Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է քաղաքացու արդար դատաքաննության իրավունքի խախտման դեպքով ՀՔԱՎ փաստաբանի վերաքննիչ բողոքը

July 22, 2020

Արդար դատաքննության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ

2020թ.-ի մայիսի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել։ 

 

Բողոքը վերաբերում էր «Լոռու առողջապահություն» հիմնադրամի հետ կապված քրեական գործով վարույթի կարճման որոշումը տրամադրելուն: Հիշեցնենք՝ խնդիրն առնչվում էր 2013-2018 թթ. «Լոռու առողջապահություն» հիմնադրամին Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակից Ա.Ս.-ի աշխատավարձի 1%-ն ամենամսյա «կամավոր» փոխանցելուն, ինչի հետևանքով  նա կրել էր գույքային վնաս։ ՀՔԱՎ փաստաբան Ա. Զալյանը հանդիսանում է Ա.Ս.-ի շահերի պաշտպանը:

 

Ա.Ս-ի ու, ընդհանրապես, Լոռու մարզպետարանում հիմնադրված հիմնադրամների խնդրին ՀՔԱՎ գրասենյակն անդրադարձել էր  2019 թվականին:

 

Դեռևս անցյալ տարի Ա.Ս.–ը էր դիմել Լոռու մարզպետին՝ հիմնադրամի գործունեության մասին տեղեկություններ ստանալու նպատակով և տեղեկացել, որ մարզպետի կողմից նյութեր են ուղարկվել ՀՀ դատախազություն՝ հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս անդամակցության պարտադրողական լինելու հարցը քննելու նպատակով։

 

Դրանց հիման վրա հնարավոր քրեական գործի հարուցման ընթացքին տեղեկանալու և գործով տուժող ճանաչվելու նպատակով Ա. Ս.-ը  դիմել էր Լոռու մարզի դատախազին։ Հարուցված քրեական գործի մասին նա տեղեկացել էր մարզի դատախազի պատասխան գրությունից: Ըստ այդմ՝ գործը հարուցվել էր 2018 թ.-ի հուլիսի 30-ին՝ Սպիտակի բուժկենտրոնի բժիշկ-նյարդաբանի կողմից ոստիկանության Սպիտակի բաժնում տրված հաղորդման հիման վրա՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշների: 1 տարի անց, սակայն, վարույթն իրականացնող մարմինը քրեական գործը կարճել էր՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ ՀՔԱՎ փաստաբան Ա. Զալյանն  այս կապակցությամբ 2019 թ.-ին դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազին՝ խնդրելով տրամադրել քրեական գործի կարճման որոշումը: Մարզի դատախազության դատախազ Ա. Ավագյանը մերժել էր այն տրամադրել՝ պատճառաբանելով, որ այդ գործում Ա. Ս.-ն որևէ դատավարական կարգավիճակ չունի: 

 

Քաղաքացու խախտված իրավունքները պաշտպանելու նպատակով՝ Ա. Զալյանը բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Լոռու մարզի դատախազի այդ որոշման դեմ՝ պահանջով պարտավորեցնել տրամադրել քրեական գործով վարույթի կարճման որոշումը:

 

Գլխավոր դատախազությունը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանի այս բողոքը քննարկման  էր ուղարկել Լոռու մարզի դատախազին։

 

2019 թ.-ի դեկտեմբերի 16-ին Լոռու մարզի դատախազ, Արդարադատության 2-րդ կարգի խորհրդական Ա. Ավագյանն իր գրությամբ Ա.Զալյանին իրազեկում է, որ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը չի կարող տրամադրվել՝ համաձայն «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի, որով հստակ ամրագրված է այն անձանց շրջանակը, որոնց ուղարկվում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: 

 

Հաջորդիվ Ա.Զալյանը բողոք է ներկայացնում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ վարույթն իրականացնող մարմնին՝ Ա.Ս.-ի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու պարտավորեցման պահանջով, ինչն էլ մերժվում է դատարանի կողմից:

 

Գտնելով, որ դատախազ Ա. Ավագյանի 2019 թ.-ի որոշման դեմ ներկայացված բողոքը մերժելու մասին որոշումն անհիմն է՝ Ա.Զալյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ստորադաս դատական ատյանի 2020 թ.-ի մայիսի 15-ի որոշման դեմ:

 

Այսպես՝ առաջին ատյանի դատարանը բողոքի մերժման հիմնավորում է համարել այն, որ Ա.Ս.-ը տվյալ քրեական գործով չի հարցաքննվել որպես վկա, չի ճանաչվել տուժող, հետևաբար իրավաչափ է, որ վարույթն իրականացնող մարմինը նրա ներկայացուցչին չի տրամադրել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը։ Ուշագրավ է, սակայն, որ բողոքի քննության ժամանակ դատարանն այդպես էլ որևէ գնահատական չի տվել Ա.Ս.-ի՝ քրեական գործով որևէ կարգավիճակ չունենալու հանգամանքին. արդյո՞ք գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ապահովվել է գործին առնչվող բոլոր անձանց մասնակցությունը, արդյո՞ք գործի հարուցված լինելու մասին տեղյակ են եղել գործին առնչվող բոլոր անձինք, այդ թվում և՝ Ա.Ս.-ը, թե՝ ոչ: Ի՞նչ պայմաններում է Ա. Ս.-ը տեղեկացել քրեական գործի հարուցման և կարճման մասին: Այս ամենից հետո միայն պիտի արձանագրվեր քրեական գործով որևէ կարգավիճակ չունենալու հանգամանքը։ Վերոնշյալ պնդումն ակնհայտ է նաև բողոքի քննությամբ պարզված փաստերից առ այն, որ քրեական գործի քննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը հարցաքննել է տարբեր վկաների, այդ թվում՝ բուժաշխատողների։ Նման իրավիճակում առավել քան անհասկանալի է, թե ինչու՞ վարույթն իրականացնող մարմինը չի հարցաքննել Ա.Ս.-ին: Ի վերջո, հենց  դրա արդյունքում է նա զրկվել քրեական գործով իրեն հայտնի տվյալները վարույթն իրականացնող մարմնին փոխանցելու հնարավորությունից։

 

Դատարանի եզրահանգման անհիմն լինելը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանը պատճառաբանել է  մի շարք փաստական և իրավական հիմնավորումներով։

 

Իր վերաքննիչ բողոքում Ա. Զալյանը վկայակոչել է մի շարք տեղական ու միջազգային իրավական փաստաթղթեր: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որի 58-րդ հոդվածով՝ «1. Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս (...):2. Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը»:

 

59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով էլ՝ «Տուժողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ»։

 

Ա.Ս.-ի դեպքում, ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրության հետ միաժամանակ ներկայացվել են ապացույցներ այն մասին, որ «Լոռու առողջապահություն» հիմնադրամի գործունեության արդյունքում Ա.Ս.-ը ևս կրել է գույքային վնաս՝ հիմնադրամի հաշվեհամարին աշխատավարձի 1-ական տոկոսների ամենամսյա փոխանցումների տեսքով։ Հարուցված քրեական գործի մասին տեղյակ չլինելու հետևանքով Ա. Ս.-ն օբյեկտիվորեն չի ունեցել քրեական գործով որպես տուժող ներգրավվելու հնարավորություն։ Մինչդեռ՝ քրեական արդարադատության համակարգում տուժողի պահանջմունքները բավարարելու և շահերը պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ պետությունների պարտականությունը սահմանված է նաև «Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի արդարադատության հիմնական սկզբունքների մասին» ՄԱԿ համապատասխան բանաձևում, որի համաձայն`(…)հանցագործությունից տուժողները ներպետական օրենսդրությանը համապատասխան պետք է ունենան արդարադատության մատչելիության և իրենց պատճառված վնասի արագ փոխհատուցման իրավունք: 

 

Զալյանն իր վերաքննիչ բողոքում նաև հղում է կատարել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի  «Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ» հանձնարարականին, ըստ որի՝ անդամ պետությունները պետք է հանցագործության զոհի համար երաշխավորեն իրենց գործին առնչվող և իրենց շահերի պաշտպանության ու իրավունքների իրացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Վերոնշյալն ի մի բերելով՝ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանն ընդգծել է՝ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ դատական պաշտպանության, սուբյեկտիվ իրավունք է: Այդ իրավունքներն ու ազատությունները ճանաչելու, պաշտպանելու, ինչպես նաև դրանց իրացումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելու հարցում գործում է պետության պոզիտիվ պարտականության սկզբունքը:

 

Մինչդատական վարույթի հանդեպ դատական վերահսկողությունը ևս այդ կառուցակարգերից է: Այս համատեքստում Ա. Զալյանն իր վերաքննիչ բողոքում վկայակոչել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ իրավական դիրքորոշումներից՝պնդելով, որ հենց այս իրավակարգավորումների լույսի ներքո դիտարկելով, պարզ է դառնում, որ տվյալ դեպքում չի ապահովվել քրեական դատավարության կարևորագույն խնդիրներից  մեկը՝ տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման իրական երաշխիքը քրեական գործի քննության ընթացքին տուժողի մասնակցությունն է: 

 

Քրեական գործով վարույթը կարճելուց հետո, ի հայտ է եկել ենթադրյալ հանցագործությունից տուժած անձը, որը և պետք է հնարավորություն ունենար ծանոթանալու քրեական գործի նյութերին։

 

Համադրելով  գործի փաստական հանգամանքները վերը թվարկված իրավական դրույթների հետ՝ հատկանշական է, որ քրեական գործը հարուցվել է Սպիտակի բժշկական կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերից «Լոռու առողջապահություն» հիմնադրամին պարտադրողական անդամակցության և փոխանցումների դեպքի առիթով, նույն այն հիմնադրամի, որի հաշվեհամարին 5 տարի շարունակ՝ 2013-2018թթ.-ին, ի թիվս Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակիցների, փոխանցվել են նաև Ա.Ս.-ի աշխատավարձի 1-ական տոկոսները: Մինչդեռ Ա. Ս.-ը, որը փոխանցումների մասով անմիջական առնչություն է ունեցել հարուցված քրեական գործին, զրկված է եղել վերջինիս մասին դիրքորոշում  հայտնելու և վարույթն իրականացնող մարմնի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, որովհետև գործի քննության ընթացքը նրան հասանելի չի եղել, գործի առկայության մասին էլ տեղեկացել է միայն Լոռու մարզպետի գրությունից։ 

 

Ստացվում է, որ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների իմաստով նա իրավունք ունի դիմելու թե՛ դատարան, և թե՛ վերադասության կարգով բողոքարկել վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշումը, որն անմիջականորեն առնչվում է Ա. Ս.-ի իրավունքներին և շահերին։ Դրա փոխարեն վարույթն իրականացնող մարմնի կողմից իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող որոշումը Ա.Ս.-ին չտրամադրելը և բողոքը քննած դատարանի կողմից դա իրավաչափ համարելը, հանգեցրել է նրա քրեադատավարական իրավունքների խախտմանը՝ զրկելով նրան համապատասխան որոշման բովանդակությանը ծանոթանալու և այն դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից։

 

Արդյունքում՝ հարուցված քրեական գործի և դրա ընթացքի մասին տեղեկություն չունենալն արգելք է հանդիսացել Ա.Ս.-ի քրեադատավարական իրավունքների իրացման համար, ինչն իր հերթին, որպես բացասական հետևանք ազդել է քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա:

 

Գործի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դատարանի ողջ որոշումը պարունակում է գործի նյութերից վերցրված փաստերի ուղղակի շարադրանք, ինչպիսի պայմաններում Ա. Զալյանի ներկայացրած փաստերը դատարանն, ըստ էության, քննության չի առել, ինչը և հանգեցրել է Ա.Ս.-ի արդար դատաքաննության իրավունքի խախտմանը։

 

Հաշվի առնելով վերոգրյալը  և հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ՝ ՀՔԱՎ փաստաբան Ա. Զալյանը խնդրել է Վերաքննիչ դատարանից բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ. մայիսի 15-ի որոշումն ու գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ա. Ս.-ի իրավունքների և ազատությունների խախտումները։

 

Բողոքում շարադրված իրավական վերլուծությունների ուսումնասիրությամբ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ  քրեական գործն առնչվում է Ա.Ս.-ի իրավունքներին ու օրինական շահերին: Նա պիտի ունենա հնարավորություն՝ ծանոթանալու քրեական գործի կարճման որոշմանը, հարկ եղած դեպքում բողոքարկելու նպատակով: Այդ իրավունքի իրացման տեսակետից խիստ կարևոր է գործի կարճման որոշումը նրան տրամադրելը: 

 

Վերաքննիչը եկել է եզրահանգման, որ առաջին ատյանի դատարանի հետևություններն ու քրեական գործի կարճման որոշումը Ա.Ս.-ին չտրամադրելը պատշաճ հիմնավորված ու պատճառաբանված չեն եղել, ինչն էլ հանգեցրել է նրա իրավունքների ու ազատությունների, մասնավորաբար՝ գործի արդյունավետ քննության իրավունքի խախտմանը: 

 

Հիմք ընդունելով այս ամենը՝ 2020 թ.-ի հուլիսի 1-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել ՀՔԱՎ փաստաբան Ա. Զալյանի բողոքը բավարարելու մասին, միաժամանակ բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ. մայիսի 15-ի որոշումն ու պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ա.Ս.-ի իրավունքների և ազատությունների խախտումները: 

Դիտումներ՝ 1053

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????