Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կարծիք՝ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

July 28, 2022

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

13.07.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը[1] (այսուհետ՝ նաև Նախագիծ):

 

Ըստ հրապարակված բնութագրի՝ Նախագծով առաջարկվում է արդիականացնել 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը՝ այն համապատասխանեցնելով ներկայիս իրավական և միջազգային պահանջներին։

 

Այնուամենայնիվ, Նախագծի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ մի շարք ասպեկտներով այն չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության  իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր:

 

Այսպես.

 

  1. Նախագծով ներմուծվել է նոր՝ «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» հասկացությունը (փոփոխությունը նախատեսված էր նաև նախորդ խմբագրությամբ նախագծով[2]), որը բնորոշվում է հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրա­պետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբե­րություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»:

 

Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը պարարտ հող է ստեղծում տեղեկատվության հայեցողական և ոչ իրավաչափ սահմանափակման համար: Եթե գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները պետք է առնվազն վերաբերեն Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներին, և առկա պետք է լինի դրանց տարածմամբ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնաս հասցնելու հավանականությունը, ապա առաջարկվող փոփոխությամբ որպես տեղեկատվութան սահմանափակման չափանիշ, ի թիվս այլոց, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին բացասաբար անդրադառնալու հավանականությունը: Նման իրավակարգավորումը հնարավորություն է ընձեռում սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու անորոշ շրջանակի տեղեկություններ, որոնք նույնիսկ չեն հանդիսանում պետական գաղտնիքի մաս: Փաստացի նախատեսվում են տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու լայն լիազորություններ և դրանք չարաշահելու հնարավորություն՝ նշված հասկացության քողի տակ գաղտնագրելու ցանկացած՝ պետական մարմնի համար հրապարակման առումով անհարմար, ոչ ցանկալի տեղեկատվություն: Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը ուղղակիորեն հակասում է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ Սահմանադրության պահանջներին:

 

Նույնիսկ մի կողմ թողնելով կարգավորման իրավաչափությունը՝ գտնում ենք, որ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին բացասաբար անդրադառնալու չափանիշով տեղեկությունների դասումը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դուրս է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներից (նախագիծը այս հասկացության շրջանակներում ենթադրում է նաև պետական գաղտնիքի հետ որևէ առնչություն չունեցող տեղեկությունների ներառում): Ավելին, Նախագծով հաշվի չեն առնված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները և պահանջները, որոնք պարտադիր են նաև հանրային նշանակության կազմակերպությունների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների համար:

 

  1. Ողջունելի ենք համարում Նախագծով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններից յուրաքանչյուրի համար տարբերակման չափորոշիչների սահմանումը՝ տեղեկատվության տարածման հետևանքով պատճառվելիք ծանրության աստիճանի հիման վրա: Այնուամենայնիվ, Նախագծով չեն նախատեսվել տարբերակված ժամկետներ՝ գաղտնիության յուրաքանչյուր աստիճանի տեղեկությունների պահպանման համար: Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, գաղտնագրման պահից (տեղեկու­թյունները գաղտնագրելուց) սկսած, որպես գաղտնիք պահպանվում են 30 տարի: Գաղտնագրման ժամկետների տեսանկյունից սահմանված իրավակարգավորումը առավել վատթարացրել է գործող օրենսդրությունը՝ սահմանելով գաղտնիության բոլոր աստիճանների համար գաղտնագրման նույն ժամկետը՝ բացառելով առավել սեղմ ժամկետով տեղեկությունը գաղտնագրելու հնարավորությունը:

 

Միևնույն ժամանակ չի նախատեսվել հնարավորություն տեղեկությունը գաղտնագրելու ոչ միայն հստակ ժամանակահատվածով, այլ մինչև որոշակի պայմանի/իրադարձության վրա հասնելը: Չի սահմանվել նաև դրույթ, որը կպարտավորեցնի կիրառողին առաջնորդվել տեղեկատվության նվազագույն անհրաժեշտ սահմանափակման սկզբունքով: Նման երկար ժամկետներ սահմանող կարգավորումը չի բխում միջազգային փորձից և տեղեկատվության ազատության կանխավարկածից:

 

  • Հիմք ընդունելով լավագույն միջազգային փորձի ուսումնասիրությունը[3]՝ առաջարկում ենք վերանայել սահմանված ժամկետները՝ նախատեսելով պահպանության հետևյալ առավելագույն ժամկետները. «հատուկ կարևորության» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 20 տարի, «հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 10 տարի, «գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 5 տարի։

  • Հաճախ տեղեկատվության գաղտնագրման անհրաժեշտությունը կարող է փոխկապակցված լինել կոնկրետ իրադարձության կամ պայմանի հետ, ուստի տեղեկությունը կոնկրետ ժամկետով գաղտնագրելը նման դեպքերում ևս չի կարող համարվել արդյունավետ, ինչը կհանգեցնի այն անհիմն կերպով հնարավորինս երկար ժամկետով գաղտնագրելուն: Ուստի առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածը լրացնել տեղեկությունները մինչև որոշակի պայմանի (իրադարձության, հանգամանքի) վրա հասնելը գաղտնագրելու հնարավորություն սահմանող դրույթով, ինչը ևս կիրառվում է մի շարք պետություններում[4]։

  • Առաջարկում ենք նաև Նախագծի 14-րդ հոդվածը լրացնել տեղեկությունները հնարավոր և իրապես անհրաժեշտ նվազագույն ժամկետով գաղտնագրելու՝ պաշտոնատար անձանց պարտականությունը սահմանող դրույթով:

 

  1. Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին (տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում) կարող են դասվել այդ թվում հետևյալ տեղեկությունները՝

 

  • պետական պաշտպանական պատվերների ծավալների մասին (մաս 3, «գ» կետ),

  • պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փոր­ձակոնստրուկտորական աշխատանքների մասին (մաս 3, «դ» կետ),

  • Հայաստանի Հանրապետության ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին (մաս 3, «է» կետ):

 

Հաշվի առնելով  «պաշտպանական պատվերների ծավալներ» հասկացության չափազանց լայն լինելը՝ դրա տակ հնարավոր է հասկանալ, ցանկացած պատվերի ծավալ, որն այս կամ այն եղանակով ծառայեցվում է պաշտպանական՝ բանակի ապահովման կարիքներին, այդ թվում, օրինակ, Պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերվող սննդի քանակի, դրա հետ փոխկապակցված՝ դրանց արժեքային ցուցանիշների մասին կամ ցանկացած այլ՝ ռազմական վերազինմանը չվերաբերող տեղեկություն: 

 

Նմանապես, «տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փոր­ձակոնստրուկտորական աշխատանքներ» հասկացությունը ևս այնչափ լայն է և անորոշ, որ դրա տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ ընդհուպ պետության կողմից տնտեսական քաղաքականության բնագավառում իրականացվող ցանկացած ծրագրի, գործողության, ընդունված որոշման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ինչն ակնհայտորեն ոչ իրավաչափորեն սահմանափակում է հասարակության տեղեկացվածության իրավունքը երկրում գիտության և տեխնիկայի զարգացման, այդ ոլորտներում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետության մասին: Գտնում ենք, որ այս առումով միայն ռազմարդյունաբերության ոլորտում նվաճումների (այդ թվում՝ արտադրության մեջ օգտագործվող հումքերի և նյութերի) մասին տեղեկատվության սահմանափակումը կարող է համարվել անձի տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն:

 

Վերջապես ՀՀ ֆինանսների և բյուջետային քաղաքականության մասին տվյալները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու՝ օրենքով սահմանված հնարավորությունն առհասարակ չի կարող գնահատվել որպես համաչափ՝ տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակմամբ հետապնդվող նպատակներին: Դրանից բխում է, որ կառավարության որոշմամբ գաղտնագրել հնարավոր է պետության ցանկացած ֆինանսական ցուցանիշների մաս կազմող տեղեկատվություն: Վերը նշված տեղեկությունների գաղտնագրման այդչափ լայն հնարավորությունը ողջամտորեն հնարավոր չէ անմիջականորեն բխեցնել ազգային անվտանգության ապահովման իրավաչափ անհրաժեշտությունից, ուստի այն խախտում է ժողովրդավարական հասարակությունում մարդու՝ պետության տնտեսական, ֆինանսական քաղաքականության մասին տեղեկացվածության ապահովման  իրավաչափ շահը: Միևնույն ժամանակ բյուջետային քաղաքականությունն ի վերջո արտացոլվում է պետական բյուջեում, որն ընդունվում է ԱԺ կողմից որպես օրենք՝ հրապարակային նորմատիվ-իրավական ակտ: Բյուջետային քաղաքականության մասին ցանկացած տեղեկատվության գաղտնագրման հնարավորությունը բացառվում է նաև այդ պատճառով: Նշված տեղեկությունների գաղտնագրումը չի կարող համարվել տեղեկատվության մատչելիության իրավաչափ սահմանափակում, ուստի այն անհրաժեշտ է հանել նախագծից կամ սահմանել այդպիսի սահմանափակման հստակ և բացառիկ նախապայմաններ:

 

Հիմնվելով միջազգային փորձի վերլուծության վրա[5]՝ առաջարկում ենք․

 

  • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը վերաշարադրել՝ դրանում օգտագործվող «պաշտպանական պատվեր» բառակապակցությունը փոխարինելով «սպառազինության և ռազմական նշանակության ապրանքների, օբյեկտների պատվերներ» բառերով.

  • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «կամ տնտեսական» բառերը կամ փոխարենը, որպես գաղտնագրման ենթակա տեղեկություն նախատեսելով այժմ Կառավարության թիվ 173 որոշման 15-րդ կետում շարադրված դրույթը՝ «պատերազմի ժամանակ ՀՀ տնտեսության կայուն գործունեության նախապատրաստումը բացահայտող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները».

  • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «է» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից)» բառերը կամ դրանք փոխարինելով «ֆինանսական քաղաքականութան նախապատրաստման մասին, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետությանը կամ բացասաբար ազդել կապիտալի և ֆինանսական շուկաների վրա» բառերով:

 

  1. Նախագծի 9-րդ հոդվածից հանվել է նախորդ խմբագրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստի­ճան պաշտոնատար անձանց առողջության վերա­բերյալ տեղեկությունները՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասման ոչ ենթակա տեղեկություն լինելու վերաբերյալ սահմանափակումը: Բացի այդ, պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկում կրկին չի ներառվել այլ պետությունների իրավաստեղծ փորձում լայնորեն կիրառվող մի շարք այլ կարևոր տեղեկություններ, մասնավորապես.

 

  • մարդկանց անվտանգությանն ու առողջությանն ինքնին վտանգ չներկայացնող, սակայն բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները,

  • պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները,

  • բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները,

  • ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները:

 

Միևնույն ժամանակ, նախագծում տեղ գտած «առողջապահության բնագավառ», «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» ձևակերպումները կարող են հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման ու տեղեկատվության ազատության իրավունքի  ոչ իրավաչափ սահմանափակման, քանի որ դրանց տառացի մեկնաբանման պարագայում կարող ենք հասկանալ, որ խոսքը վերաբերում է բացառապես այդ ոլորտներում իրականացվող գործողություններին, ծրագրերին և չի վերաբերում բնակչության առողջության և շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկություններին:

 

Նախագծի 9-րդ հոդվածից հանվել են սահմանափակման ոչ ենթակա  ներքոգրյալ տեղեկությունները.

 

- իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները,

 

- այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական և ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացասական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական և ճյուղային ծրագրերի իրականացման վրա,

 

- արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված արագ արձագանքման պաշարի մասին տեղեկությունները:

 

Հաշվի առնելով նշված տեղեկությունների հանրային կարևորության աստիճանը՝ գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը հետընթաց քայլ է գործող իրավակարգավորումների համեմատությամբ, և նշված դրույթների խմբագրությունն այս մասով ենթակա է վերականգնման:

 

  • Հիմք ընդունելով նշվածը և միջազգային լավագույն փորձը[6]՝ առաջարկում ենք ընդլայնել նախագծի 9-րդ հոդվածով սահմանված՝ պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկը՝ դրանում ներառելով.

  • բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «1» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «մարդկանց անվտանգությանը և առողջությանը, բնությանը և շրջակա միջավայրին սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները»,

  • պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները,

  • բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները,

  • ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները,

  • բնակչության առողջության, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «2» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «տնտեսության, բնության և շրջակա միջավայրի, բնակչության առողջության վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները»։

  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց առողջության վերա­բերյալ տեղեկությունները:

  • Օրենքի 9-րդ հոդվածի «3» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների, հանցագործությունների վիճակագրության մասին տեղեկությունները»:

  • Վերականգնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով սահմանված դրույթները:

 

  1. Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և արդիականության սկզբունքներին համապատասխան: (….) Գաղտնագրման հիմնավորվածությունը դա յուրաքանչյուր տեղեկության համապատասխանությունն է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին` ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերից»:

 

Ինչպես և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, Նախագիծը ևս ընդհանրական կերպով սահմանում է պետական  մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, պարտականությունը՝ հիմնավորելու տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու անհրաժետությունը (հոդված 11, 2-րդ մաս), սակայն միևնույն ժամանակ չի ամրագրում պաշտոնատար անձանց հստակ պարտականությունը՝ տեղեկությունները գաղտնիքների շարքին դասելիս նշելու տեղեկատվությունը գաղտնագրելու և հատկապես կոնկրետ ժամանակահատվածով գաղտնագրելու պատճառ հանդիսացող հիմքերը:

 

Պաշտոնատար անձի կողմից տեղեկությունը գաղտնագրելը խիստ մեխանիկորեն՝ ուղղակի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին համապատասխանության ստուգման միջոցով, այդ գործընթացում որևէ ուղեկցող հիմնավորում նշելու պարտականության բացակայությունը անառարկելիորեն նպաստում է կամայականության և տեղեկությունները գաղտնի պահելու չափից շատ դեպքերի թվի մեծացմանը: Հակառակը, նման պարտականության սահմանման դեպքում տեղեկությունը պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը պարտավորված կլինի յուրաքանչյուր առանձին դեպքում իրապես գնահատել կոնկրետ տեղեկատվության կոնկրետ ժամանակահատվածում կամ մինչև կոնկրետ պայմանի վրա հասնելը հրապարակման հետևանքով որոշակի վնասի առաջացման հնարավորությունը: Սա բխում է նաև միջազգային չափորոշիչներից և միջազգային լավագույն իրավաստեղծ փորձից[7]:

 

  • Առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածում սահմանել պաշտոնատար անձանց պարտականությունը` տեղեկություններ գաղտնագրելիս յուրաքանչյուր տեղեկատվության մասով նշելու գաղտնագրման տևողությունը, գաղտնազերծման հստակ ժամանակը կամ պայմանը, ինչպես նաև տեղեկությունը գաղտնագրելու (այդ թվում՝ գաղտնիության այդ աստիճանի շնորհման և տևողության մասով) անհրաժեշտության հիմնավորումը: ՀՀ կառավարությանը առաջարկվում է նաև մշակել և ընդունել  հիմնավորումը յուրաքանչյուր գաղտնագրված տեղեկության կրիչին կցելու կարգը:

 

  1. Գործող օրենքի պես Նախագծի 11-րդ հոդվածով ևս սահմանվում է․ «Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք»: Վերջին դրույթը սահմանվել է Սահմանադրական դատարանի 06.03.2012 թ. թիվ ՍԴՈ-1010 որոշման կայացման արդյունքում, որով Սահմանադրական դատարանը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախկին խմբագրությամբ գործող 12-րդ հոդվածի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով այն չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանը գտել է, որ գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից, և դրանց ոչ հրապարակային բնույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ և խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Սահմանադրական դատարանի դիրքորոշումից ակնհայտ բխում է, որ իրավաչափ կարող է համարվել ցանկում ներառված կոնկրետ տեղեկության, սակայն ոչ ամբողջ ցանկի իմպերատիվ գաղտնագրումը: Եվ չնայած նշված որոշման կայացումից հետո օրենսդիրը նախաձեռնել է փոփոխություն օրենքում, փոփոխված դրույթի ներկայիս խմբագրությունը, ինչպես և նախագծում կիրառված ձևակերպումը կրկին համահունչ չէ Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշմանը, ինչպես նաև չի համապատասխանում որոշակիության չափանիշին՝ գործնականում հնարավորություն ստեղծելով գերատեսչական ցանկում գոնե մեկ անուն պաշտպանված տեղեկության առկայության պարագայում գաղտնագրելու ոչ թե այդ տողը, այլ ցանկն ամբողջությամբ, ինչն էլ տեղեկատվության տնօրինող պետական մարմինների մեծամասնությունը գործնականում իրականացնում է[8]: Արդյունքում հանրությունը հասանելիություն չի ունենում այն նորմատիվ-իրավական ակտին և այն չափանիշներին, որոնց հիման վրա իրականացվում է տեղեկատվության գաղտնագրումը, ինչը հակասում է նաև միջազգային չափորոշիչներին (տե՛ս հաջորդ ենթաբաժնում): Նշված խնդրին առաջնային լուծում տալու համար անհրաժեշտ է գաղտնազերծել բոլոր գաղտնագրված ընդլայնված գերատեսչական ցանկերը՝ ինքնին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող տվյալներ պարունակող տողերի բացառությամբ:

 

Ինչ վերաբերում է պետական մարմինների՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակման՝ օրենքով սահմանված իրավասությանը, կարծում ենք, որ այն խիստ խնդրահարույց է: Առաջին հերթին, նման իրավասությամբ փաստացի բոլոր գործադիր մարմիններին օժտելը մեծացնում է տեղեկատվության չարդարացված գաղտնագրման հնարավորությունը և ներկայիս օրենքով սահմանված՝ այդ ցանկերը գաղտնագրելու իրավական հնարավորության պայմաններում: Միևնույն ժամանակ նման իրավակարգավորումը չի ապահովում պետական գաղտնիքի պահպանության ոլորտում պետության միատեսակ և համաչափ (տեղեկատվության ազատության սահմանափակման համաչափության տեսանկյունից) քաղաքականություն վարելու իրական հնարավորությունը: Յուրաքանչյուր գործադիր մարմին իրականացնում է պետության քաղաքականությունն ու գործառույթներն իրեն վերապահված ոլորտում, իսկ ազգային անվտանգության ապահովման, այդ թվում՝ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանությունը այս մարմինների ճնշող մեծամասնության համար ընտրովի (ֆակուլտատիվ) պարտականություն է, որի քաղաքականության մշակումը (այդ թվում՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերի մշակումը) նպատակահարմար չէ թողնել յուրաքանչյուր այդպիսի մարմնի հայեցողությանը՝ անկախ նրանից, որ այդ քաղաքականությունը մշակելիս գերատեսչությունները այնուամենայնիվ պետք է առաջնորդվեն օրենքով և Կառավարության որոշմամբ նախանշված սահմաններով: 

 

Պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ընդլայնված ցանկեր կազմելու, կազմելիս լիազորությունները չարաշահելու, այդ ցանկերն ինքնին գործնականում գաղտնագրելու խնդիրների արդիականության մասին է խոսում թե՛ դատական և թե՛ իրավակիրառ պրակտիկան[9]: Գերատեսչությունների կողմից իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ընդլայնված ցանկեր մշակելիս լիազորությունները չարաշահելու իրական վտանգը գործնականում փաստվում է նաև որոշ հասանելի ցանկերի ուսումնասիրությամբ, որը ցույց է տալիս, որ դրանցում հաճախ ընդգրկվում են այնպիսի տեղեկություններ, որոնք կա՛մ որևէ կերպ հնարավոր չէ տեղավորել օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ընդգրկված տեղեկությունների տեսակների սահմաններում, կա՛մ հնարավոր է տեղավորել դրանց չափազանց լայն և ոչ ազգային անվտանգության ապահովման նպատակի համատեքստում մեկնաբանման արդյունքում[10]:

 

Վերոգրյալի հետ մեկտեղ գործնականում տեղեկություն հայցողները բախվում են նույնիսկ գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների շրջանակից դուրս տեղեկություններ գաղտնագրելու դեպքերի[11]: Խնդիրն արձանագրել է նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին 2018 թ.-ի  տարեկան հաղորդման մեջ:

 

  • Առաջարկում ենք, այդ թվում հիմնվելով միջազգային փորձի վրա[12], նախագծից հանել այն դրույթները, որոնցով սահմանվում է պետական մարմինների իրավասությունը՝ մշակելու գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը և դրանից բխող հարակից դրույթները: Նախատեսել, որ պետական մարմինները տեղեկություններ գաղտնագրելիս պետք է հիմք ընդունեն այդ տեղեկությունների համապատասխանությունը Կառավարության սահմանած գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկին: Միևնույն ժամանակ Կառավարության սահմանած՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկը պետք է շարունակի մնալ հրապարակային ամբողջությամբ, իսկ դրանում առկա տեղեկությունների վերնագրերը չպետք է հասցվեն այն աստիճան մանրամասնության, որ ինքնին պարունակեն այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը:

 

  1. Նախագծի 14-րդ հոդվածը սահմանում է, որ պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը` այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Այդպիսով, ըստ էության անփոփոխ է մնացել գործող օրենքի 15-րդ հոդվածի դրույթը և փաստացի օրենքը վերանայման պարտականությունը սահմանել է գերատեսչական ցանկերում ընդգրկված և ոչ կոնկրետ գաղտնագրված տեղեկությունների մասով, այնինչ առավել կարևոր է հենց կոնկրետ տեղեկությունները շարունակական գաղտնի պահելու անհրաժեշտության պահպանման պարբերական վերանայումը: Այսպես, հնարավոր է և նույնիսկ առավել հավանական, որ գերատեսչական ցանկերում ընդգրկված գաղտնագրման ենթակա տեղեկատվության կոնկրետ տեսակը 5 տարվա ընթացքում կորցրած չլինի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից այն գաղտնի պահելու արդիականությունը, սակայն այդ արդիականությունն այլևս չպահպանի այդ տեսակի մեջ մտնող կոնկրետ տեղեկատվությունը:

 

  • Հիմնվելով միջազգային փորձի վրա՝[13] առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության՝ գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածության պարբերական վերանայման պարտականություն սահմանող դրույթի փոխարեն սահմանել մարմինների՝ գաղտնագրված տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտության/հիմնավորվածության՝ առնվազն 5 տարին մեկ անգամ վերանայելու պարտականությունը սահմանող դրույթ:

 

  1. Նախագծի 15-րդ հոդվածով որպես տեղեկությունները գաղտնազերծելու հիմք է նախատեսվում է օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որոնց հետևանքով պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է ոչ նպատակահարմար, սակայն չի նախատեսվում այդ հիմքով տեղեկությունները գաղտնազերծելու՝ պատասխանատու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը: Ստեղծվում է իրավիճակ, երբ օբյեկտիվ հանգամանքի փոփոխությամբ տեղեկությունը գաղտնի պահելու անհրաժեշտության վերացման դեպքում պաշտոնատար անձն ունի ընդամենը այն գաղտնազերծելու իրավասություն, հայեցողություն, սակայն ոչ իմպերատիվ պարտականություն (հատկապես հաշվի առնելով այն, որ օրենքը ի սկզբանե չի նախատեսում որոշակի հանգամանքի վրա հասնելով պայմանավորված՝ տեղեկությունների գաղտնագրման ժամկետի սահմանում):

 

Գործնականում իրավիճակն այնպիսին է, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն ունեցող մարմիններից շատերն ուղղակի չեն իրականացնում գաղտնազերծում, որոշները տեղեկությունները գաղտնազերծում են սահմանված ժամկետից ուշ[14], իսկ օբյեկտիվ հանգամանքների փոփոխության արդյունքում տեղեկություններ գաղտնազերծելու ընթացակարգն առհասարակ չի կիրառվում[15]: Այս իրավիճակի հիմնական պատճառներից հաստատապես կարելի է նշել անկախ վերահսկող մարմնի բացակայությունը:

 

  • Հիմք ընդունելով վերոգրյալն ու հիմնվելով միջազգային փորձի վրա[16]՝ առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածը լրացնել որոշակի պայմանի վրա հասնելով կամ տեղեկատվության հետագա գաղտնի պահպանության անհրաժեշտությունը բացառող հանգամանքների ի հայտ գալով պայմանավորված՝ տեղեկությունները գաղտնազերծելու՝ իրավասու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը սահմանող դրույթով:

 

  1. Նախագծով հանվել է օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծելու և ծանոթանալու համար բաց դառնալու կամ ըստ անհրաժեշտության ոչնչացնելու վերաբերյալ դրույթը: Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծումից հետո Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ենթակա լինելու վերաբերյալ դրույթը վերաձևակերպվել է հանձնման հայեցողության սահմանմամբ ՝ այսպիսով նախատեսելով գործող՝ առանց այդ էլ խնդրահարույց կարգավորումների համեմատությամբ առավել վատթար կարգավորում:

 

Միաժամանակ, նախատեսվել  է դրույթ համաձայն որի՝ պահպանման ժամկետները լրացած և գաղտնազերծման կամ Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ոչ ենթակա տեղեկությունները ոչնչացվում են:

 

Այսպիսով, հնարավորություն է տրվում պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնազերծել ոչ բոլոր տեղեկությունները՝ փոխարենը պարզապես ոչնչացնելով դրանք: Միաժամանակ, չոչնչացված տեղեկություններն էլ պետական արխիվ կարող են հանձնվել «ըստ անհրաժեշտության»:

 

Այս կարգավորումը, ակնհայտորեն չի ապահովում գաղտնազերծված տեղեկատվության լիարժեք մատչելիությունը հանրությանը: Խնդիրն առաջին հերթին այն է, որ փաստացի սահմանվում է գաղտնազերծված տեղեկությունների անհետ և կամայականորեն ոչնչացնելու հնարավորություն: Երկրորդ խնդիրը տեղեկությունների գաղտնազերծման մասին հասարակությանը հանրամատչելի կերպով (այդպիսին կարող է լինել համացանցով հրապարակելու եղանակը)  տեղեկացնելու մեխանիզմի բացակայությունն է: Վերջապես, գաղտնազերծված տեղեկություններն առերևույթ ունեն հանրային նշանակություն արդեն միայն այն հանգամանքի ուժով, որ եղել են այնչափ կարևոր, որ ժամանակին գաղտնագրվել են, ուստի պետք է լինեն հանրամատչելի ծանոթանալու համար, ընդ որում՝ հենց պետական արխիվ հանձնելու միջոցով:

 

  • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` բոլոր տեղեկությունները գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու պարտականությունը՝ ապահովելով դրանց ծանոթնալու լիարժեք հնարավորությունը, այդ թվում՝ մինչև արխիվ հանձնելը[17]:

 

  1. Նախագիծն, ինչպես և գործող օրենքը, չի նախատեսում հնարավորություն՝ դիմելու տեղեկատվությունը գաղտնիքի շարքին դասած մարմնին՝ այն գաղտնազերծելու առաջարկությամբ: Այս հնարավորությունն անհրաժեշտ գործիք է, որը կարող է ապահովել այլևս գաղտնի պահելու արդիականությունը կորցրած, սակայն դեռևս պարբերական վերանայման արդյունքում չվերագնահատված տեղեկությունը՝ հանրության համար մատչելի դարձնելու նպատակով: Տեղեկատվության գազտնազերծման նշված հիմքի սահմանումը լիովին բխում է նաև միջազգային լավագույն փորձից[18]:

 

  • Առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածը լրացնել՝ նախատեսելով դրույթ, որը կսահմանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքը՝ տեղեկությունը գաղտնագրած պետական մարմին/պաշտոնատար անձին ներկայացնելու այն գաղտնազերծելու հիմնավորված առաջարկություն՝ սահմանելով այդ առաջարկությունը քննարկելու մեկամսյա ժամկետ:

 

  1. Նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, որ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Միևնույն ժամանակ գործող օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի բացահայտման (տարբեր եղանակներով) դեպքերում: Այդպիսով, տեղեկատվության ապօրինի բացահայտման հետ չկապված խախտումների և հատկապես գաղտնագրման լիազորության չարաշահումների, այդ թվում՝ տեղեկատվությունն ապօրինի գաղտնագրելու, անհրաժեշտից ավել ժամանակահատվածով գաղտնագրելու և գաղտնազերծման ենթակա տեղեկությունները սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և ո՛չ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն չեն նախատեսում: Խիստ խնդրահարույց է այսչափ տարբերակված, չհավասարակշռված մոտեցումն այն պարագայում, երբ, թե՛ միջազգային չափորոշիչների և թե՛ ՀՀ օրենսդրության («Տեղեկատվության ազատության մասին» օրենք) համաձայն, գործում է հենց տեղեկատվության ազատության կանխավարկածը, իսկ դրա սահմանափակումը կարող է տեղի ունենալ խիստ որոշակի դեպքերում, պետք է լինի համաչափ ու հիմնավորված: Այլ կերպ ասած, եթե պետությունը սահմանում է պատասխանատվություն դասակարգված տեղեկատվության ապօրինի բացահայտման համար, պետք է սահմանի պատասխանատվություն նաև տեղեկատվության ոչ իրավաչափ, չհիմնավորված գաղտնագրման և տեղեկատվությունը ժամանակին չգաղտնազերծելու համար՝ այդ կերպ որոշակիորեն չեզոքացնելով պետական մարմինների՝ անձի՝ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու չարաշահման ռիսկը:

 

Նման պատասխանատվության բացակայությունը ՀՀ օրենսդրությունում տրամաբանական և արդարացված չէ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ տեղեկատվության ազատության իրավունքի մի շարք այլ ոչ օրինական սահմանափակումների, խախտումների համար նույն օրենսդրությունը սահմանում է պատասխանատվություն (ՎԻՎՕ 1897, 975, 976 հոդվածներ):

 

Առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ՝ տեղեկությունները ապօրինի կամ չհիմնավորված կերպով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, անհրաժեշտից ակնհայտ ավել ժամանակահատվածով գաղտնագրելու, տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունն օրենքով սահմանված պարբերականությամբ չվերանայելու և տեղեկատվությունը սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Որպես պատասխանատվություն սահմանել տուգանք 30.000 – 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար՝ 150.000-300.000 ՀՀ դրամի չափով (պատասխանատվության միջոցները համաչափ կլինեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897 հոդվածում տուգանքի առաջարկվող չափերին)[19]:

 

  1. «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև գործող օրենսդրությունը չի նախատեսում տեղեկությունները գաղտնագրելու, գաղտնի պահելու անհրաժեշտության պարբերական վերանայման, գաղտնազերծման գործընթացների օրինականության նկատմամբ անկախ մարմնի կողմից վերահսկողության ընթացակարգեր:

 

Առկա վերահսկողությունն իրականացվում է բացառապես գաղտնիքի պաշտպանության ապահովման, այլ ոչ պետական գաղտնիքի հետ աշխատելու ամբողջ գործընթացի, այդ թվում՝ տեղեկությունները գաղտնագրելու, գաղտնի պահելու անհրաժեշտության պարբերական վերանայման, գաղտնազերծման գործընթացների օրինականության նկատմամբ: Միաժամանակ միջգերատեսչական վերահսկողությունն իրականացնող մարմինը Ազգային անվտանգության ծառայությունն է, որն անկախ մարմին համարվել չի կարող՝ հաշվի առնելով թե՛ Կառավարությանն  ու անմիջականորեն վարչապետին ենթակայությունը և թե՛ իր գործունեության բնույթն ու նպատակը, այն է՝ ազգային անվտանգության ապահովումը:

 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

 «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

 

 

[1] https://www.e-draft.am/projects/4551/about

[2] https://www.e-draft.am/projects/3612/about

[3] Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 74-75 էջերում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[4] Տե՛ս նույն տեղում, էջ 80։

[5] Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 82-86 էջերում,

https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[6] Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 92-93 էջերում,

https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[7] Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 102-103 էջերում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[8] Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 95,

https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[9] Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 96-99,

https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf:

[10] Տե՛ս «նույն տեղում, էջ 98-99

https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf ։

[11] Տե՛ս նույն տեղում, էջ 99, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[12] Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս նույն տեղում, էջ 100, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[13] Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 109 էջում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[14] «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» կատարած հարցումներին ի պատասխան՝ Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվացքների ու Ֆինանսների նախարարությունները, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանները, Նախագահի աշխատակազմը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, Կադաստրի պետական կոմիտեն, Կենտրոնական բանկը, Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն հայտնել են, որ երբևէ գաղտնագրված տեղեկություններ չեն գաղտնազերծել։ Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնել է, որ տեղեկությունները որոշ դեպքերում գաղտնազերծում է սահմանված ժամկետից ուշ։

Տե՛ս նաև «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տարեկան հետազոտությունները:

[15] Հարցված բոլոր մարմինները (նախարարություններ, մարզպետարաններ և այլ գերատեսչություններ) հարցումներին պատասխանելու դեպքում հայտնել են, որ նման հիմքով գաղտնազերծում երբևէ չեն իրականացրել:

[16] Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 105 էջում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[17] Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 107 էջում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[18] Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս նույն տեղում, էջ 111, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

[19] Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 119-120 էջերում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։

Դիտումներ՝ 198

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????