Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, կրթության, հաշվետու և թափանցիկ կառավարման բնագավառներում ԲՀԻ՝ Սորոսի գրասենյակի և նրա կողմից աջակցություն ստացած կազմակերպությունների, անհատների գործունեության համար ֆինանսավորման ծավալը քսան տարվա ընթացքում կազմել է, ըստ որոշ գնահատականների; 40֊50 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդունենք 50 միլիոն ԱՄՆ դոլար է։
ՀՀԿ իշխանությունը իր կառավարման քսան տարվա ընթացքում նվազագույնը ունեցել է, հանձինս պետական բյուջեի, ամեն տարի երկուսից մինչև երեք միլիարդ (ուշադիր, ոչ թե միլիոն, այլ ՄԻԼԻԱՐԴ) ԱՄՆ դոլար, այսինքն՝ քսան տարվա հաշվարկով 40 միլիարդից մինչև 60 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ընդունենք 55 միլիարդ ԱՄՆ դոլար։
Այսպիսով, ՀՀԿ֊ն տնօրինել է ԲՀԻ բյուջեից մոտ 1100 անգամ գերազանցող բյուջե։
Հիմա, եթե ԲՀԻ գրասենյակը իր 50 միլիոնանոց բյուջեով, ըստ որոշ տարրական տրամաբանությունից զրկվածների, կարողացել է այսպես կոչված քանդել պետության հիմքերը, ապա հարց, բա այդ 1100 անգամ գերազանցող բյուջե տնօրինողներն ինչո՞վ են զբաղված եղել։ Այդ ի՞նչ պետություն են ստեղծել 55 միլիարդ դոլարով քսան տարվա ընթացքում, որ 50 միլիոն դոլարով հնարավոր լինի քանդել։
Սա ուղղակի խոստովանություն է կոռուպցիայի խայտառակ ծավալների մասին, որի պետականությունը քանդող հետևանքները մեղմելու, կանխելու, ազդեցությունը նվազեցնելու համար են իրացվել այդ 50 միլիոն դոլարը։
Եվ հիմա զրկված լինելով հերթական միլիարդ դոլարները յուրացնելու հնարավորությունից՝ ընկել են կոռուպցիոն ընկճախտի մեջ, կոռուպցիոն դոզայից զրկվելուց՝ ընկել են հալյուցինացիաների գիրկը»: