Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | Տեսադարան
2010 թվականին Չարենցավանի 5-րդ դպրոցում 10-ամյա երեխայի մահվան լուրը ցնցեց հանրությանը, բայց արագ էլ մոռացվեց։ Պատճառների մասին՝ քիչ հետո, մինչ այդ՝ ծնողները վերհիշում են դեպքի մանրամասները։ Տունը, որտեղ ապրում էին Մկրտչյանները, դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էր։
Երեխային դպրոց ճանապարհելուց կես ժամ անց մայրը բնակարանի պատուհանից դպրոցի մաքրուհու բացականչություններն է լսում։ «Դերենիկին հիվանդանոց տարան»․․․ միայն այսքանն էր hստակ հասկացվում։ Երեխային դպրոցի մաքրուհին է դասարանից ձեռքերի վրա իջեցրել, իսկ դպրոցի մուտքի մոտ ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ Արսեն Ավագյանն է առաջին օգնությունը ցույց տվել։ Զգալով, որ երեխան չի շնչում, շտապօգնության մեքենային չեն սպասել, մոտակայքում կայանած հացի մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։ Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, որտեղ է եղել ուսուցչուհին և մահվան ինչ վարկածներ են հետո շրջանառվել, Արսեն Ավագյանը չի հիշում․ շատ ժամանակ է անցել։
«Զարմանալի չէ։ Դեպքից հետո եղածը թաքցնելու, ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր են արվել»,- ասում է մայրը։ Տղաները, ում հետ վիճաբանություն է եղել, Վրեժն ու Իշխանն են, արդեն 21 տարեկան։ Իշխանին Երևանում գտանք, շինարարության վրա է աշխատում։ Դեպքը հիշում էր, բայց ոչ բոլոր մանրամասներով։ Դասընկերոջ մահից հետո Իշխանը երկար ժամանակ հոգեբանական ծանր վիճակում է եղել։ Ասում է՝ հետո է հասկացել է, որ նրա մահվան մեջ մեղավոր չէ։ Իշխանը ծառայությունից մեկ տարի առաջ է վերադարձել։ Ասում է՝ ամեն ինչ կտար, որ այդ օրն իր կյանքում պարզապես չլիներ։ Որ եղբայրներն ակտիվ են եղել, նաև տղաների ծնողները փաստեցին։ Մաթեմատիկայի ուսուցչուհին՝ Էմմա Կարապետյանը, որ հիմա թոշակի է անցել, ասել է, որ ինքը դասարանում է եղել, վեճ չի եղել, Դերենիկն էլ առողջական խնդիրների պատճառով է մահացել։ Մինչդեռ դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ երեխան առողջական խնդիրներ չի ունեցել, մարմնի վրա կապտուկներ են եղել, կապտուկ է եղել նաև քունքի շրջանում, իսկ մահը վրա է հասել թթվածնային քաղցի պատճառով։
Էմմա Կարապետյանի հետ խոսել չկարողացանք, քաղաքում չէր։ Հարևանն ասաց՝ Մոսկվա է գնացել։ Հենց այստեղ են Դերենիկի հարազատները տեսնում խնդիրը։ Ասում են՝ ծանոթ-բարեկամի կապերով ժամանակին կարողացել են գործը կարճել։ Ո՞վ էր իրականում մեղավոր երեխայի մահվան մեջ՝ մնաց չբացահայտված։ Դեպքից միայն 2 ամիս անց՝ տուժող կողմի միջամտությամբ է քրեական գործ հարուցվել, բայց ոչ թե մահվան, այլ մարմնական թեթև վնասվածք հասցնելու հատկանիշներով։ Մի քանի տարի տեղական բոլոր ատյաններում արդյունքի չհասնելուց հետո փաստաբանները գանգատ ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Տարիներ տևած քննությունից հետո օրեր առաջ հրապարակվեց վճիռը՝ առ այն, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ կետը։ Հիմա գործը նորից վերաբացելու են։ Թեպետ 11 տարվա վաղեմության գործը մի շարք դժվարություններ առաջ կբերի, բայց հույսը, որ մեղավորները կպատժվեն, ծնողները դեռ չեն կորցնում։ «Վերջապես Դերենիկս հանգստություն կգտնի»,- ասում են նրանք։ Մանրամասները՝ տեսանյութում։