Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գյումրեցի Ջ. Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է

January 21, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է:

 

Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանին 2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդել էին ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխել: Միջնորդությունը հիմնավորել էին նրանով, որ «ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրով «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները», իսկ ռուսական ռազմաբազան, փաստ է, որ գտնվում է ՀՀ տարածքում:



ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Նա հղում է արել հայ-ռուսական նույն համաձայնագրին և ընդգծել այն դրույթը, որ նման դեպքերում ՀՀ իրավասու մարմինները գործողություններ են իրականացնում ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը:

 

Մինչդեռ համաձայանագրում հստակ նշված է, որ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց կատարած հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը, այսինքն՝ պետք է առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով, այն է՝ ռուս զինծառայող Ա. Ռ.-ը պետք է պահվի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում գործող ձերբակալվածներին/կալանավորվածներին պահելու վայրերում: Ռուսական 102-րդ ռազմաբազան այդպիսի վայր չէ: Կատարված հանցագործությունն էլ չի դասվում ՌԴ և ՀՀ միջև կնքված համաձայնագրի այն բացառությունների շարքին, որոնց դեպքում գործում է ՌԴ օրենսդրությունը:

 

Այս հիմնավորումներով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել են միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի՝ 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Նրանք նշել են, որ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին։

Դիտումներ՝ 1437

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????