Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ներկայացվեց հոգեբուժական հաստատություններում համավարակներին դիմագրավելու ՀՔԱՎ մշակած փաստաթուղթը՝ հիմնված միջազգային չափանիշների և տարածաշրջանային փորձի վրա

December 3, 2022

Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together

Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․)

 

2022 թ․ նոյեմբերի 22-ին Երևանում կայացավ «Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակներում պետության կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության» քաղաքականության մշակման փաստաթղթի քննարկում-աշխատաժողովը։ Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ քննարկել և ստացված դիտարկումների հիման վրա ամբողջացնել փաստաթուղթը։

 

Փաստաթուղթը պատրաստվել է «Նպաստել Հայաստանի հոգեբուժական հաստատություններում համավարակներին հակազդելու համակարգված ընթացակարգերի ընդունմանը» ծրագրի շրջանակում։ 

 

Ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին համավարակն է, խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքներն ապահովելն ավելի բարդ է դառնում։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, որոնք գտնվում էին հաստատություններում, համավարակի խստացման պայմաններում ավելի մեկուսացան՝ հնարավորություն չունենալով նույնիսկ շփվելու իրենց հարազատների հետ։ 

 

Ինչպե՞ս կարելի էր կանխել կամ մեղմացնել այս իրավիճակը, ի՞նչ հնարավոր լուծումներ կան, որոնք կիրառվում են աշխարհում, ի՞նչ կարող է անել պետությունը, եթե ապագայում կրկին այս խնդրի առաջ կանգնի։ 

 

Այս հարցերի պատասխանները գտնելու համար նախաձեռնեցինք փաստաթղթի մշակումը, որի համար նախ այցեր ենք կատարել ՀՀ հոգեբուժական հաստատություններ՝ հասկանալու համար, թե գործնականում ինչպես է դա տեղի ունեցել, ապա այցեր ենք կատարել Վրաստան և Մոլդովա՝ ուսումնասիրելու տեղի փորձը, և այս ամենը համադրել ենք օրենսդրական կարգավորումների ու միջազգային չափանիշների հետ։ Փաստաթղթում առանձին անդրադարձ կա հոգեկան առողջության համակարգերի առանձնահատկություններով պայմանավորված խնդիրներին և թե ինչ լուծումներ են տրվել դրանց։

 

Փաստաթուղթը եզրափակվում է առաջարկություններով՝ ուղղված համավարակներով պայմանավորված արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։

 

Աշխատաժողովին ներկա էին ինչպես պետական մարմինների, հոգեբուժական հաստատությունների, խնամքի շուրջօրյա տների, հասարակական դիտորդական խմբերի, այնպես էլ Վրաստանի և Մոլդովայի մեր գործընկերները, որոնք նաև ներկայացրին իրենց փորձը։

 

Բացման խոսքում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը կարևորեց այս նախաձեռնությունը՝ նշելով, որ փաստաթուղթը հնարավորություն է տալիս համադրել ինչպես միջազգային չափանիշները, այնպես էլ հոգեբուժական հաստատություններում համավարակին դիմագրավելու այլ երկրների փորձը, ինչը թույլ է տալիս ոչ միայն աշխատել համանման իրավիճակներում հետևանքների վերացման ուղղությամբ, այլև կանխարգելման։

 

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ներկայացրեց Covid-19 համավարակի վիճակը Հայաստանում, մասնավորապես՝ անդրադարձավ հոգեբուժական հաստատություններում համավարակով պայմանավորված վիճակին և մարտահրավերներին։

 

Հաջորդիվ իրենց երկրների փորձով կիսվեցին Վրաստանի և Մոլդովայի գործընկերները։

 

Վրաստանի հոգեբույժների միության նախագահ Էկա Չկոնիան, որն աջակցել է նաև Վրաստան կատարած ՀՔԱՎ այցի ընթացքում, ներկայացրեց հոգեբուժական հաստատություններում համավարակների դիմագրավման վրացական փորձը, ինչպես նաև հոգեկան առողջության ոլորտում Վրաստանի ռազմավարական առաջնահերթությունները։

 

«Համավարակի գրեթե երեք տարիների ընթացքում սոցիալական մեկուսացումն ու անբարենպաստ սոցիալ-տնտեսական հանգամանքները հանգեցրեցին դեպրեսիայի և տագնապայնության 25% աճի ողջ աշխարհում։ Երեխաներն ու երիտասարդները դեռ երկար տարիներ կարող են զգալ ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը իրենց հոգեկան առողջության և ինքնազգացողության վրա։ Շատ կարևոր է համախմբել մեր գիտելիքն ու համավարակի ընթացքում քաղված դասերը և օգտագործել դրանք՝ հետագա մարտահրավերներին դիմակայելու համար։ Քաղաքականության այս փաստաթուղթը տեղեկատվության լավ աղբյուր է մեր բոլոր երկրների համար, քանի որ մենք շատ բան կարող ենք սովորել միմյանցից»․ նշում է Է․ Չկոնիան։

 

Մոլդովայի մարդու իրավունքների ինստիտուտի փորձագետ Սվետլանա Դոլտուն ներկայացրեց Մոլդովայում հոգեկան առողջության համակարգը և թե ինչպիսին է հոգեբուժական հաստատություններում COVID-19-ին դիմագրավելու մոլոդովական փորձը։

 

«Մոլդովան, Հայաստանն ու Վրաստանը համանման փորձ ունեն։ Այդ առումով յուրաքանչյուր երկրի տված լուծումները ընդհանուր առմամբ կիրառելի են բոլորի համար, այսպիսով՝ այս փաստաթուղթը կառավարական և ոչ կառավարական դերակատարների միջև փորձի փոխանակման հնարավորություն է տալիս, այդ թվում՝ հոգեկան առողջության ծառայություններում գենդերազգայունության ու մարդու իրավունքների ապահովման համատեքստում, և առաջին քայլն է շարունակական համագործակցության և առողջապահական ու հոգեկան առողջության ոլորտներում միջինստիտուցիոնալ և միջազգային մակարդակում լավ փորձի տարածման համար»։

 

Քննարկմանը ներկա մասնագետները ներկայացրին իրենց դիտարկումները և հոգեբուժական հաստատություններում համավարակի դիմագրավման իրենց փորձառությունը։ Ներկայացված դիտարկումների հիման վրա փաստաթուղթը կամբողջացվի և կհրապարկվի առաջիկայում։ 

 

Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ՝ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության 2020-2022թթ ծրագրի» քաղհասարակության կազմակերպությունների համար «COVID-19 ՔԿՀ-ներում և հոգեբուժական հաստատություններում» մրցույթի արդյունքում: 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ: 

———————

Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

 

 

 

Դիտումներ՝ 108

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????