Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սա նոր երևույթ է, ԿԳԲ-ական ոճի, երբ մարդու նկատմամբ հավաքում են դոսյե և այն կիրառում ըստ անհրաժեշտության

December 16, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Երևանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց  է նախաձեռնել։ Զուգահեռ Վանաձորում ՏԻՄ ընտրությունների արդյունքում գերակշիռ ձայներ հավաքած ուժի թեկնածուն ձերբակալվեց։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ՏԻՄ-երի շուրջ այս գործընթացը։

 

Վանաձորում տեղի ունեցածի վերաբերյալ իմ մոտեցումն այն է, որ եթե անգամ հիմքեր կան քրեական հետապնդման համար, ապա քրեական հետապնդման սկսման ժամկետը, որը Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված է, 2021 թվականի սեպտեմբերի 14-ն էր։ Այդ ընթացքում որևէ քննչական գործողություն, որում ներգրավված կլիներ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հայտնի չէ ինձ։ Բայց նրան բառացիորեն ավագանու առաջին նիստից 5 օր առաջ՝ դեկտեմբերի 15-ին ձերբակալելը, երբ պետք է ընտրվի քաղաքապետ, և ամենամեծ շանսերն ունի հենց Մամիկոն Ասլանյանը, որովհետև ամենաշատ թվով մանդատներ ունի ինքը, ես համարում եմ ակնհայտ քաղաքական նպատակներով իրականացվող քրեական հետապնդում։ Սա որևէ կասկած չի հարուցում։

 

Ավելին, պարզվում է, որ դեռևս 2019 թվականին է դատախազություն ներկայացվել ապօրինությունների վերաբերյալ դիմում, որը քննության չի արժանացել։ Այսինքն՝ այնպիսի պատկեր է ձևավորվում, որ քրեական հետապնդումները, եթե նույնիսկ դրանք հիմքեր ունեն, իրականացվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Սա նոր երևույթ է, ԿԳԲ-ական ոճի, երբ մարդու նկատմամբ հավաքում են դոսյե և այն կիրառում ըստ անհրաժեշտության, երբ պետք է ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծել։ Եթե նախկինում ակնհայտ անհիմն քրեական հետապնդում էին սկսում, ապա այս դեպքում նոր երևույթի հետ ենք առնչվում, երբ քրեական հետապնդման համար, եթե նույնիսկ հիմքեր կան, ապա դրանք կիրառվում են  ըստ քաղաքական նպատակահարմարության։ Դեռ հարց է, թե այդ հիմքերն իրապես բավարա՞ր են քրեական հետապնդում սկսելու համար, թե՞ ոչ, որովհետև ըստ էության օրենսդրության ոչ բովանդակային, այլ ֆորմալ կիրառմամբ խոչընդոտում են Մամիկոն Ասլանյանի՝ ավագանու նիստին մասնակցելու հնարավորությունը։ Տվյալ դեպքում պետք է ապահովվի անձի՝ ընտրությանը մասնակցելու իրավունքը՝ անկախ քրեական հետապնդման փաստից, որովհետև ինքն այդ նիստին մասնակցելու է որպես քաղաքապետի թեկնածու և նաև մասնակցելու է քաղաքապետի ընտրությանը ավագանու նիստի ժամանակ։

 

Երևանի քաղաքապետի դեպքում ավագանին հրաժարական է պահանջում՝ առանց հանրությանը լիարժեք ինֆորմացիա տրամադրելու։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

 

Եկեք վերստին հիմնվենք հանրությանը հայտնի փաստերի վրա, որոնց մասին տեղեկություններ են տարածվել։ Առաջինը՝ ըստ տարածված տեղեկությունների՝ Հայկ Մարությանը դադարեցրել է իր անդամությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այստեղ մի հարց կա, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Մի կողմից, իհարկե, Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել որպես ՔՊ թեկնածու, և քաղաքական էթիկայի կամ մշակույթի տեսակետից, եթե դադարեցնում ես անդամությունդ, երևի պետք է նաև հրաժարական տաս, ոչ թե սպասես։ Բայց, հաշվի առնելով, որ մեզ մոտ քաղաքական մշակույթի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, անդրադառնանք այլ հարցի։ Ի դեպ՝ ինքը հրապարակային չի էլ հայտնել անդամության դադարեցման մասին, մենք իմացել ենք լրատվամիջոցներից։ Բայց հիշեցնեմ, որ ժամանակին մամուլը հեղեղված էր աղբահավաքման, ներհամայնքային տրանսպրոտի հետ կապված խնդիրներով, հիմա ոչ ոք այդ մասին չի խոսում։ Ոչ թե խնդիրները չեն լուծվել ու մոռացության են տրվել, այլ որովհետև լուծվել են, սա փաստ է։ Այսինքն՝ մի կողմից ունենք հանրային շահի տեսակետից լուծված խնդիրներ, մյուս կողմից ունենք կուսակցական պատկանելության հետ կապված հարցը։ Կուսակցությունը, որը հանդես է գալիս և պետք է հանդես գա հանրային շահերի սպասարկման հարցով, դիլեմայի առաջ է՝ կարևորել կուսակցական, թե՞ հանրային շահը։ Եվ, կարծում եմ, որ ինքը պետք է գերադասի հանրային շահը։ Այսինքն՝ կուսակցական նեղ խմբային շահերը չպետք է գերադասվեն հանրային շահին։

 

Երբ նշեցի կուսակցական անդամության դադարեցման դեպքում պետք է նաև հրաժարական տալ, դա այն դեպքում է, երբ կուսակցությունը բավարարում է հանրային շահերի սպասարկման չափանիշներին, և անդամության դադարեցումը հանգեցնում է հանրային շահերի վնասմանը։ Բայց քանի որ հիմա չունենք հանրային շահերի ստորադասման խնդիր, հետևաբար, այստեղ առավելությունը պետք է տրվի ոչ թե կուսակացական շահին, այլ հանրային։ Անգամ Հայկ Մարությանը կամ ինչ-որ մեկը կարող էր որպես քաղաքապետ առաջադրվել՝ լինելով անկուսակցական։ Այս քաղաքական մշակույթը գոյություն ունի ԱՄՆ-ում, երբ թեկնածուն կարող է կուսակցական պատկանելություն չունենալ։

 

Ես գտնում եմ, որ Երևանի ավագանու մեծամասնություն կազմող խմբակցությունը Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու իր նախաձեռնությամբ ցույց է տալիս, որ կուսակցական շահը գերադասում են հանրային շահին։ Սա ոչ թե իրավական խնդիր է, այլ սա հանրության առջև կուսակցության պատասխանատվության խնդիր է։ Եվ, իհարկե, հանրությունը կտա իր արձագանքը, իր պատասխանը։ Եվ այդտեղ կորուստներ կունենա կուսակցությունը։ Նույն Վանաձորի ավագանու դեպքում, երբ ՔՊ-ն այնքան ձայներ էր հավաքել, որ բավարար չէր քաղաքապետ ընտրելու համար, այդտեղ ոչ մի ողբերգություն չէինք տեսել։ Ընդհակառակը, բազմակուսակցական մշակույթի ձևավորման մասին էինք նշում։ Մենք արձանագրել էինք, որ հաղթահարվել է այն միտումը, որը ժամանակին գոյություն ուներ, երբ իշխանություն ձևավորած քաղաքական ուժի ներկայացուցիչներն ավտոմատ նաև ՏԻՄ-երի ղեկավարներ էին դառնում։ Այսինքն՝ մենք այս միակուսակցական դե ֆակտո միտումը համարում էինք հաղթահարված, բայց այս գործողություններն իրենց բովանդակությամբ ուղղակի դեմ են գնում հանրային այս միտումներին, որը հնարավորություն է տալիս ձևավորել բազմակուսակցական մշակույթ, որը ժողովրդավարության կարևոր հատկանիշներից մեկն է։

 

Այսպիսով, քաղաքական ուժը, որը ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հանձնառություն ունի հեղափոխությունից հետո, իր այս գործողություններով դեմ է գնում իր ստանձնած այդ ժողովրդավարական հանձնառություններին։ Եվ օր առաջ պետք է դադարեցնեն այս խայտառակ, արատավոր մոտեցումները։ Սա նաև մեկ այլ մտահոգիչ հարց է առաջացնում, որի մասին բազմիցս ենք նշել ու մենք պահանջում էինք, որպեսզի իրավապահ մարմիններն անկախ լինեն քաղաքական որևէ իշխանությունից։ Հիմա տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ իշխանությունների տարանջատման ու փոխզսպման այդ սկզբունքը նույնպես չի գործում։ Իրավապահ մարմինները շարունակում են մնալ քաղաքական հրահանգների տիրույթում, ինչը լուրջ մարտահրավեր է ժողովրդավարության կայացման համար։ Եվ սա նույնպես դատապարտված է անհաջողության, որովհետև արդեն իսկ մերժվել է ժողովրդի կողմից 2018 թվականին։ Ես արձանագրում եմ, որ նման քայլերով իշխանությունը նահանջ է ապրում սոցիալական արդարության, ժողովրդավարության սկզբունքերից։ Եվ սա չի կարող չունենալ հետևանքներ։

 

lragir.am

Դիտումներ՝ 30

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????