Սույն ԶԵԿՈՒՅՑում ներկայացվում է 2023 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքում արձանագրված զորակոչիկների, զինվորական հաշվառման ենթակա և պահեստազորում հաշվառված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում սկսեցին անցկացվել պարբերական վարժական հավաքներ, Զեկույցում անդրադարձ է կատարված նաև դիտարկվող ժամանակահատվածում (2023 թ ապրիլի 17-ից մինչև 2024 թ հունվարի 31-ը) Կազմակերպություն դիմած պահեստազորում հաշվառված անձանց կողմից բարձրաձայնված խնդիրներին:
Զեկույցում արձանագրված են նաև հաշվետու ժամանակահատվածում Կազմակերպությանը դիմած զինվորական հաշվառման ենթակա և օրենքի պահանջների խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները 2023 թ ապրիլի 17-ից մինչև 2024 թ հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում։
2023 թ. ամառային և 2023 թ. ձմեռային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած բոլոր անձանց տրամադրվել է բանավոր խորհրդատվություն։ Բացի այդ, 35 հոգու՝ 24 զորակոչիկի, պահեստազորում հաշվառված 10 անձանց և զինվորական հաշվառման ենթակա 1 անձի տրամադրվել է նաև գրավոր ընթացակարգով իրավական աջակցություն, որի շրջանակներում ուղարկվել է 41 գրություն ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն։
24 զորակոչիկներից 22-ի խնդիրը կապված է եղել առողջական խնդիրների, դրանց առկայությամբ զինծառայությանը պիտանիության իրավաչափության, առողջական վիճակի համաիր հետազոտման իրականացման հետ, 1-ի խնդիրը վերաբերել է տարկետման ընթացքում արտերկրում կրթություն ստանալու համար անձնագրի տրամադրմանն ու վավերականության ժամկետի երկարաձգմանը, 1-ի խնդիրը վերաբերել է սեփական միջոցներով առողջական վիճակի հետազոտություններ անցնելու արհեստական խոչընդոտների ստեղծմանը՝ բժշկական հաստատությունների կողմից՝ վերջինիս զորակոչիկ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված։
Գրավոր ընթացակարգով իրավական աջակցություն ստացած 10 պահեստազորայիններից 5-ի խնդիրը վերաբերվել է վարժական հավաքներին մասնակցության ժամակահատվածի փոփոխությանը, 2-ինը՝ առողջական վիճակով պայմանավորված վարժական հավաքներին ենթակա ճանաչվելուն, 2-ինը՝ աշխատանքով պայմանավորված վարժական հավաքներին մասնակցությանը, 1-ինը՝ վարժական հավաքների կանչման իրավաչափությանը։
Արցախից ՀՀ տեղափոխված զինվորական հաշվառման ենթակա 1 անձի գործով դիմում է ուղարկվել ՀՀ ՊՆ ԶԶՀԾ՝ վերջինիս զինվորական հաշվառման վերաբերյալ։
Կազմակերպությանը դիմած 97 զորակոչիկներից.
- 4-ը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար,
- 4-ը ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար,
- 7-ին տրամադրվել է տարկետում զինվորական ծառայությունից մինչև 1 տարի ժամկետով (5 ամիս, 6 ամիս կամ 10 ամիս),
- 5-ի վերաբերյալ կենտրոնական բժշկական հանջնաժողովի (ԿԲՀ) եզրակացության բողոքարկման արդյունքում որոշում է կայացվել վերջիններիս ներկայացնել հաջորդ զորակոչին,
- 1-ի անձնագրում երկարաձգվել է արտերկրում գտնվելու թույլտվության ժամկետը՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրին մասնակցելու նպատակով,
- 13-ը, չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ, բողոքարկել է զինվորական ծառայությանը պիտանիության մասին ԿԲՀ եզրակացությունը։ Կազմակերպությունը շարունակում է իրավական աջակցություն է ցուցաբերել նշված զորակոչիկների՝ քրեական վարույթի շրջանակներում։
Կազմակերպությանը դիմած պահեստազորում հաշվառված 64 անձանցից
- 3-ը, ովքեր պահեստազորայիններին վարժական հավաքների ներգրավելու շրջանակներում չեն ենթարկվել բժշկական համալիր հետազոտությունների, Կազմակերպության դիմումների հիման վրա համապատասխան գանգատներով ուղեգրվել են բժշկական հետազոտությունների, որոնց արդյունքում կայացվել է որոշում վերջիններիս՝ վարժական հավաքների ենթակա լինելու մասին,
- 1-ը ով ԲՈւՀ-ի ուսաանող է Կազմակերպության դիմումի հիման վրա ներգրավվել է վարժական հավաքների համալսարանի ավարտական քննություններից հետո,
- 1-ը ճանաչվել է վարժական հավաքներին ոչ ենթակա՝ առողջական խնդիրներով պայմանավորված։
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվի առնելով այն հանգամանքը, զորակոչի կազմակերպման և անցկացման ընթաքում առկա են խնդիրներ, որոնք կրում են պարբերական բնույթ, շարունակաբար արձանագրվում են յուրաքանչյուր զորակոչի ժամանակ և մինչ օրս լուծված չեն՝ ներկայացնում ենք համապատասխան առաջարկությունները.
- Պետության կողմից տրամադիր անվճար բուժօգնության շրջանակներում իրականացնել արդյունավետ և որակյալ բժշկական միջոցառումներ՝ ներառյալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա և այլ լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ, որոնք կապահովեն զորակոչիկների առողջական խնդիրների բացահայտման արդյունավետությունը:
- Բժշկական փորձաքննություն իրականացնելիս ապահովել անձի առողջական վիճակի գաղտնիության իրավունքը:
- Բացառել զորակոչիկների կողմից ներկայացված գանգատները չարձանագրելու պրակտիկան: Անկախ այդ գանգատների հետագա հետազոտման արդյունքներից՝ դրանք պատշաճ արձանագրել անձի առողջական վիճակի հետազոտման ակտերում։
- Հաշվի առնել սեզոնային հիվանդությունների բնույթը և առանձնահատկությունները, և միայն դրա հիման վրա կայացնել համապատասխան որոշում:
- Ապահովել բոլոր անհրաժեշտ հետազոտությունների համար նախատեսված ուղեգիր՝ զորակոչիկի պիտանիության վերաբերյալ ճիշտ և իրական որոշում կայացնելու համար:
- Բացառել որոշ բժշկական հաստատությունների՝ առանց ուղեգրի ներկայացած 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին՝ չհետազոտելու պրակտիկան՝ վերջիններիս տարիքի և զորակոչիկ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված։
- Մի քանի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկի բժշկական զննությունն իրականացնել բոլոր խնդիրներով և առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունը ներկայացնել առողջական բոլոր խնդիրների վերաբերյալ՝ անկախ մեկ խնդրով պիտանիության վերաբերյալ որոշումից:
- Անձի մոտ 5 և ավելի հիվանդության առկայության դեպքում դիտարկել ոչ թե միայն հիվանդությունների քանակը, այլ նույն անձի մոտ զուգահեռաբար մի քանի հիվանդության պարագայում հնարավոր ծանրաբեռնվածության և ընդհանուր առողջական վիճակի և հնարավոր վատթարացման հանգամանքը։
- Պիտանիության աստիճանը որոշող դրույթները սահմանելիս հաշվի առնել անձի առողջական խնդիրների ծանրության աստիճանը։
- Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում հստակեցնել «ձգձգվող» կամ «բուժմանը դժվար ենթարկվող» հասկացությունները և սահմանել կոնկրետ ժամկետներ կամ ժամանակահատվածներ ըստ յուրաքանչյուր հիվանդության։
- ՀՀ կառավարության 2018 թ. N 404-Ն որոշման բացատրական մասում հոդվածների փորձաքննության կարգը համապատասխանեցնել է նույն որոշման հավելված 1-ում իմպերատիվ կերպով գործող դրույթին։ (Օրինակ՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման Հավելված 1-ով իմպերատիվ կերպով սահմանվում է, որ միակ ամորձու դեպքում անձինք, այդ թվում նաև չորրորդ և հինգերորդ սյունակներով փորձաքննվողները պետք է փորձաքննվեն միայն 58-րդ հոդվածի «ա» կետով և ոչ թե «գ» կետով, ինչպես սահմանվում է 56-րդ հոդվածի բացատրական մասում՝ «չորրորդ և հինգերորդ սյունակների համար կիրառվում է 58 հոդվածի «գ» կետը», այսինքն՝ անձինք պիտանի են զինվորական ծառայության համար)։
- Հաշվի առնելով մտավոր խնդիրներ ունեցող զինծառայողների՝ զինվորական պարտականությունների արդյունավետ իրականացման խոչընդոտները և կարևորելով զինծառայողների առողջության վատթարացման կանխարգելումը՝ ընդունել զորակոչիկների և զինծառայողների համար բարենպաստ իրավական ակտ՝ զինվորական ծառայությունից ազատելով «Մտավոր հետամնացություն, ուսման հետ կապված խնդիրներ» ունեցող զորակոչիկներին։
- Օրենքով նախատեված եղբայրների նույն զորամասում ծառայության անցնելու մասին դրույթի կիրառման հիմքում չդնել ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չլինելու համգամանքը և զորակոչվող եղբոր մասնագիտացումը, հնարավորություն ընձեռելով եղբայրներին ծառայելու նույն զորամասում։
- Բոլոր իրավական ակտերում «Զինվորական կոմիսարիատ» եզրույթը փոխարինել «Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում» երզույթով։
- Պահեստազորում հաշվառված անձանց՝ հայտարարված վարժական հավաքների կամ զորահավաքային զորակոչի շրջանակներում ներգրավելիս իրականացնել վերջիններիս պատշաճ, օբյեկտիվ բժշկական զննությունն ու փորձաքննությունը:
- Հայտարարված վարժական հավաքների կամ զորահավաքային զորակոչի շրջանակներում պահեստազորում հաշվառված անձանց զորակոչելիս հաշվի առնել նրանց զինվորական մասնագիտությունը:
- Զորակոչիկներին և պահեստազորում հածվառված անձանց ենթարկել համալիր հետազոտությունների՝ նրանց իրական առողջական վիճակը բացահայտելու համար: