Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Այս պահին ընտրական բարեփոխումների հիմնական խոչընդոտը կարող է լինել նախագահը. Վարդինե Գրիգորյան

April 27, 2021

Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Լրատվամիջոցները մեր մասին | Հրապարակումներ | Նորություններ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ընտրական իրավունքի մասնագետ, ՀՔԱՎ ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը

 

– Տիկի՛ն Գրիգորյան, վարչապետն ապրիլի 26-ին հրաժարական է ներկայացրել, և, ըստ հաշվարկների, մայիսի 10-ին վարչապետի երկրորդ ընտրության գործընթացն է լինելու Ազգային ժողովում: Ի՞նչ եք կարծում, մինչ այդ խորհրդարանը կհասցնի՞ ընդունել Ընտրական օրենսգրքում մեծածավալ փոփոխությունների ամբողջական փաթեթը: Քաղաքական ուժերը կցուցաբերե՞ն կամք՝ ընդունելու նոր փոփոխությունները:

 

– Կամքի մասով չեմ կարող ասել, բայց այն, որ տեխնիկապես հնարավոր է, հաստատ է: Իրականում շատ մեծ աշխատանք է պետք կատարել, որովհետև մեկ անգամ ևս պետք է անցնել փաթեթի վրայով և տեսնել, թե ինչ առաջարկություններ կան Վենետիկի հանձնաժողովից, և որոնք այս ընթացքում չեն ինկորպորացվել, նախատեսել, եթե կա ցանկություն, քննարկումներ անել:

 

Այսինքն՝ կարող է խնդիր է, որ օրենսգիրքը պետք է շատ արագ ընդունվի, բայց ամեն դեպքում ես հույս ունեմ նաև, որ խորհրդարանական լսումների հնարավորություն կստեղծվի: Այսինքն՝ տեսականորեն տեսնում եմ հնարավորություն մինչև այս ամսվա վերջ կազմակերպել քննարկումներ:

 

– Դուք իշխանությունների մոտ փոփոխություններ կատարելու տրամադրություն տեսնո՞ւմ եք: Ո՞րն է խնդիրը, որ ընթացք չի տրվում Ընտրական օրենսգրքի գլոբալ փոփոխություններին:

 

– Չեմ կարծում, որ իշխանություններն են խնդիր ստեղծում այդ փոփոխությունների համար: Իմ պատկերացմամբ՝ իրականում խնդիրը Հանրապետության նախագահի մոտ է առաջանում՝ հաշվի առնելով այն, որ նախորդ փաթեթը նախագահը չստորագրեց:

 

Այսինքն՝ կարելի է շատ արագ ջանք թափել, շատ արագ ընդունել օրենսգիրքը, բայց փաստացի նախագահը չստորագրի, իսկ Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահը 21 օր ունի ստորագրել-չստորագրելու համար:

 

Այնպես չէ, որ նախագահը առաջին օրն ասաց՝ չի ստորագրում, ու Ազգային ժողովի նախագահը կարող է հաջորդ օրը ստորագրել: Ո՛չ, Սահմանադրությամբ պահանջված 21 օրը պետք է լրանա, որից հետո միայն ԱԺ նախագահը կարող է ստորագրել օրենքը: 

 

– Այսինքն՝ ընտրական բարեփոխումների խոչընդոտը նախագա՞հն է:

 

– Այո՛, այս պահին հիմնական խոչընդոտը նա է: Նա չի ասում՝ ուղարկում եմ Սահմանադրական դատարան սահմանադրականությունը վիճարկելու, այլ պարզապես չի ստորագրում: Այս դեպքում պատասխանատվություն չվերցնելով դրա համար, այո՛, փաստացի խոչընդոտում է ընտրական բարեփոխումների իրականացումը:

 

– Կարո՞ղ է նախագահի այս վարքագիծը խորհրդարանում իմփիչմենթի գործընթացի սկզբնավորման հիմք լինել:

 

– Հնարավոր է, բայց մի տեսակ տեղին չեմ համարում: Ինձ թվում է՝ մենք բավականաչափ ներքին քաղաքական խնդիրներ ունենք, և դրան մեկն էլ ավելացնելը ավելորդ լարվածություն կարող է առաջացնել:

 

Ինձ թվում է՝ չարժի դրա վրա ժամանակ ծախսել, ավելի լավ է կայունությանն ուղղված գործողություններ կատարել: Ես կարծում եմ նաև, որ կարևոր է նաև այն, որ ընտրություններից հետո սահմանադրական փոփոխություններով հստակեցվեին, թե որո՛նք են նախագահի լիազորությունները: Գոնե պետք է օրինագծի ստորագրման համար տրված ժամկետը կրճատվի:

 

Կարծում եմ՝ անարդար է, որ, օրինակ՝ e-draft-ում օրենքի նախագիծը քննարկվում է երկու շաբաթ, իսկ նախագահի մոտ մնում է երեք շաբաթ: Այսինքն՝ օրենքի նախագիծը երբ հայտնվում է նախագահի սեղանին, ուղղակի պետք է այդքան երկար սպասի ընդամենը ստորագրման կամ ՍԴ ուղարկելուն: 

 

– Եթե ընդհանրացնենք Վենետիկի հանձնաժողովից ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից եկած եզրակացությունը Ընտրական օրենսգրքի նախագծի մասին, ի՞նչ էին ասում միջազգային կառույցները, գո՞հ էին կատարված փոփոխություններից: 

 

– Մի քանի վերապահումներ ունեին, իհարկե հնարավոր չէ, որ չունենային, բայց շատ լավ, շատ դրական կարծիք էին հայտնել փաստաթղթի վերաբերյալ:

 

Որոշ մասնագետներ ասում են, թե ամենադրական կարծիքն էր, որ երբևէ ունեցել է Ընտրական օրենսգրքի նախագծի մասին: Եթե կհիշեք, 2018-ին Ընտրական օրենսգրքի մասին իրենց կարծիքում Վենետիկի հանձնաժողովը պարբերաբար շեշտել էր քննարկումների, խորհրդակցությունների փակ լինելը:

 

Կար միֆ, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ եղել է կոնսենսուս ընդդիմության և իշխանությունների միջև, բայց իրականում քաղհասարակությունը չէր մասնակցել վերջնական համաձայնագրի ստորագրմանը:

 

Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներին շատ ժամանակ է տրամադրվել, և լայն մասնակցությունն ապահովվել է: Գործիքները, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքով, հիմնականում ողջունվել են: 

 

– Նաև կուսակցությունների ու դաշինքների համար նախատեսվող ընտրական շեմերի հետ կապված հարցն է, փաստորեն, մնացել առկախ, և եթե Ընտրական օրենսգրքի նոր փաթեթը չընդունվի, դրանք կմնան նույնը:

 

– Այո՛, ընտրություններին մասնակցությունն ավելի ազատականացնելու հնարավորություն ստեղծվում է այս նոր փաթեթով, որը դեռ Ազգային ժողովը չի քննարկել, և շատ հնարավոր է՝ դրանք չընդունվեն, եթե այս տեմպով շարունակվի:

 

Ես միանշանակ կողմ եմ, որ կուսակցությունների համար ընտրական անցողիկ շեմն իջեցվի, նույնիսկ ավելի, քան նախատեսում է գործող Ընտրական օրենսգիրքը՝ 5 տոկոս: Ինչ վերաբերում է դաշինքներին, ապա դրանց համար ընտրական անցողիկ շեմը, այո՛, պետք է բարձր լինի, քանի որ Հայաստանում դրանք երկար կյանք չեն ունենում:

 

Եթե մենք խոսում ենք երկրում կուսակցությունների զարգացման, քաղաքական, ծրագրային պայքարի մասին, ապա դաշինք հասկացությունը դրան դեմ է. ոչ մեկը դաշինք չի ձևավորում այն պատճառով, որ իրենց ծրագրերը մոտ են իրար: Դա ընդամենը քաղաքական հաշվարկ է՝ տվյալ քաղաքական իրավիճակից ելնելով: Կան երկրներ, որտեղ ընդհանրապես արգելված է դաշինք ձևավորելը: Դաշինքը տվյալ պահից դրդված պատեհապաշտական գործողություն է:

 

medialab.am

Դիտումներ՝ 89

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????