Ընտրողական մոտեցումն ընդունելի չէ ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքների տեսակետից: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին հնչող սպառնալիքների խնդրին:
«Մի քանի օր առաջ ԱԱԾ պետը հայտնեց ֆեյք օգտատիրոջ ձերբակալության, նրա նկատմամբ քրեական հետապնդման մասին՝ ատելության, թշնամանքի խոսքի հիմքով: Բայց սոցիալական ցանցերում, նաև հրապարակավ մարդիկ Լիլիթ Մարտիրոսյանի դեմ խոսում են ատելության, թշնամանքի, սպառնալիքի տոնով ու բառերով: Եվ ես չեմ տեսնում քրեական գործի հարուցման փաստեր»,- ասաց իրավապաշտպանը:
Սա Արթուր Սաքունցն ընտրողական մոտեցում է համարում:
«Իսկ ընտրողական մոտեցումը տեղին չէ: Սա նույնպես չպետք է ընդունելի լինի և ընդունելի չէ ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքների տեսակետից»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն ապրիլի 5-ին խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ ելույթ էր ունեցել ԱԺ ամբիոնից, ինչը բուռն արձագանքի է արժանացել հանրության մի հատվածի շրջանում: