«Ընդհանրապես, ես դիտարկում եմ, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բացառապես պետք է լինեն պետական մարմիններ եւ ենթակա չլինեն քաղաքական որեւէ համակարգի ազդեցությանը եւ գործեն բացառապես քաղաքական զսպվածության վարքագծի շրջանակներում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործողությունները նախադեպ չեն դառնա իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար։
Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Գ.Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։
Արթուր Սաքունցի խոսքով, սակայն, վերը նշված կանոնը վերաբերում է իրավական ու ժողովրդավարական պետությանը. «Պետության զավթման իրավիճակում, երբ այդ պետության զավթման ինստիտուտներից են հանդիսացել նաեւ իրավապահ մարմինները, որոնք օգտագործվում էին քաղաքական նպատակներով՝ ընդդեմ ընդդիմադիրների, թե ապօրինի քրեական գործերի հարուցման, թե ընդդիմադիրների կողմից կազմակերպված հավաքները ճնշելու նպատակով։ Նման պայմաններում իրավապահ մարմինները քաղաքականացվում եւ քաղաքական նպատակով օգտագործվում էին պետությունը զավթածների կողմից ՝ քաղաքական իշխանությունը պահպանելու համար»։
Հիշեցնենք, Գագիկ Ջհանգիրյանի գործողությանն անմիջապես արձագանքել էր դատախազությունը եւ նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու համար՝ նկատի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը։ Նշենք, որ Դատախազության մասին ՀՀ օրենքը նաեւ 2008 թվականին սահմանում էր, որ «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»:
Ըստ Սաքունցի, այս դեպքում չենք կարող խոսել քաղաքական տեսանկյունից չեզոք եւ զուսպ մարմնի մասին, քանի որ այդ իրավիճակում օգտագործել են պետական ինստիտուտները՝ դատարան, դատախազություն, քննչական մարմիններ։ «Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե արդյո՞ք տարբեր ժամանակներում ընդդիմադիր ուժերը նմանատիպ հիմնավորումներ չեն կարող ներկայացնել՝ արդարացնելու համար իրավապահ մարմինների հնարավոր ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, Արթուր Սաքունցը արձագանքեց.«Ժողովրդավարական եւ իրավական պետության պայմաններում ընդդիմադիր ուժերը չեն կարող նման փաստարկ օգտագործել, որովհետեւ ժողովրդավարական եւ իրավապահ պետության պայմաններում իրավական ուժերը չեն կարող ի սկզբանե օգտագործվել քաղաքական նպատակներով»։
Հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակն այս տեսանկյունից ներկա Հայաստանում, իրավապաշտպանը պատասխանեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ ներկա Հայաստանում մենք դրա համար ենք պահանջում դատաիրավական համակարգի փոփոխություն, որպեսզի այդ համակարգն ամբողջությամբ իր ինստիտուցիոնալ, օրենսդրական ու սահմանադրական կարգավորումներով անջատված լինի քաղաքական իշխանությունից եւ այդ մարմիններին քաղաքական նպատակներով չօգտագործելը պայմանավորված չլինի զուտ քաղաքական կամքով։ Ենթադրենք, հիմա իշխանությունը քաղաքական հրահանգներ չի տալիս, բայց դա երաշխիք չէ, որ վաղը չէ մյուս օրը չի օգտագործվի, այսինքն, պետք է լինեն սահմանադրական երաշխիքներ»։
Ըստ Սաքունցի, նախորդ շրջանի բոլոր Սահմանադրությունները, այդ թվում եւ գործող Սահմանադրությունը, առաջնորդվել են գերկենտրոնացվածության տրամաբանությամբ, օրինակ սահմանադրական վերջին փոփոխություններով՝ կայուն քաղաքական մեծամասնության գաղափարը, ուստի անհրաժեշտ է սահմանադրական երաշխիքներ ստեղծել։
Հարցին, արդյո՞ք մերօրյա Հայաստանի դատաիրավական համակարգն անկախ է, իրավապաշտպանը պատասխանեց, որ այսօր վարչապետի կողմցի դատաիրավական համակարգի նկատմամբ քաղաքական նպատակներով թելադրանք չկա, բայց քանի դեռ ինստիտուցիոնալ, սահմանադրական մեխանիզմները չեն փոխվել, ռիսկը, որ վաղը կարող է օգտագործվել, մնում է։ «Վարքագծի առումով մտավախություն չունեմ, բայց քանի դեռ սահմանադրական փոփոխություններ չեն արվել, ռիսկը մնում է»,-ասաց նա։
Դիտարկմանը, արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որտեղ նաեւ ՀՀ վարչապետի հետ զրույցի վերաբերյալ դրվագներ կային, այդ ազդեցության վկայության մասին չի խոսում, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը, որ արդեն պաշտոնից հեռացվել է կամ դիմումով դուրս է եկել, ես արդեն այդ գաղտնալսման մասին կուզենայի իրենից լսել։ Ինքը, ըստ էության, պաշտոնից հետո ընդդիմադիր է, ինքը կասի երեւի թե, վարչապետն իրեն հրահանգ տվե՞լ է , թե ոչ»։