Երեկ տեղի ունեցավ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Թրամփը հայտարարեց, որ սկսվում է Ամերիկայի ոսկե դարը։ Թրամփի երդմնակալության ժամանակ հնչեցրած ելույթի, հայ-ամերիկյան հետագա զարգացման վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։
Նա նշեց, որ ակնհայտ է այս մարդու ոտնձգությունները՝ հարևան պետությունների նկատմամբ՝ ընդհուպ տարածքային առումով, որը տրամաբանորեն լիովին տեղավորվում է այն քաղաքականության մեջ, որն իրականացնում է Պուտինը ներկայումս հետխորհրդային տարածաշրջանի նկատմամբ։
Սաքունցի խոսքով՝ Թրամփը նաև հանդես է գալիս արտահայտման հիմնարար ազատության դեմ, բացարձակապես ոչ մի խոսք չասաց Պուտինի մասին, Պուտինի ռեժիմի մասին և Ուկրաինայի նկատմամբ այդ ագրեսիան անգամ այդպես չորակեց, այն դեպքում երբ որ դա ներկայումս թիվ մեկ մարտահրավերն է։
Խոսելով նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև նախորդ շաբաթ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրից, որն ի դեպ և իրենց կազմակերպությունը և մի շարք այլ հայաստանյան ՀԿ-ներ ողջունել են, Արթուր Սաքունցն ասաց, որ այո, ողջունել են, և որ Հայաստանը և ՀՀ իշխանությունները պետք է բոլոր ջանքերը գործադրեն՝ մասնավորապես իրականություն դարձնելու ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության այդ կանոնակարգը, այսինքն՝ ինստիտուցիոնալացնել։
«Իհարկե դժվարություններ միանշանակ առաջ են գալիս, բովանդակային առումով, որովհետև եթե այդ մարդը՝ նկատի ունեմ Թրամփին, իր ամբողջ մտածելակերպով բիզնեսմեն է, որի համար արժեքները որևիցե նշանակություն չունեն, մարդու իրավունք, ժողովրդավարություն, ինքն ակնհյատ խախտել է անգամ ԱՄՆ-ի օրենքը և իր խոսույթներում ընդհանրապես օրենքի գերակայության մասին որևէ խոսք չի ասում։ Բայց պետք է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը ինստիտուցիոնալացնել՝ աշխատելով իհարկե Թրամփի վարչակազմի հետ, որովհետև ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնած անձը Հայաստանում երկկուսակցական պատվիրակության կազմում է եղել և այնպես չի, որ Հանրապետական կուսակցության բոլոր սենատորները կիսում են Թրամփի այդ արժեքները։ Ի վերջո Սենատն է որոշում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը»,- հավելեց Արթուր Սաքունցը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան