0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Ազգային ժողովից ինչու հետ կանչվեց Կառավարության կողմից հավանություն ստացած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

February 24, 2021

Գործունեություն | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թ․ հունվարի 29-ին ՀՀ Կառավարությունը Ազգային ժողովից հետ է կանչել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

 

Արձանագրությունը վավերացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կճանաչեր  ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը` ստանալ և քննարկել իր իրավասության շրջանակում գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների խախտման դեպքերով:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո միայն հնարավոր կլինի լիարժեք ապահովել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները, ուստի՝ նպատակահարմար է համարվել նախագիծը ժամանակավորապես հանել շրջանառությունից և դրան անդրադառնալ վերոնշյալ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո։

 

Ներկա փուլում Նախարարության նման հիմնավորումն անհասկանալի է՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությունը, ըստ որի՝ Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արձանագրության վավերացումը պայմանավորում թվարկված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ, եթե ՀՀ արդարադատության նախարարությունը նման անհրաժեշտություն չի տեսնում։ Կամ ինչպես է Արձանագրության վավերացման նախագիծը հավանության արժանացել ՀՀ Կառավարության կողմից և ուղարկվել Ազգային ժողով, եթե իրավական դաշտը դրան պատրաստ չէր։ Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության արդյունքում ևս որևէ խնդիր կամ վավերացմանը խոչընդոտող հիմք չի հայտնաբերվել։ Ի վերջո Արձանագրության վավերացման նախագծի հեղինակը ՀՀ Կառավարությունն է, ոչ թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և ինչու է ՀՀ Կառավարությունը գնացել նման քայլի՝ տեղի տալով նախարարության հորդորին։

 

Նշենք, որ Արձանագրության վավերացումը նախատեսված էր դեռևս 2015-2016 թթ․՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությամբ։ Արձանագրության վավերացմամբ ՀՀ-ն կկատարեր նաև ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ստանձնած հանձնառությունը, ինչպես նաև Կոմիտեի կողմից Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներով 2017 թ․ գարնանը տրված հանձնարարականը։ 

 

Մինչ Թավշյա հեղափոխությունը՝ վավերացման ուղղությամբ գործնական քայլեր չձեռնարկվեցին՝ հետաձգումը հիմնավորելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների թերի իրականացմամբ, գործող օրենքների, սովորույթների և գործելակերպի փոփոխման անհրաժեշտությամբ, այդ թվում՝ դրանցում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության առկայությամբ: Միայն 2020 թ․ հունիսի 11-ին ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց 2006 թ․ դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին և, ըստ որոշման ու սահմանված կարգի, Սահմանադրական դատարանը քննեց և հոկտեմբերի 27-ի թիվ 1556 որոշմամբ ճանաչեց  Արձանագրությունում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։ 

 

Հատկանշական է, որ Արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքներին զուգահեռ 2020 թ․ օգոստոսի 5-ին e-draft.am կայքում հանրային քննարկման է դրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021 թ. տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծն ընդունվել է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին և ուժի մեջ մտել հոկտեմբերի 4-ին, որի 1․1 միջոցառմամբ 2021 թ․ չորրորդ եռամսյակի ընթացքում նախատեսվել է Արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքների իրականացում։ Ըստ այդմ՝ անհասկանալի է նաև, թե վերջին փուլին հասած գործընթացի պարագայում ինչպես և ինչու են 2021 թ․ առաջին ինը ամիսները բաց թողնվում, և միայն 2021 թ. չորրորդ եռամսյակում է նախատեսվում Արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքների իրականացում։ 

 

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Արձանագրության վավերացման ուղղությամբ  նախկին նախարարի օրոք նախաձեռնված հետևողական աշխատանքներից հետո անհասկանալի հիմնավորմամբ նախագիծը հետ կանչելը խիստ մտահոգության տեղիք է տալիս՝ հատկապես հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը, երբ 9000-ից ավելի անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ ձեռք բերել հաշմանդամություն, իսկ հոգեկան առողջությանը պատճառված վնասի ծավալները դեռևս անպատկերացնելի է։

 

Տպավորություն է ստեղծվում, որ Արձանագրության վավերացման աշխատանքները երկու նախարարություն է իրականացնում, որոնցից մեկը հասել էր վավերացման փուլին, մյուսը՝ դեռ նախատեսում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ պետական մարմինները հաշվետու պետք է լինեն հանրությանը և չբավարարվեն բացառապես իրականացված գործողությունը որպես կատարված փաստ ներկայացնելով։ Պետք է ներկայացվեն ցանկացած գործողության հիմնավորումները բոլոր մակարդակներում և հանրության համար հասանելի լայն աղբյուրներով։ 

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ ՀՀ Կառավարությունը պետք է հանրայնացնի Արձանագրության վավերացումը հետաձգելու իրական պատճառները և ներկայացնի վավերացման հստակ ժամկետներ:

Դիտումներ՝ 97

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????