Մենք` քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Հայաստանում SLAPP (strategic lawsuit against public participation – SLAPP / ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության- ՌՀԸՀՄ) գործընթացների շարունակական զարգացմամբ, որը գնալով ձեռք է բերում ավելի վտանգավոր դրսևորումներ՝ ՀՀ-ում վտանգելով ժողովրդավարությունը և մարդկանց սահմանադրական իրավունքները։
2025 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 10-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ /ԶՊՄԿ/ աշխատակիցների կողմից իրականացված սոցիալական բնույթի գործադուլը ուղեկցվել է մասնակիցներից 8-ի աշխատանքից հեռացմամբ։
Կոմբինատի և գործադուլավորների միջև որոշակի բանակցություններից հետո գործադուլը դադարեցվեց, սակայն աշխատանքից հեռացված աշխատակիցները ոչ միայն չվերականգնվեցին աշխատանքում, այլև 2025 թվականի մայիսին ԶՊՄԿ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ 2025թ․հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված 8 քաղաքացիների՝ նրանցից պահանջելով 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով իբր ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցում։
Դատարանի կողմից բավարարվել է ԶՊՄԿ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և 2025 թվականի մայիսի 20-ին արգելանք է դրվել այդ քաղաքացիների գույքի վրա։
Կարևոր ենք համարում ընդգծել, որ այդ 8 շարքային քաղաքացիներից այդչափ գումար պահանջելը (յուրանքանչյուրին բաժին է հասնում մոտ 594.810.000 ՀՀ դրամ) մենք համարում ենք այդ քաղաքացիների կենսունակությունը ոչնչացնելու միտում։ Նման հայցադիմումներն ունակ են ունենալ բացասական հետևանքներ և զսպող և լռեցնող մեխանիզմ հանդիսանալ (chilling effect) հասարակության և մասնավորապես աշխատողների համար, որպեսզի չբարձրաձայնվեն իրավունքների խախտումների ու աշխատանքային հարաբերություններում առաջացող խնդիրների մասին։
Գործադուլի իրավունքը կարևոր իրավունքներից է բոլոր քաղաքակիրթ և ժողովրդավար երկրներում։ Ավելին՝ այն կանգնած է սոցիալական արդարության և ժողովրդավարության ակունքներում։ Գործադուլները, որպես այդպիսին, ավելի հաճախ տեղի են ունենում այն պարագայում, որտեղ բավարար կայացած չէ երկխոսության մշակույթը գործատու-աշխատավոր տիրույթում, իսկ ինքնաբուխ գործադուլները՝ երբ արհմիությունները բավարար անկախ չեն։
Այս ամենը էլ ավելի մտահոգիչ է, երբ ՀՀ Կառավարությունը հանդիսանում է հայցը ներկայացրած ընկերության համասեփականատեր։
SLAPP-ը կիրառվում է հատկապես բռնապետական կառավարում ունեցող պետություններում և դատապարտվում է ժողովրդավարական պետությունների, միջազգային ժողովրդավարական ինստիտուտների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Եվրոպական միությունը և Եվրոպայի Խորհուրդն ունեն ընդունված դիրեկտիվներ և առաջարկություններ և հորդորում են գործընկեր և անդամ պետություններին մշակել SLAPP գործընթացներին դիմակայելու օրենսդրություն, ինչը Հայաստանի Հանրապետության պարագայում, ինչպես տեսնում ենք, հրամայական է և հրատապ (ԵՄ դիրեկտիվներ, ԵԽ ռեկոմենդացիաներ)։
Հայաստանի Հանրապետությունում SLAPP գործընթացների շարունակական զարգացումը չի տեղավորվում Հայաստան-ԵՄ համափարփակ և ընդլայված գործընկերության մասին համաձայնագրի տրամաբանության մեջ և խոչընդոտ է ՀՀ-ի՝ Եվրոմիության հետ արդեն օրենքի մակարդակով ամրագրված մերձեցման և ինտեգրման ձգտումներին։
Մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հայտարարում ենք, որ ներկայացված իրավիճակը վտանգ է ներկայացնում ՀՀ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար, և պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ որպես ԶՊՄԿ համասեփականատեր՝
- Ապահովել, որ կոմբինատի աշխատողների նկատմամբ ներկայացված հայցադիմումը հետ վերցվի։
- Լիարժեք լուծում տալ ԶՊՄԿ գործադուլի մասնակիցների կողմից բարձրաձայնված հարցերին և այդ մասին ներկայացնել հանրային հաշվետվություն:
- Վերականգնել աշխատանքից ազատված քաղաքացիներին իրենց նախկին հաստիքներում։
- Աշխատանքներ ձեռնարկել ՀՀ-ում SLAPP գործընթացներից քաղաքացիներին պաշտպանելու օրենսդրության մշակման և ներդրման համար։
Ստորագրած կազմակերպություններ
- «Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
- «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
- «Կանաչ Հայաստան» ՀԿ
- «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
- «Ժողովրդավարական հարթակ» Հիմնադրամ
- «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ
- «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն
- «Առողջ միջավայր» ՀԿ
- «Նոր հորիզոններ» ՀԿ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- «Երիտասարդական քաղաքացիական կենտրոն» ՀԿ
- «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ
- «Շողեր միություն» սոցիալ֊կրթական ՀԿ
- Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
- «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
- «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
- «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ
- «Քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ
- «Հաջողակ կին» ՀԿ
- «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
- «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
- «Հանրային վերահսկողություն» ՀԿ
- Քիմիական անվտանգության կոալիցիա