Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ
Հոկտեմբերի 10-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան ԱՀ/ԼՂ Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ խմբի անդամներն սպանել են Հադրութի 2 բնակչի՝ մոր ու հաշմանդամություն ունեցող որդուն` իրենց տանը: Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինուժի շարունակական վայրագ հանցագործությունները՝ Արցախի/ԼՂ խաղաղ բնակչության հանդեպ՝ ԱՀ ՄԻՊ_ը պահանջել է միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում:
Հոկտեմբերի 11-ին ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտը նորից հրթիռակոծվում է և դա անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել է ԱՀ/ԼՂ Մարտունի, Շուշի քաղաքների ու տարբեր խոշոր գյուղական համայնքների հրթիռակոծման մասին: Մարտունիում զոհվել է 1 քաղաքացի և վնասվել են բնակելի տներ:
Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр
Նույն օրը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որում ապացուցվում է, որ Ադրբեջանն Արցախի/ԼՂ բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում է վարձկան-ահաբեկիչների:
Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով, որ ադրբեջանական զինուժի կողմից Ստեփանակերտի հրետակոծության հետևանով բնակելի տուն է այրվել: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ թուրքական օդուժի կողմից ղեկավարվող ադրբեջանական ԱԹՍ-ները F-16 ինքնաթիռների ուղեկցմամբ թիրախավորում և հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։
Միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի/ԼՂ խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը և անտեսելով հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Նշենք, որ Արցախը/ԼՂ և Ադրբեջանը մեղադրում են միմյանց՝ հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով հաստատված հրադադարի ռեժմի խախտման մեջ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ 2-րդ միջանկյալ զեկույցն է հրապարակել: Ըստ զեկույցի՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ ադրբեջանական զինուժի կողմից ԱՀ/ԼՂ-ում սպանվել է ընդհանուր թվով 20 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 101 մարդ, որից 81-ը՝ լուրջ վնասվածքներ:
ՀՀ տարածքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը 3 է՝ ներառյալ հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքի հրթիռակոծության հետևանքով մահվան 1 դեպքը: ՀՀ տարածքում մյուս 2 դեպքերն արձանագրվել են Գեղարքունիքի մարզում:
Հոկտեմբերի 11-ի երեկոյան ԱՀ ՄԻՊ-ն ավելի ամբողջական տեղեկություններ է հրապարակել նախօրեին Հադրութում և մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած հարձակումների մասին: Արձանագրվել է, որ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, ադրբեջանական զինուժի կողմից սպանվել են առնվազն 5 խաղաղ բնակիչներ:
Փաստահավաք առաքելության շրջանակներում Պաշտպանը, մասնավորապես, պարզել է, որ հոկտեմբերի 10-ի կեսօրին ԱՀ/ԼՂ Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն 4 քաղաքացիական անձի, որոնց թվում՝ հաշմանդամություն ունեցող: Նախնական տվյալներով Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում կան այլ զոհեր ևս, մանրամասները պարզվում են:
Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի և այլ բնակավայրերի բնակելի հատվածների հրթիռակոծման հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ զոհվել են 75-ամյա, իսկ Շոշ գյուղում վիրավորվել՝ 65-ամյա քաղաքացիներ:
Ադրբեջանական հրթիռահրետանային թիրախային հարվածները տարբեր բնակավայրերում էականորեն վնասել են նաև բնակելի տներ ու ենթակառուցվածքներ: Ստեփանակերտի վնասված տներից մեկի տարածքում ԱՀ ՄԻՊ-ը գտել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված «Սմերչ» կասետային հրթիռի մնացորդներ, որոնք պարբերաբար ու լայնորեն կիրառվում են ադրբեջանական զինուժի կողմից: