Lragir.am-ի հարցերին պատասխանել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, վերջին ամիսներին ԱԱԾ-ն պարբերաբար տեղեկացնում է, որ բացահայտվել են զինվորականների կողմից պետական դավաճանության դեպքեր։ Ինչո՞վ է պայմանավորված այդ դեպքերի աճը։
Նախ Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի կողմից հարուցված քրեական գործերի հիմնավորվածության, օբյեկտիվության ու լրիվության հետ կապված ես ի սկզբանե վերապահումներ ունեմ։ Այսինքն՝ չի կարող այդ մարմինը մի կողմից լինել օբյեկտիվ, մյուս կողմից՝ ոչ օբյեկտիվ, և կարողությունների հետ կապված հարցեր են առաջանում։ Այսինքն՝ իրենք օրենսգիրքը, քրեական հետապնդումն իրականացնում են օբյեկտիվ ու արժեքային հիմքերի վրա՞, թե ըստ նպատակահարմարության։ Այս վերապահումը ելակետային է, որի հիման վրա ես մոտեցում կարող եմ ձևակերպել։
Այն, որ կարող են լինել ու կան տեղեկատվության փոխանակման կամ փոխանցման այդպիսի դեպքեր, դրանում կասկած չկա, որովհետև ադրբեջանական ու թուրքական հետախուզությունը շատ ակտիվ պետք է աշխատի։ Դա այնքան պարզ է, հակամարտող պետությունները նաև հետախոզուզական մեթոդներն են կիրառում։ Այլ հարց է, թե արդյոք միայն իրե՞նք են։ Օրինակ՝ տարածաշրջանում և կոնկրետ նաև Հայաստանում անմիջապես կոնֆլիկտի հետ կապված շատ ակտիվ հետաքրքրություն ունի նաև ռուսական կողմը, որի համար շատ ավելի մատչելի են մեր ռազմական ու անվտանգային տեղեկությունները։ Արդյոք այդ տեղեկությունները փոխանցվել են, թե ոչ, դրանց մասին դեռևս ոչ մի տեղեկություն չունենք։ Եվ ԱԱԾ կողմից ոչ մի քրեական հետապնդում չկա, որը զարմանալի է։ Կարող են ինձ հակադարձել, ասել՝ ինչո՞ւ միայն ռուսական կողմը, և ոչ թե ամերիկյան կամ, օրինակ, ֆրանսիական, որովհետև հենց ռուսական կողմի հետ ունենք համատեղ զորամիավորումներ, միասնական հակաօդային պաշտպանություն, հայ-ռուսական զորամիավորում։ ՌԴ գլխավոր շտաբը, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցում է մեր զինված ուժերի բարեփոխումներին։ Բնականաբար, նրանք անմիջական մատչելիություն ունեն ռազմական նշանակություն ունեցող տեղեկություններին։ Եվ որքանո՞վ են այդ տեղեկությունները պահպանված։ Երբ արդեն այս երկրորդ դիտարկումն ենք ձևակերպում, հարց է ծագում, թե տակն էլ ի՞նչ է մնում։ Ինչպես նշեցի, բնական է, որ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է հետաքրքրվեն ու քայլեր ձեռնարկեն, բայց այստեղ հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ հիմա։ Իհարկե, նախքան պատերազմն էլ եղել են եզակի դեպքեր, քրեական գործեր, որոնց օբյեկտիվության հետ կապված հարցեր կային։ Հարց է ծագում՝ արդյոք սրանք հակահետախուզության ձեռք բերած տվյալներն են, թե ոչ։ Ինչքանո՞վ է մեր հակահետախուզությունն արդյունավետ, որպեսզի ի սկզբանե ոչ թե բացահայտի, այլ կանխի։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ քրեական գործերն արդեն վերաբերում են կատարված գործողություններին, ոչ թե կանխող։ Այսինքն՝ այստեղ հարց է ծագում, թե հակահետախուզությունն ինչքանո՞վ է արդյունավետ գործում՝ կանխելու նման դրսևորումները։ Սա կարևոր հարցերից մեկն է, և ես այստեղ չեմ տեսնում որևէ գնահատական կամ արդյունք, նկատի ունեմ ԱԱԾ կողմից կանխարգելող գործողությունների համար պատասխանատու անձանց վարքագիծն ու գործունեությունը գնահատելը։
Հաջորդը, արդյունավետությունը պայմանավորված է նաև զինված ուժերում տիրող իրավիճակով։ Այսինքն՝ անվտանգության ապահովման գործիքները պետք է լինեն ոչ միայն հակահետախուզական միջոցները, այլ իրավիճակը փոխելը, որպեսզի այնպիսի խայտառակ դրսևորումներ, ինչպիսիք են 200 կամ 300, թեկուզ 1000 դոլար վերցնելը, չլինեն։ Սա նշանակում է սոցիալական անմխիթար վիճակ, երկրորդ, բարոյահոգեբանական վիճակ։ Այդ ի՞նչ կրթություն ու մոտիվացիա ունեն քո զինծառայողները, որ նման դրսևորումներն են լինում, եթե, նորից եմ կրկնում, այդ գործերն օբյեկտիվ են։ Մյուս կողմից, հարց է առաջանում՝ առանձին զինծառայողների հաղորդած տվյալները ի՞նչ էական նշանակություն կարող են ունենալ քո անվտանգային համակարգի համար։ Տեղեկատվական ներկայիս դարում շատ ավելի լուրջ տեղեկությունների մատչելիություն կա, ինչի կանխման համար բոլորովին այլ բնույթի գործողություններ պետք է կատարվեն՝ հատկապես հաշվի առնելով, որ նույն Ադրբեջանն ունի տիեզերական արբանյակի հնարավորություն։ Այսինքն՝ դրա դեմ մենք ի՞նչ ենք անում, որպեսզի կարողանանք կանխել հետախուզական ներխուժումը մեր անվտանգային միջավայր։
Այսինքն՝ նախ պետք է կանխարգելման ուղղությա՞մբ աշխատանք տանել։
Այո, ավելի շատ հարցեր են առաջանում կանխարգելման ուղղությամբ գործողություններ կատարելու հետ կապված, որոնք ունեն ֆինանսական, բարոյահոգեբանական, սոցիալական, ինֆորմացիոն անվտանգության, հակահետախուզության, տեխնիկական բաղադրիչներ։ Ես չգիտեմ՝ հետևություններ արվո՞ւմ են, թե՞ միայն սահմանափակվում են առանձին էպիզոդներով։ Նման քրեական գործերի հարուցումը չի կարող համարվել արդյունավետ գործունեության ցուցանիշ։ Այս ցուցանիշն ավելի շատ խոսում է մեր անվտանգության վիճակի խոցելիության մասին։ Ես նշեցի շատ ավելի լուրջ ռիսկեր, որոնց վերաբերյալ լուրջ ինֆորմացիա չկա։ Եթե նույնիսկ այս քրեական հետապնդումներն ընդունենք կանխարգելող, ապա ես հարց եմ տալիս՝ իսկ դուք վստա՞հ եք, որ մեր ռազմական գաղտնիքներին մատչելիություն ունեցողները, որոնք շատ ավելի լուրջ ինֆորմացիայի են տիրապետում, պաշտպանված են, և դրանք չեն հաղորդվում։ Հիմա այդ ամենը փորձում են փոխարինել նման քրեական գործերով, ինչը ես ոչ համարժեք եմ համարում։ Եթե ելնենք այն կանխավարկածից, որ նպատակ կա ցույց տալ, որ դավաճանություններ են եղել, ապա 44-օրյա պատերազմի ընթացքում նման դրսևորումներն ամեն կոնկրետ դեպքով պետք է շատ լուրջ քննության առարկա դառնան։ Եվ իմ նշած այդ համակարգային հարցը շատ ավելի կարևոր նշանակություն ունի՝ իրավիճակի վերահսկողության, անվտանգությանը վերաբերող տեղեկությունների անվտանգության ապահովման տեսակետից։ Դրանք շատ ավելի լուրջ քննության ենթակա գործերն են, որոնց մի մասը հույս ունենանք, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կպարզաբանվեն, հատկապես ռազմական գաղտնիքների պահպանման վիճակի առումով, որին մասնակցություն ունեցել են թե հայկական կողմը, թե Արցախի ՊԲ-ն, թե Ռուսաստանը։ Եվ այս քրեական գործերը հետևանքներ են, ոչ թե բուն պատճառները։