Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Լրատվամիջոցները մեր մասին | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
ՀՀ Ազգային ժողովն այսօր Քրեական օրենսգրքում կատարեց փոփոխություններ, որոնք, մասնավորապես, առնչվում էին ընտրական գործընթացում հնարավոր հանցագործություններին։
Փոփոխություններով քրեականացվեց նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որեւէ եղանակով խոչընդոտելը։ Այս արարքը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:
Իսկ ահա տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:
Իսկ հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:
Վերոնշյալ երկու արարքները բռնության գործադրման կամ դրա սպառնալիքով կատարելու դեպքում պատժվելու են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, հանրային ծառայողի մասնակցության դեպքում՝ մինչեւ հինգ տարի ժամկետով։
Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը պատժվելու է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նախագծով, ինչպես երեւում է, քարոզարշավի ֆինանսավորման կարգի խախտման դեպքում պատասխանատվության վերաբերյալ որեւէ տեղ նշված չէ։ Սա, ի դեպ, դժգոհություն է առաջացրել քաղհասարակությունից նախագծի մշակմանը մասնակցած անձանց շրջանում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ԱԺ-ում նախագծի քննարկումից առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նախագծի նախնական տարբերակում եղել են նաեւ քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածներ, որոնք, ի դեպ, արժանացել էին ոչ միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու արտախորհրդարանական ուժերի, այլ նաեւ Վենետիկի հանձնաժողովի հավանությունը։ Իսկ հիմա այդ հոդվածներն, ըստ Իոաննիսյանի, իշխանությունները հանել են՝ ի հեճուկս քաղհասարակության ու հանրային քննարկումների ժամանակ հնչեցրած այն մոտեցումների, որ գալիք ընտրությունների ժամանակ առավել կարեւոր է ֆինանսավորման կարգի ապահովումը, եւ հանել են՝ առանց հանրային քննարկման։
Խորհրդարանում նախագիծը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Նա ընդգծեց, որ ընտրական օրինախախտումների վերաբերյալ փոփոխությունների այս փաթեթն ավելի ընդլայնված առկա է Ընտրական օրենսգրքի բարեփոխման մեծ նախագծում։ Բայց, ըստ Հովակիմյանի, քանի որ հնարավոր է՝ զարգացումներն այնպես ընթանան, որ այդ մեծ փաթեթը ուժի մեջ չմտնի մինչեւ առաջիկա ընտրությունները, ուստի դրանց մեկնարկի համար խիստ անհրաժեշտ բոլոր փոփոխություններն առանձնացվել ու քննարկվում են հրատապության կարգով։
Խորհրդարանում, որն ունի ավելի քան 130 պատգամավոր, նախընտրական գործընթացում կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության մասին գեթ մեկ հարց չհնչեց, չնայած՝ խորհրդարանական մեծամասնություն Իմ քայլը մշտապես կարեւորել է այս հարցը։
Այսօր ընդունված նախագծի մշակման աշխատանքներին մասնակցած, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի եւ զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի կարծիքով՝ Ազգային ժողովում չխոսվեց այդ հարցի մասին, քանի որ բոլորի համար էլ օգտակար է այդ անորոշ վիճակը, երբ կա արգելքը, սակայն դրա խախտման դեպքում պատասխանատվություն սահմանված չէ։
Infocom-ի հետ զրույցում Գրիգորյանը նկատեց՝ կուսակցությունների ֆինանսավորմանը, նվիրատվությունների խախտումներին վերաբերող հոդվածներն, ըստ էության, նույն ձեւակերպմամբ ընդունելի են եղել «Իմ քայլի» ներկայացուցիչների համար, երբ մշակվում էին «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները։
Մեր զրույցում Գրիգորյանն ասաց, որ ֆինանսավորման արգելքի առնչությամբ փաստարկ է եղել, թե փոփոխությունը կարող է միանշանակ չընդունվել ու կարող է՝ որոշ ընդդիմադիրներ մտածեն, որ դա վերջին պահին կանոնների խստացում է կամ նման մի բան։ Այս մեկնաբանության հետ, սակայն, Գրիգորյանն ինքը համաձայն չէ․
«Իմ կարծիքով՝ այդ փաստարկները տեղին չէին, որովհետեւ արգելքն ամեն դեպքում կա, նոր չէ։ Այսինքն՝ ե՛ւ Օրենսգիրքն է սահմանում ինչ-որ սահմանափակումներ, եւ նման այլ սանկցիաներ են նախատեսված։ Ուղղակի եթե մինչ այս ասվում էր՝ արգելված է, ապա հիմա պետք է խստացվեին սանկցիաները, հիմա հստակեցվելու էր, թե այդ արգելքի խախտման դեպքում ինչ պատասխանատվություն է սահմանվում»,- մեկնաբանեց Վարդինե Գրիգորյանը։ Իսկ հիմա, փաստորեն, ստացվում է՝ ասում ես՝ այո՛, արգելված է, բայց խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ։
«Հիմա եթե կուսակցությունը տարբեր տեսակի ֆինանսավորում ստանա, պատասխանատվության համապատասխան մեխանիզմներ կան, իսկ նախընտրական հիմնադրամին նվիրատվությունների մասով այս պահի դրությամբ պատասխանատվություն չկա»։
Ըստ մեր զրուցակցի՝ լռություն պահպանելով՝ քաղաքական ուժերը փաստացի առաջ են տանում իրենց բոլորի համար օգտակար վիճակը, երբ որոշակի անորոշություն կա քարոզարշավի ֆինանսավորման մասով, իսկ դա նրանց ձեռնտու է՝ հատկապես դրամահավքների ժամանակ․
«Մենք գիտենք, որ կան կուսակցություններ կամ ուժեր, որոնք դրամահավաքի ժամանակ ընդունում են կամ անանուն, կամ անկախնիկ ֆինանսավորում, ինչը, ենթադրաբար, չի թույլատրվում, բայց բոլորն ուզում են, որ դրա հնարավորությունը լինի։ Եւ փորձում են շրջանցել պատասխանատվության մասը, մտածում են, որ քաղաքական ֆինանսավորում այլ ձեւով հնարավոր չէ։ Օրինակ՝ մտածում են, որ եթե պարզ լինի, թե ովքեր են ֆինանսավորողները, այդ մարդիկ կարող են խնդիր ունենալ, ընդ որում՝ կապ չունի՝ իշխանության համար, թե ընդդիմության։ Բայց հարցն այն է, որ ի սկզբանե անանուն ֆինանսավորումն արգելված է։ Այսինքն՝ կամ պետք է ազնվորեն ասել՝ կարծում ենք՝ անոնիմ ֆինանսավորման քաղաքական կամ այլ հետեւանքները ավելի քիչ վնասակար են, քան եթե իմացվի ֆինանսավորման աղբյուրը, ուրեմն եկեք թույլատրենք»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով՝ ավելի լավ է՝ ազնիվ լինել, եւ ասել՝ եթե այդպիսի ֆինանսավորումն ընդունելի է, ուրեմն ընդունեն, որ այսուհետ հնարավորություն տրվի։ Նրա համոզմամբ՝ եթե նախընտրական շրջանում ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ դրույթներն այս ընտրությունների ժամանակ չկիրառվեն, ապա անպայման պետք է ընդունվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթով։