Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անձի կյանքին ապօրինի միջամտության լուրջ ռիսկեր կան, և բացակայում են դրանցից պաշտպանվելու արդյունավետ միջոցները»․ Արթուր Սաքունց

March 21, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

- Պարո՛ն Սաքունց, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ոստիկանությանը նույնպես գաղտնալսման հնարավորության տալ, ինչպես նաև այլ գործառույթներ, որովհետև, ըստ նրա, հիմա ոստիկանությունը որոշակիորեն կաշկանդված է, գործերը չի կարողանում մինչև վերջ տանել։ Ինչպե՞ս եք գնահատում նման նախաձեռնությունը, և արդյոք կա՞ դրա անհրաժեշտությունը։

 

- Ընդհանրապես նման նախաձեռնությունը հակասում է նույնիսկ գործող օրենսդրությանը։ Այդ առաջարկությունն ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչի համար է անհրաժեշտ, որովհետև ոստիկանությունը նույնպես գաղտնալսման հնարավորություն ունի։ Բայց առավել կարևոր է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը մի լավ ուսումնասիրել, քանի որ այնտեղ կան հստակ խնդիրներ մարդու իրավունքների տեսանկյունից։ Մենք ունենք դատական մի քանի օրինակներ, երբ անձի նկատմամբ գաղտնալսում է իրականացվել, առանց այդ անձի կարգավիճակ ունենալու։ Այսինքն՝ պետք է անձը լինի կա՛մ կասկածյալ, կա՛մ մեղադրյալ, որից հետո միայն դատարանի որոշմամբ կարող է թույլատրվել գաղտնալսում իրականացնել։ Չնայած ես համոզված չեմ, որ առանց դատարանի որոշման գաղտնալսումներ չեն արվում։ Այնպես որ, դա ակնհայտ հակաիրավական նախաձեռնություն եմ համարում։

 

Խնդիրը ավելի շատ պետք է վերաբերի գաղտնալսումների նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողության սահմանմանը, երկրորդ՝ ես կհասկանայի, եթե խոսքը լիներ ոստիկանության կառույցների, մասնագիտական կառույցների զարգացման, տեխնիկական վերազինման, փորձաքննությունների իրականացման գիտական մեթոդների զարգացման մասին։ Այսինքն՝ եթե համարում են, որ գաղտնալսումներով ձեռք բերված ապացույցներով ավելի հեշտացնելու են քրեական գործերի վարույթը կամ հանցագործությունների կանխումը, ապա չարաչար սխալվում են։

 

Եթե կա նման հարց, կարող են հիմա էլ մտնել դատարան, և եթե անձի նկատմամբ կա որոշում կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու մասին, կարող են դատարանի որոշմամբ գաղտնալսում իրականացնել։ Այն, ինչ հիմա էլ օրենքով սահմանված է։ Մինչդեռ այդ օրենքում հիմա էլ մենք խնդիրներ ունենք, որոնք մարդու իրավունքների խախտում են։

 

Մասնավորապես, եթե անձը ներգրավվել է գործում որպես կասկածյալ կամ մեղադրյալ, և դատարանի կողմից նրա նկատմամբ գաղտնալսման մասին որոշում կա, իսկ հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է, ապա անձը պետք է ծանոթանա իր նկատմամբ գաղտնալսման տվյալներին, որոնք կարող են ապօրինի միջամտության տարրեր պարունակել, և ինքը կարողանա բողոքարկել։ Բայց մինչև հիմա որևէ փաստ չկա, որ գաղտնալսման տվյալները մեղադրյալին կամ կասկածյալին տրամադրվեն։ Այսինքն՝ խնդիրները բոլորովին այլ տեղ են։ Իսկ ոստիկանությանը ինչ-որ լրացուցիչ լիազորություններ տրամադրելը բոլորովին տեղին չէ, ոստիկանությունը լավ կանի իր մասնագիտական կարողությունների զարգացման մասին մտածի։

 

- Իսկ ընդհանրապես, այն, որ քննիչները, նաև Քննչական կոմիտեում լավագույն քննիչները, վարույթը չեն կարողանում իրականացնել, սա խնդիր չե՞ք համարում։

 

- Իհարկե խնդիր է, բայց դա առաջին հերթին պայմանավորված է քննիչների ցածր վարձատրությամբ, աշխատանքային ոչ պատշաճ պայմաններով, տեխնիկական միջոցների վատ հագեցվածությամբ։ Լուրջ խնդիրներ կան նաև քննիչների սոցիալական, բնակարանային խնդիրների լուծման տեսանկյունից։ Դրա համար գրավիչ չէ քննիչի աշխատանքը շատերի համար, պետք է այդ ուղղությամբ մտածել։ Աշխատող քննիչների որակի հետ կապված լուրջ մտահոգություններ կան, անգամ տարրական գրագիտության տեսանկյունից, էլ չեմ խոսում գրագիտության և այլնի մասին։ Բայց որպեսզի քննիչի գործը գրավիչ լինի, անհրաժեշտ է աշխատանքային և անձնական ապահովման երաշխիքները ավելացնել։

 

- Կարծում եք՝ նման օրենսդրական նախաձեռնությունը իրավապաշտպանների կողմից կբոյկոտվի՞ և չի՞ կարող կենսունակ լինել։

 

- Մենք արդեն լուրջ հարցեր ունենք գործող «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետ կապված, նաև դատական ոչ արդյունավետ վերահսկողության հետ գործ ունենք։ Անձի կյանքին ապօրինի միջամտության լուրջ ռիսկեր կան, և դրանցից պաշտպանվելու արդյունավետ միջոցներն են բացակայում։ Ա՛յդ ուղղությամբ պետք է մտածել։

 

medialab.am

Դիտումներ՝ 801

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????