Activities | News | State Institutions | Civilian Oversight and Monitoring | Legislative Proposals | Legislative Proposals and Analysis
2020-2021թթ․ հուլիսի 31-ի դրությամբ՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով, ՀՔԱՎ է դիմել 294 զինվորական անձ, որից 98-ը՝ զորակոչիկ։ Նրանց մի մասը բողոքել է բուզհաստատություններից, որոնք բուժզննության ընթացքում թույլ են տալիս մի շարք խախտումներ․ չեն պահպանում համավարակի անվտանգության կանոնները, չեն տրամադրում առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, եզրակացություններում չեն արձանագրում բոլոր գանգատները, կայացնում են չհիմնավորված որոշումներ։ Եվ սա, ցավոք, ամբողջական ցանկը չէ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը։
Մեր ուսումնասիրությունները, սակայն, այլ բան են ցույց տալիս։
Բուժհաստատությունները երկար տարիներ չեն արձանագրել զինակոչիկների բոլոր գանգատները առողջական վիճակի մասին, ինչի արդյունքում բանակ են զորակոչվել տարբեր առողջական խնդիրներ ունեցող անձինք։ ԿԲՀ-ն բացահայտ գործել է հօգուտ ՊՆ-ի՝ ուղղակի համալրելով բանակի թվաքանակը։
Այս պարագայում՝ բուժհաստատությունները ոչ միայն պետք է իրականացնեին օրենքով սահմանված բուժզննում, արձանագրեին հայտնաբերած առողջական բոլոր խնդիրները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կատարեին անվճար բուժում։
ՀՔԱՎ ուսումնասիրությունների համաձայն՝ միայն 2020 թ․՝ մինչև պատերազմը, բանակում զինվորների մահացության դեպքերի 25 տոկոսը եղել է առողջական խնդիրների պատճառով։
Տես նաև՝ 2019 թ. ձմեռային, 2020 թ. ամառային, 2020 թ. ձմեռային և 2021թ․ ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույց |
Այս ցուցանիշը ևս մեկ անգամ փաստում է՝ զորակոչի ընթացքում բուժհաստատությունների կողմից զորակոչիկների իրավունքների խախտումների հետ։ Հաճախ զորակոչի ընթացքում ոչ պատշաճ բժշկական հետազոտություն իրականացնելու հետևանքով զորակոչիկը ճանաչվում է պիտանի կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը, այն պարագայում, երբ նրա առողջական վիճակի հիման վրա պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայությանը։ ՀՔԱՎ-ի իրավական աջակցության շնորհիվ նման իրավիճակում հայտնված բազմաթիվ զորակոչիկներ կարողանում են վերականգնել իրենց իրավունքները, այդ թվում՝ դատարանում։
Ինչ վերաբերում է համավարակի պայմաններում զորակոչի կազմակերպմանը, ապա չնայած նրան, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները հայտարարում էին, թե զինկոմիսարիատներում կատարվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները, առողջական խնդիրներ ունեցող և կասկածելի ախտանշաններ ունեցող զորակոչիկները չեն զորակոչվելու, նաև կարանտինային փուլով են անցնելու՝ մինչ զինված ուժերի շարքերը համալրելը, այս դեպքում էլ մեր ուսումնասիրություններն այլ պատկեր են ցույց տալիս։
Զորակոչի ընթացքում, զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները ոչ միայն չեն պահպանվել համավարակի կանխարգելման կանոնները, այլև զորակոչիկների զննությունն իրականացրել են այլ զորակոչիկների կամ այլ անձանց ներկայությամբ, ինչը ոչ միայն համավարակի կանոնների խախտում է, այլև առողջական վիճակի գաղտնիության իրավունքի։
Սրա մասին դեռ մինչև համավարակը ՀՔԱՎ-ը պարբերաբար ահազանգել է և առաջարկներ ներկայացրել։
Վերահաստատելով մեր նախկին առաջարկները և հաշվի առնելով նոր իրավիճակը՝ բժշկական հաստատություններին առաջարկում ենք․
զորակոչիկներին ենթարկել համալիր հետազոտությունների՝ նրանց իրական վիճակը բացահայտելու համար: Միևնույն ժամանակ տրամադրել նրանց առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի օրինակները:
պետության կողմից տրամադրվող անվճար բուժօգնության շրջանակներում իրականացնել արդյունավետ և որակյալ անվճար բժշկական միջոցառումներ:
բացառել համավարակով պայմանավորված խոչընդոտները պայմանագրային զինծառայություն անցնողների բուժզննության կազմակերպման ընթացքում:
Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին առաջարկում ենք․
իրականացնել մի քանի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկի բժշկական զննությունը բոլոր խնդիրներով և առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել առողջական բոլոր խնդիրների վերաբերյալ՝ անկախ մեկ խնդրով պիտանիության վերաբերյալ որոշումից և անկախ այն հանգամանքից, թե երբ է առաջացել առողջական խնդիրը:
բժշկական փորձաքննություն իրականացնելիս ապահովել անձի առողջական վիճակի գաղտնիության իրավունքը:
բացառել զորակոչիկների գանգատները չարձանագրելու պրակտիկան:
հաշվի առնել սեզոնային հիվանդությունների բնույթը եւ առանձնահատկությունները, միայն դրա հիման վրա կայացնել համապատասխան որոշում։
Կենտրոնական բժշկական հանձնաժողովին առաջարկում ենք․
տրամադրել այնպիսի եզրակացություններ, որոնց տարբերությունը զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ակտերով հաստատված ախտորոշումների հետ հիմնավորված է:
միմյանցից էականորեն տարբերվող հոդվածների դեպքում կայացնել հիմնավորված որոշում:
ապահովել ըստ հիվանդությունների՝ մինչ զորակոչը վիրահատական ցուցումների առկայության և դրանից չհրաժարվելու դեպքում զորակոչիկների վիրահատության իրականացումը:
ապահովել բոլոր անհրաժեշտ հետազոտությունների համար նախատեսված ուղեգիր՝ զորակոչիկի պիտանիության վերաբերյալ ճիշտ և իրական որոշում կայացնելու համար: