Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ
2020 թ.-ի հուլիսի 1-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Ա. Զալյանի բողոքը, բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ.-ի մայիսի 15-ի որոշումն ու պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակից Ա.Ս.-ի իրավունքների և ազատությունների խախտումները՝ նրան տրամադրելով քրեական գործի կարճման որոշումը:
Հիշեցնենք՝ 2019 թ.-ի դեկտեմբերի 16-ին Լոռու մարզի դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Ա. Ավագյանը գրությամբ Ա. Զալյանին իրազեկել էր, որ «Լոռու առողջապահություն» հիմնադրամի հետ կապված չարաշահումների քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը Ա.Ս.-ին չի կարող տրամադրվել՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի, որով հստակ ամրագրված է այն անձանց շրջանակը, որոնց ուղարկվում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:
Քրեական գործի կարճման առիթով 2020 թ.-ի հուլիսի 29-ին Ա. Զալյանը բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Օրեր անց՝ հուլիսի 31-ին, գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Չախոյանը գրությամբ տեղեկացրել էր, որ Լոռու մարզի դատախազի քննարկմանն է ուղարկել քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ գլխավոր դատախազին ուղղված նրա բողոքը:
2020 թ.-ի օգոստոսի 7-ին մարզի դատախազ, Արդարադատության 2-րդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանը փաստաբան Զալյանին էր ուղարկել որոշում՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու մասին:
Ուսումնասիրելով Ա. Զալյանի բողոքը՝ դատախազը գտել է, որ բողոքարկման՝ օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը ենթակա է վերականգնման, որովհետև Ա.Ս.-ը և նրա շահերի ներկայացուցիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմանը ծանոթանալու հնարավորություն ունեցել են շատ ավելի ուշ՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ և օբյեկտիվորեն զրկված են եղել 7-օրյա ժամկետում այն վերադաս դատախազին բողոքարկելու: Ելնելով սույն հանգամանքից՝ մարզի դատախազը հիմնավոր է ճանաչել Ա.Ս.-ի ներկայացուցչի կողմից բողոքարկման ժամկետների բացթողումը հարգելի համարելու պահանջը և վերականգնել այն:
Դատախազի համար պակաս կարևոր չեն եղել նաև Ա. Զալյանի ներկայացրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հիմնավորումները, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր էր ձեռնարկել նույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, նրանց պատասխանատվությունը մեղմացնող ու ծանրացնող, այնպես էլ արդարացնող հանգամանքները: Նույն օրենսգրքի 27-րդ հոդվածով՝ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են հարուցված քրեական գործով օրենքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել՝ հանցագործության, այն կատարած անձանց և դրա հանգամանքները բացահայտելու համար: Այս համատեքստում կարևոր անդրադարձ է արվել Արայիկ Զալյանի բողոքի այն դրվագին, որ տարիներ շարունակ «Լոռու առողջապահություն» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել են ոչ միայն Ա.Ս.-ի աշխատավարձի 1-ական տոկոսները, այլև մարզի բուժհաստատությունների աշխատակիցների: Իսկ այն, որ դրանք ստիպողաբար են եղել, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ներկայացված բողոքի քննության ժամանակ հայտնել է Ա.Ս.-ը՝ ասելով, որ «իրեն ստիպել են տալ համաձայնություն, որ իր աշխատավարձից գումար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին»: Չնայած այս կարևոր հանգամանքին՝ Ա.Ս.-ը քրեական գործով այդպես էլ որևէ դատավարական կարգավիճակ չի ստացել, մինչդեռ փաստերի բացահայտման առումով, նա կարող էր էական նշանակություն ունեցող տվյալներ փոխանցել քննությանը՝ նպաստելով թե՛ հանցագործության, թե՛ հանցագործների բացահայտմանը: Ավելին՝ նա որևէ դատավարական կարգավիճակով չի հարցաքննվել, ինչն արդեն իսկ վկայում է այն մասին, որ քննիչը չի ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր քայլերը՝ գործը բազմակողմանի և օբյեկտիվ քննելու համար: Ուշագրավ է այն, որ նույն ժամանակահատվածում այս քրեական գործի վարույթից անջատվել և մեկ այլ քրեական գործի շրջանակներում քննվում էր հիմնադրամի կառավարման մարմնի պաշտոնատար անձի պաշտոնեական դիրքի չարաշահումների և իրեն վերապահված լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքը, որով նա հիմնադրամի իրավունքներին ու օրինական շահերին պատճառել է էական վնաս: Այս պարագայում առավել քան անհիմն է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը:
Առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ Լոռու մարզի դատախազն ընդունել է որոշում՝ սույն գործով բողոքարկման 7-օրյա ժամկետը վերականգնելու, քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2019 թ.-ի հուլիսի 30-ի որոշումը վերացնելու մասին: Նկատի առնելով, որ քրեական գործն արդեն վերադարձվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, նույն վարչություն է ուղարկվել սույն որոշումը՝ նախաքննության համար: