությունները, որոնք նախկինում ունեին հովանավորություն կամ պաշտոնատար անձինք: Հիմա, նախկին պաշտոնատար անձինք շարունակում են ունենալ ռեսուրսներ, որոշակի հնարավորություններ` խուսափելու քրեական պատասխանատվությունից: Ռեսուրսներ ասելով նկատի ունեմ նաև կապերը, ինֆորմացիոն արտահոսքը, քննչական, իրավապահ մարմինների ոչ արդյունավետ աշխատանքը: Ձեր նշած դեպքերում մարդիկ են, որոնք ունեն լուրջ աջակցություն այն երկրների տարբեր կառույցների կողմից, որտեղ իրենք պատսպարվում են, կամ փախուստից հետո շարունակում են հոյակապ գործել` դասախոսել, աշխատել ու ապրել:  Այստեղ ռուսական գործոնը իհարկե մեր համակարգային կոռուպցիայի դրսևորումների դեմ պայքարի կամ պատասխանատվության ենթարկելու  առումով բավական մեծ է, որովհետև կոռուպցիան ուներ ոչ միայն ազգային դրսևորում, այլ նաև միջազգային կազմակերպված հանցագործության բնույթ ուներ և բնականաբար ունեն աջակցություն նաև այնտեղից, որտեղ մասնակից են եղել, կամ որտեղ շահեր են ունեցել նույն կոռուպցիոն համակարգում և սա իհարկե որոշակի դժվարություններ հարուցում է: Եվ սրանք լինելով իրավական խնդիրներ, ցավոք սրտի, ենթադրում են այլ բնույթի լուծումներ, որովհետև ունեն նաև քաղաքական որոշակի սահմանափակումներ:  

 

-Համարու՞մ եք հնարավոր փակ սահմանների դեպքում լքել երկիրը, նկատի ունեմ Գուրգեն Խաչատրյանի փախուստը:

 

-Ես գաղափար չունեմ, թե ոնց, բայց նորից հղում կատարեմ, որ մարդիկ ունեն հնարավորություններ և կարող են նաև իրենց թույլ տալ նման գործողություններ: Բայց այստեղ խնդիրը նրանում է, որ իրավապահ մարմինների ակնհայտ դանդաղկոտության հետ գործ ունենք, նաև շատ դեպքերում գիտակցված դանդաղկոտության, որովհետև, եթե մարդը հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում կալանավորվել, դա նշանակում է, որ ինքն ակնհայտ տեղեկություններ ունի, ոչ թե մտադրությունների, այլ քայլերի մասին` քննչական մարմինների կողմից, այնուհետև երբ որ խափանման միջոցի հարցը քննվում է` ինքը բացակայում է:

 

-Բավական խոշոր քրեական գործեր են հարուցվել Ռոբերտ Քեչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու Գուրգեն Խաչատրյանի և այլոց հանդեպ: Մեր դատական համակարգն ի զորու է այդ գործերի քննությունն ամբողջությամբ առաջ տանելու:

 

-Դատավորների թիվը բավարար է այդ գործերը քննելու համար, բայց այդ գործերի քննության որակի համար շատ այլ հատկանիշներ են պետք` օրինակ պրակտիկա, որ մինչ այդ նման գործերի քննության համար չի ունեցել, դա նոր խնդիր է և ամեն մի դատավոր, որ պետք է նման գործեր քննի, իհարկե, չունի նման պրակտիկա: Ե՞րբ է եղել, որ Հայաստանում դատարանը բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով մեղադրանքներ լսի: Երկրորդը` դատավորների փորձը առնչություն ունի որակական պատրաստվածության հետ, դա իր հերթին խնդիր է: Էլ չեմ խոսում, որ դատավորներից շատերը բոլորովին նոր իրավիճակում են` ակնհայտ է, որ նրանք ներքին անկախության խնդիր ունեն, դատավորը պետք է լիներ ձևավորված` ազատ, անկախ օրենսդրության շրջանակներում գործելու  հոգեբանությամբ, բայց դա դժվար է նրանց համար, որովհետև այդ իրավիճակում չեն գտնվել, դրա համար ենք մենք պնդում, որ դատական համակարգում պետք է վեթթինգ իրականացվի: Եվ ազատության պարագայում չձևավորված լինելը շատ խոցելի է դարձնում, կարող է նույնիսկ չկարողանան կողմնորոշվել, թե ինչպես իրենց պահեն, բայց բոլոր դեպքերում դա անհրաժեշտ է անցնել: Այսինքն այնպես չէ, որ նման փորձ չունենք, ուրեմն այդ գործերը թողնենք, սա զուգահեռ, նաև, փորձի կուտակում է և անհրաժեշտ է այս փուլն էլ անցնել: Պետք է դատական իշխանությանը օգնել` նախ օրենսդրության կատարելագործմամբ, որովհետև մենք տեսնում ենք հատկապես այս արտակարգ դրության պայմաններում շատ լուրջ օրենսդրական բացեր ունենք: Եթե աջակցություն լինի անհաղթահարելի չէ: 

 

-ՀՀ վարչապետի խոսքով դատաիրավական համակարգը կոռումպացված է, այս գործերի քննությունը կարծես ոգևորեց ժողովրդին այն առումով, որ իրականում կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաները պատասխանատվություն կրեն: Ձեր կարծիքով այս գործերն ինչ ընթացք կունենան, չկա՞ մտավախություն, որ տարիներ անց կկարճվեն:

 

-Դատական համակարգն այն վերջին ատյանն է, որտեղ արդեն մինչ այդ, դատաիրավական մարմիններում այդ գործը պատրաստվում է` թխվում է այդ թխվածքը` նկատի ունեմ, ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն, ԱԱԾ-ն դեռևս քննչական գործառույթներ ունի: Ի վերջո դատարանի քննության առարկա հանդիսացող քրեական գործի որակը պայմանավորված է նշված մարմինների կատարած աշխատանքի որակից: Օրինակ` ակնհայտ քրեական գործն անշնորհք քննչական գործողությունների, որակյալ աշխատանք չանելու հետևանքով  կարող է փլվի հենց նույն դատարանում: Երբ ես ասում եմ օգնել, խոսքը վերաբերում է ոչ միայն զուտ դատավարական օրենսգրքերի փոփոխություններին, այլ նաև մնացած ինստիտուտների որակական փոփոխություններով է պայմանավորված: Մենք լուրջ խնդիրներ ունենք քննչական մարմինների հետ կապված: Քննչականան մարմիններից շատ քննիչներ դուրս էին գալիս փաստաբան դառնալու համար. որովհետև նախկինում քննչական մարմիններից շատ բան չէր կախված: Քննիչների աշխատավարձը, սոցիալական ապահովվությունը, մասնագիտական կարողությունները և այլն, գումարած նաև դատախազության պատշաճ վերահսկողական գործառույթներն, այստեղ դեռևս խնդիրներ կան և դատարանը կարող է շատ դեպքերում նույնիսկ գործ ունենալ ոչ որակյալ  քննության հետ: Երբ մենք խոսում ենք համակարգային կոռուպցիայի մասին, որն իրապես եղել է, բայց մի բան է սովորական մահկանացու աչքերով ակնհայտ տեսնում ես ունեցվածքի և եկամտի հարաբերության ակնհայտ անհապատասխանությունը, բայց դա փաստաթղթաորման` հիմնավորման տեսակետից բավական բարդ աշխատանք է ենթադրում և այստեղ դատարանի վրա ամբողջ մեղքը գցելը սխալ է:

 

-Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում ներկայացնում էր դատախազության աշխատանքի 2019թ. հաշվետվությունը և նշեց որ 260.000 հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որից հարուցվել է ընդամենը 26.000 քրեական գործ: Այս մեծ տարբերությունն ինչո՞վ է պայմանավորված, ինչու՞ է այսքան քիչ քրեական գործ հարուցվել, ՀՀ գլխավոր դատախազը մեկնաբանեց, որ հանցագործությունների հաղորդման մեծ թիվը պայմանավորված է իրավապահ համակարգի հանդեպ վստահության աճով, եթե այդպես է ինչու՞ չեն հարուցվել քր.գործեր, թե՞ քաղաքացիները չեն տարբերում` որ արարքն է հանցագործություն, որը` ոչ:

 

-Նման վիճակագրություններին շատ զգուշությամբ պետք է մոտենալ, մեր փորձից կարող եմ ասել, որ կան այնպիսի հաղորդումներ, որ ակնհայտ է, որ պետք է քրեական գործ հարուցվի, բայց չի հարուցվում: Պետք է ուսումնասիրել, արդյոք վիճակագրության մեջ այդքան մեծ թիվ պետք է լինի, որովհետև կարող են լինել հաղորդումներ, որոնք պահանջում են քրեական գործեր անհապաղ հարուցել, կան գործեր, որոնք պահանջում են շատ ավելի երկար ժամանակ նյութերի նախապատրաստման համար: Իմ համոզմամբ այստեղ նաև ծավալի խնդիր կա, քննչական մարմինների մասնագետների թվի խնդիր, գուցե և կա դիտավորության խնդիրը: Ինչ վերաբերում է այն դիտարկմնաը, որ հանցագործությունների հաղորդման մեծ թիվը պայմանավորված է իրավապահ համակարգի հանդեպ վստահության աճով` դատախազությունն ուռճացնում է դա, ոչ թե իրավապահ մարմինների նկատմամբ վստահության մասով է խոսքը, այլ քաղաքական իշխանության նկատմամբ ակնկալիքներով է պայմանավորված, որը ցավոք սրտի իրավապահ մարմինները չեն կարող բավարարել իրենց չբարեփոխված, չփոփոխված, չհզորացված թե՛ մասնագիտական, թե՛ օրենսդրական կարողություններով, դրա համար ես չեմ կարծում, որ այդ ցուցանիշը պետք է այդ կերպ գնահատվի: 

 

newarmenia.am

views: 416

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color