Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Տեղեկանք․ 2010-2020 թթ․ ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի փաստերով հարուցված քրեական գործերի և դրանց ընթացքի մասին

July 1, 2021

Activities | Reports|Information Papers|Brochures | Publications | State Institutions | Own | Closed and Semi-Closed Institutions | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է  2010-2020 թթ. ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում  զինծառայողների մահացության դեպքերով  հարուցված քրեական գործերի ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ուսումնասիրություն։

 

Ուսումնասիրության նպատակով ՀՔԱՎ-ը տվյալները հավաքագրել է պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխաններից,  պաշտոնական աղբյուների կայքէջերով հրապարակված հաղորդագրություններից, պաշտոնատար անձանց սոցիալական հարթակների էջերի գրառումներից, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկություններից։

 

Համաձայն ուսումնասիրության՝ 2010-2020 թթ. ընթացքում, ըստ վերոնշյալ տարբեր աղբյուրների, գրանցվել է 743 զինծառայողի մահվան ելքով դեպք։  Նշված դեպքերում ներառված չէ 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետևանքով մահացության դեպքերի թիվը, քանի որ, ըստ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝ այդ տվյալները դեռեւս ամբողջական չեն, սակայն ներառված է 2016 թ․-ի ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած դեպքերի թիվը:

 

ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տվյալներով այդ թիվը կազմում է 681, ընդ որում՝ նշված դեպքերից առնվազն 115-ը ՀՀ գլխավոր դատախազության կողմից համարվել են ծառայության հետ չկապված։ Նշված հանգամանքը, երբ հայտնի չէ ամբողջական տվյալ զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերի վերաբերյալ, պայմանավորված է նրանով, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված դասակարգումը սկսել է կիրառվել 2017 թ․-ից։

 

Եթե 2010-2017 թթ․ ՀՀ գլխավոր դատախազությունը զինված ուժերում մահացության դեպքերի մասին տվյալներ հրապարակելիս հայտնել է միայն ծառայության հետ կապված դեպքերը, ապա 2018 - 2019 թթ. ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում հրապարակվել են տվյալներ «զինվորական ծառայության հետ չկապված» դասակարգմամբ  մահացության դեպքերի մասին։

 

Հատկանշական է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ծառայության հետ չկապված դեպքերի մասին սկսել է հայտնել 2018 թ․-ին, երբ հաստատել է լրատվամիջոցների կողմից որոշ մահացության դեպքերի մասին տարածված տեղեկությունները: Արդյունքում 2018 թ․-ին, բացի ՀՀ ԱԺ-ին ներկայացվող ամենամյա հաղորդումներից, ՀՀ գլխավոր դատախազությունը առանձին տեղեկատվություն է տարածել նաև 2017 և 2018 թվականներին ծառայության հետ չկապված մահվան դեպքերի թվի մասին։

 

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, ապա նշենք, որ վերջինս գրեթե չի հրապարակում տարեկան ամփոփ տվյալներ զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ։

 

Վերջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մահվան դեպքերի թվին ու պատճառներին պաշտոնական անդրադարձ է եղել 2015 թ.-ին, երբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է զինծառայողների մահվան ելքով դեպքերի թիվը՝ «հաշվի առնելով դաշտում հնչող տարատեսակ թվերը»։

 

Մահացության դեպքերի մասին տեղեկությունները տարվա ընթացքում ևս ոչ միշտ են ներկայացվում ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջում կամ պաշտոնատար անձանց՝ սոցիալական հարթակների էջերում։ Կազմակերպության կողմից ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված՝ զինված ուժերում մահացության դեպքերի թվի, պատճառների և հանգամանքների վերաբերյալ տեղեկատվության հարցումներին հիմնականում տրվում է ոչ ամբողջական պատասխան, մասնավորապես՝ երբեմն տրամադրվում է մահացած զինծառայողների միայն թվի մասին տեղեկատվություն, երբեմն թվային տվյալը տրամադրվում է առանց  մահացության պատճառները նշելու, երբեմն նաև ընդհանրապես տվյալ չի հաղորդվում՝ դրանք համարելով պետական և ծառայողական գաղտնիք։

 

Անհասկանալի է ՀՀ ՊՆ նման մոտեցումը տեղեկատվության տրամադրման հարցում, մասնավորապես, երբ 2020 թ. առաջին և երկրորդ եռամսյակներում ՀՀ ՊՆ-ն Կազմակերպության տեղեկատվության հարցմանն ի պատասխան տրամադրել է որոշ տվյալներ մահացած զինծառայողների վերաբերյալ, իսկ նույն թվականի երկրորդ կիսամյակի վերաբերյալ նմանատիպ տեղեկատվության տրամադրումը մերժել է «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով՝ « ...Տեղեկատվություն տնօրինողը...մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա... խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը...»:

 

Հանրության համար զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունների անհասանելիությունը որևէ հիմնավորում չի կարող ունենալ, հատկապես երբ դրանք վերաբերում են մարդու այնպիսի իրավունքների խախտումներին, որոնք են կյանքի իրավունքն ու խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքը։ Եւ պաշտպանության նախարարությունը պետք է միատեսակ, իրավաչափ և կանխատեսելի մոտեցում ձևավորի նման տեղեկությունների տրամադրման հարցում՝ զերծ մնալով անհամաչափ և ժողովրդավարական պետության անվտանգային շահերի ապահովման տեսակետից անհամաչափ սահմանափակումներ կիրառելուց։ 

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

views: 337

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color