Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդ» 🔎 դաշինքը հավաքագրում է երկարաժամկետ դիտորդների և համակարգողների

July 4, 2023

Գործունեություն | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

 

 

 

📣 Երևանի ավագանու ընտրությունները մոտ են։  Ուստի «Անկախ դիտորդ» 🔎 դաշինքը հավաքագրում է երկարաժամկետ դիտորդների և կարճաժամկետ դիտորդների համակարգողների՝ առաքելությանը միանալու համար։

 

Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններն ըստ ամենայնի տեղի են ունենալու 2023թ․ սեպտեմբերի 17-ին: «Անկախ դիտորդ» դաշինքը պատրաստվում է լայնածավալ դիտորդական առաքելություն իրականացնել Երևանում։ Այս փուլում մենք հավաքագրում ենք երկարաժամկետ դիտորդների: 

 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու լիազորություները վաղաժամկետ դադարեցվել էին 2018թ․, քանի որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր ներկայացրել հուլիսի 9-ին, իսկ ավագանին չէր ընտրել համայնքի նոր ղեկավար։ 2018թ․ սեպտեմբերին ավագանու ընտրություներում մեծամասնություն ստացավ «Իմ քայլը» դաշինքը և օրենքի ուժով քաղաքապետի պաշտոնը ստանձնեց դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը։ 2021թ․ դեկտեմբերի 22-ին ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը 44 կողմ ձայնով անվստահություն հայտնեց քաղաքապետին։ Ավագանու կողմից ընտրված նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին հրաժարական ներկայացրեց 2023թ․ մարտի 17։ 

 

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները իրականացնում է առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, իսկ ավագանիում մեծամասնությունը ունեցողբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի հայտարարված թեկնածուն քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն է։

 

2021-2023թթ․ ՏԻՄ ընտրությունների դիտարկումը թույլ է տալիս պնդել, որ պաշտոնը զբաղեցնող թեկնածուն, համայնքի ղեկավարը կամ ժամանակավոր պաշտոնակատարը, վարչական ռեսուրսների շնորհիվ, չարաշահելով կամ օրենքի շրջանակներում օգտագործելով այն, առավելություն են ձեռք բերում մրցակիցների հանդեպ և գրեթե միշտ հաղթում ընտրություներում։ Չնայած ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը չի հանդիսանում քաղաքապետի պաշտոնակատար, իր գործունեությունը և գործունեության լուսաբանումը թույլ են տալիս պնդել, որ նա՝  որպես թեկնածու ստանում է վարչական ռեսուրսների, այդ թվում հանրային հեռուստաընկերությամբ լուսաբանման այնպիսի հասանելիություն, որը չունի և երբևէ չի ունեցել որևէ այլ թեկնածու։ 

 

Չնայած ընտրությունները դեռ պաշտոնապես նշանակված չեն, իրենց թեկնածության մասին են հայտնել ևս մի քանի կուսակցություններ, իսկ քարոզչության վաղ մեկնարկի համատեքստում կարելի է նշել նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին։

 

Այս հանգամանքները և Երևան քաղաքի քաղաքական նշանակությունը հաշվի առնելով՝ առավել կարևոր է դառնում նախընտրական փուլի երկարաժամկետ դիտարկումը՝ վարչական և տնտեսական լծակներից, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունից ընտրություները զերծ պահելը և քաղաքացիական վերահսկողություն իրականացնելը։

 

«Անկախ դիտորդ» դաշինքը իրականացնելու է նախընտրական փուլի, քվեարկության օրվա և հետընտրական փուլի ամբողջական դիտարկում: 

 

 

Դիմելու համար անհրաժեշտ է մանրամասն կարդալ աշխատանքի նկարագրությունը 👇  և ապա անցնել հղմամբ՝ https://forms.gle/rvdNDVBESS97Ce8M9  📅 Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ. հուլիսի 14-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին 

☎️ զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077032268, 032272268 

📩 գրել մեր ֆեյսբուքյան էջին 

👩‍💼🧑‍ կոնտակտային անձինք՝ Անտոն Իվչենկո, Սյուզաննա Ղարաղաշյան:

 

 Երկարաժամկետ դիտորդների հիմնական պարտականությունները 

 📍 Հարցազրույցների իրականացում կուսակցությունների, թեկնածուների և ընտրական վարչարարություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների հետ

📍 Առաջադրված թեկնածուների քարոզարշավի մշտադիտարկում

📍 Ընտրական վարչարարություն իրականացնող մարմինների, ՏԻՄ և պետական մարմինների աշխատանքների մշտադիտարկում

📍 Նախընտրական փուլի զարգացումները հասկանալուն ուղղված այլ առաջադրանքների կատարում

📍 Քվեարկության օրը շրջիկ դիտորդության իրականացում (ոչ պարտադիր)

📍 Ըստ անհրաժեշտության՝ արդյունքների վերահաշվարկի դիտարկում, ավագանու առաջին նիստի դիտարկում

 

 

  Կարճաժամկետ դիտորդների համակարգողների աշխատանքային պարտականությունները

📍  Մասնակցել դիտորդների հավաքագրմանը, ուսումնասիրել դիմումները և կապ պահպանել ընտրված դիտորնդերի հետ

📍  Կազմակերպել դիտորդների վերապատրաստման դասընթացը և ապահովել դիտորդների տեղափոխությունն ու մասնակցությունը դասընթացին 


📍 Դիտորդների աշխատանքի վերահսկում, փոխհատուցման կազմակերպում

 

Բաց կանչին արձագանքողներից ակնկալվում է՝

💡Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի մասին տեղեկացվածություն և ընտրական գործընթացների դերի կարևորում

💡Արդյունավետ և ոչ կոնֆլիկտային հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև համագործակցելու և արագ արձագանքելու պատրաստակամություն

💡Դիտարկման արդյունքների մասին հստակ և մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու հմտություն

💡Պատասխանատվության բարձ զգացում, ժամանակի կառավարման, ժամկետներում տեղավորվելու հմտություն

💡Գրավոր և բանավոր հայոց լեզվի գերազանց իմացություն

 

❗️ «Անկախ դիտորդի» վարքագծի կանոններն են՝ 

 

 Ներգրավվելով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտորդական առաքելության մեջ պարտավորվում եմ

- Ինձ հայտնի դառնալուն պես Դիտորդական առաքելությանը տեղեկացնել թեկնածուների կամ ընտրական գործընթացի այլ մասնակիցների հետ բարեկամական, ընկերական կամ գործնական կապերի մասին, որոնք կարող են ազդել դիտորդի անկախության վրա կամ մեկնաբանվել որպես այդպիսին

Դիտորդություն իրականացնելիս՝ պարտավորվում եմ 

- Ներկայանալ ընտրական հանձնաժողովների նախագահներին, գրանցվել և տեսանելիորեն կրել դիտորդի վկայականը 

- Հարգել ՀՀ գործող օրենսդրությունը

- Լինել անկուսակցական

- Չլինել կողմնակալ և դիտորդություն իրականացնելիս չառաջնորդվել քաղաքական հայացքներով

- Հագուստի կամ ունեցած պարագաների վրա որևէ քաղաքական ուժի խորհրդանիշ չկրել

- Լինել հարգալից ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների հանդեպ

- Չհայտնել անձնական տվյալներ

- Դիտարկման ընթացքում վիճաբանության մեջ չմտնել և ցուցումներ չտալ ընտրական գործընթացի որևէ մասնակցի 

- Չխանգարել նախընտրական գործընթացներին և չխոչընդոտել ընտրական որևէ փուլի աշխատանքներին: 

- Ընտրական հանձնաժողովի անդամներից, վստահված անձանցից և ընտրողներից չընդունել որևէ բան, ինչը կարող է ազդել դիտարկողի անկախության և ազատության վրա կամ մեկնաբանվել որպես այդպիսին 

- Առանց համակարգողին տեղեկացնելու չլքել դիտարկման հանձնարարված տարածքը 

- Դիտարկումն իրականացնել թափանցիկ կերպով

- Արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված տվյալները չփոխանցել երրորդ անձանց

- Հարցազրույցներ տալ միայն համակարգողի թույլտվությամբ 

- Չօգնել որևէ ընտրողի, բացառությամբ կյանքի կամ առողջության համար անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հնարավոր դեպքից 

- Համագործակցել Առաքելության գործընկեր դիտորդի և շրջիկ դիտորդների հետ 

- Անհրաժեշտության և փոխադարձ համաձայնության դեպքում համագործակցել այլ, բայց անկողմնակալ դիտորդների հետ

- Ոստիկանության ծառայողներին դիմել միայն տեղամասային կենտրոնից դուրս եղած խախտումների առնչությամբ կամ եթե կա դիտորդի անձին կամ գույքին իրական սպառնալիք

- Աջակցության կամ խորհրդատվության համար դիմել առաքելության իրավաբանին

- Հասկանալ, որ այս վարքականոնի որևէ գիտակցված խախտում վարկաբեկում է ոչ միայն իրեն, այլև ընտրությունների դիտարկման առաքելությունն ամբողջությամբ:

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները: 
Դիտումներ՝ 389

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????