Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինքնասպանություններ, սպանություններ. ըստ իրավապաշտպանի՝ բանակում մահվան դեպքերի նվազեցման համար պետք է լուրջ հայեցակարգ մշակվի

December 5, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերի նվազեցման համար պետք է լուրջ հայեցակարգ մշակվի, որը համալիր անդրադարձ կկատարի բանակում առկա խնդիրների լուծմանը։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Ըստ նրա՝ բանակում ունենք տարիներ շարունակ կուտակված խնդիրներ, որոնք վարչական լծակներով հնարավոր չէ լուծել, պետք է լուրջ հայեցակարգ մշակվի։ Այնինչ, վերջին մեկուկես տարում բանակում իրականացված հատվածական լուծումները, ըստ իրավապաշտպանի, չեն կարող իրավիճակի համակարգային փոփոխության հանգեցնել։

 

«Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետ կապված դեպքերը մի քանի համակարգային խնդիրներով են պայմանավորված, որոնք այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր լուծել, բայց միաժամանակ պետք էր անպայման քայլեր կատարվեին՝ այդ համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը, ցավոք սրտի, դեռ չենք տեսնում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

 

Ըստ իրավապաշտպանի՝ պետք է առաջին հերթին արմատապես փոխվի սպաների կրթության որակը։ Եվ խնդիրը ոչ միայն ռազմական ինստիտուտներին է վերաբերում, այլ նաև պետք է լուծվեն այս պահին զինված ուժերում ծառայող սպաների, հատկապես կրտսեր հրամանատարական կազմի վերապատրաստման ու վերակրթման խնդիրները։

 

Երկրորդ, ըստ Սաքունցի, շատ կարևոր է հոգեբանական ադապտացիոն աշխատանքների իրականացումը։ «Մենք միշտ ասել ենք, որ սպա հոգեբանների խիստ կարիք կա բանակում։ Եվ քաղաքացիական կյանքից զինվորական կյանքին անցնելու հետ կապված այդ հոգեբանական, սոցիալական ադապտացիոն աշխատանքները բավարար չափով չեն կատարվում, որովհետև և՛ մասնագետներն են քիչ, և՛ մեթոդիկան։ Եվ այս առումով վիճակը բավական տխուր է»,- ասում է իրավապաշտպանը։

 

Ազգային ժողովի շենքի մոտ դեկտեմբերի 4-ին բողոքի ակցիա էին անցկացնում Արցախի զորամասերից մեկի դիրքերում դեկտեմբերի 2-ին մահացած ազգությամբ եզդի զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն ու ծնողները: Նրանք պահանջում են բացահայտել զինծառայողի մահվան մեղավորներին։

 

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999 թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:

 

Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Արթուր Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ Դավիթ Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Արթուր Աջամյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Հայարփի Սարգսյանը տեղեկացրել է, որ վերջին մի քանի ամիսների Արթուր Աջամյանը իր հարազատներից մեկին ասել էր, որ խնդիր կա դիրքերում։ «Ասել է՝ եթե ուզում են որևէ մեկին սպանել, տանում, դիրքերում են սպանում։ Նաև ասել է՝ զորամասում խնդիրներ կան, դժոխային վիճակ է տիրում»,- լրագրողներին ասել է Հայարփի Սարգսյանը։

 

Թեև Արթուր Աջամյանի հարազատները պնդում են, որ փորձ է արվում դեպքը ինքնասպանության հոդվածի տակ կոծկել, սակայն փաստաբանն ասում է՝ քրեական գործը հարուցված է սպանության հոդվածով, ինքնասպանության հոդվածը հաստատված չէ։ Հայարփի Սարգսյանն ասում է, որ զինծառայողն ինքն իրեն նման վնասվածք չէր կարող պատճառել։ Զինծառայողի ծնողները կասկածներ ունեն, որ բացի սպանված ու վիրավոր զինծառայողներից, դեպքի վայրում երրորդ անձ է եղել։

 

Ըստ փաստաբանի՝ Աջամյանը ճակատի հատվածում հրազենային վիրավորում է ունեցել։ «Ճակատից կրակված է, ծոծրակից դուրս է եկել, այսինքն՝ վերևից ներքև։ Ինքը չէր կարող իրեն նման վնասվածք պատճառել: Նրա վրա նաև բռնության հետքեր կան՝ ճակատի, ձեռքերի, ոտքերի հատվածներում, ընդ որում, տարբեր վաղեմության: Հնարավոր է՝ դրանից առաջ ծեծ է եղել»,- ասել է Հայարփի Սարգսյանը։

 

Ծնողները ևս պնդում են, որ իրենց որդու մատները կոտրված են եղել, նախկինում նա ծեծի է ենթարկվել։

 

2019 թվականի ընթացքում Հայաստանի և Արցախի զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերը թեև նվազել են, բայց վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։

 

Այս տարվա ինն ամիսներին ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցվել է մահվան 35 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 դեպքի փոխարեն։ 


Այս տարի ավելի քան կրկնակի՝ 57%-ով, նվազել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը, 33%-ով` առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը, 20%-ով՝ սպանության հետևանքով մահացության դեպքերը, 15%-ով՝ ավտովթարի հետևանքով դեպքերը և 75%-ով՝ դժբախտ պատահարի հետևանքով դեպքերը։ Սակայն ինքնասպանություն որակված դեպքերի թիվը նույնն է, ինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր: Բանակում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու 8 դեպք է գրանցվել այս տարվա ինն ամիսներին։

 

Օրերս պաշտպանության բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր այցելության ժամանակ վարչապետ Նաիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այժմ զինված ուժերում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ: Վարչապետը կարևորել էր միմյանց նկատմամբ վերաբերմունքի հարցը։

 

«Սա մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է, այդ խնդիրը միայն բանակում չէ, այլ ընդհանրապես մեր երկրում: Ո՞նց ենք մենք իրար վերաբերվում… Ամեն ինչ կախված է դրանից, թե ինչպես եք դուք իրար վերաբերվում, ինչպես ենք մենք իրար վերաբերվում, ինչպես է սպան վերաբերվում ձեզ, դուք ինչպես եք վերաբերվում սպային:

 

Այս առումով, ցավոք, պետք է ասենք, որ այդտեղ ավելի շատ աշխատելու տեղ ունենք, այդտեղ ավելի շատ բան ունենք անելու: Փոխադարձ հարգանքն այն ամենակարևոր բանն է, որ մենք պետք է ունենանք:

 

Գիտեք՝ ամեն մարդ յուրովի է. մեկը մի տեղ ուժեղ է, մյուսը՝ մի տեղ թույլ, բայց հիշեք, որ երբեք չկա բացարձակ ուժեղություն և թուլություն: Թույլին պետք է ոչ թե քամահրանքով վերաբերվել, այլ օգնել, որովհետև թույլ չկա, զինվորը թույլ չի լինում, զինվորը ձեր թիկունքն է, մենք իրար թիկունքն ենք և, հետևաբար, մենք պետք է իրար այդպես վերաբերվենք»,- ասել էր Փաշինյանը։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ բանակում նյութական ապահովվածության հետ կապված հարցերը, օրինակ՝ սննդի որակի բարելավումը, որը ենթադրում է ֆինանսական ներդրումներ, շատ ավելի հեշտ է լուծել։

 

«Բայց հիշեցնեմ, որ ամենաշքեղ հյուրանոցի պայմաններում անգամ կարող են մարդու իրավունքները խախտվել։ Այսինքն՝ այստեղ հարցը վերաբերում է վերաբերմունքին՝ ինչպիսի՞ն է վերաբերմունքը զինծառայողների նկատմամբ»,- ասում է Սաքունցը։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ պայմանագրային զինծառայողների պատշաճ պատրաստվածության հարցը ևս լուրջ է։ Արդյոք պայմանագրային զինծառայողները պատշաճ պատրաստվածությո՞ւն են անցնում զինվորական ծառայություն անցնելու ժամանակ։ Այդ հարցը պետք է լուծվի։

 

Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում այն, որ հասարակության մեջ խտրական վերաբերմունքն արմատացած է՝ կապված սոցիալական, աշխարհագրական, կրթական դիրքի հետ։ Եվ այդ խտրական մտածելակերպը չի վերանում նաև բանակում։

 

«Այստեղ մեծ անելիք ունի հենց հրամանատարությունը, որը պետք է տուրք չտա այդ խտրական մտածելակերպին։ Այսինքն՝ զինվորական ծառայության կազմակերպման արժեքային համակարգն ամբողջությամբ պետք է դրված լինի զինծառայողին՝ որպես զինվորական հագուստով քաղաքացու պատկերացումների վրա։ Ցավոք սրտի, այսօր ավելի շատ դրվում են քանակի ապահովման, նյութական հարցերի լուծման խնդիրները, դրանք են առաջնային պլան մղվում, ոչ թե որակականը։

 

Մենք ակնկալում ենք, որ պետք է համակարգային մոտեցում զինված ուժերում ծառայության կազմակերպման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, իրավունքների իրականացման ապահովման երաշխիքների տեսանկյունից։ Այսինքն՝ զինվորական ծառայության կազմակերպման հիմքում ոչ միայն նյութական կամ նյութատեխնիկական պայմանների բարելավման, այլ նաև վերաբերմունքի, միջանձնային հարաբերությունների կարգավորման տեսանկյունից պետք է աշխատանք տարվի»,- ասում է Սաքունցը։

 

medialab.am

Դիտումներ՝ 563

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????