Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 21: Հումանիտար հրադադարի պայմանավորվածությունից անցել է 11 օր, բայց ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել ԱՀ/ԼՂ-ի խաղաղ բնակավայրերն ու կիրառել արգելված զինատեսակներ՝ խաղաղ բնակիչների նկատմամբ

October 21, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հոկտեմբերի 21-ին  Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի/ԼՂ խաղաղ բնակավայրերը: Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Հոկտեմբերի 20-ին ևս նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:

 

 «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է, որ  մինչ օրս ադրբեջանական ագրեսիային ՀՀ-ում զոհ  է գնացել 1 խաղաղ  բնակիչ, 3 վիրավոր, որոնցից մեկը՝ 14-ամյա տղան, ԱՀ/ԼՂ-ում կան 100-ից ավելի վիրավորներ: Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինուժը հատկապես  թիրախավորում է քաղաքացիական այն ենթակառուցվածքներ, որոնց մոտակայքում չկան որևէ ռազմական օբյեկտներ՝ նպատակ ունենալով պատճառել հնարավորինս մեծ վնասներ: ՀՀ ՄԻՊ-ն առանձնակի անդրադարձել է կասետային զինատեսակների կիրառմանը, որոնք արգելված են միջազգային պայմանագրերով: Ակնհայտ է, որ այն ոչ միայն մասսայական ավերածություններ առաջացնող զենք է, այլև կյանքը խեղող ու վնասվածքներ պատճառող: Դրանք ահաբեկչական նկատառումներով կիրառվող զինատեսակներ են, որոնց կիրառումը նաև էթնիկ զտման նպատակ է հետապնդում:      

 

Փաստահավաք առաքելության շրջանակներում ԱՀ/ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դեմ Ադրբեջանի կողմից թիրախային հարձակումները՝ որպես պատերազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ»: Ներկայացված փաստերը հիմնավոր կերպով ապացուցում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական վայրագություններն ուղեկցվում են Արցախի տարածքում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ դիտավորյալ հարձակումներով: 2020 թ. հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժը հարվածային և ճշգրիտ կառավարվող անօդաչու թռչող սարքերով մի քանի ժամում 2 անգամ թիրախավորված հարվածներ են հասցրել Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որը Արցախի նշանավոր մշակութային և հոգևոր խորհրդանիշներից է: Ադրբեջանի այս քայլը այդ երկրում իրականացվող հայատյացության և էթնիկ զտման պետական քաղաքականության մաս է կազմում: Այն նաև հայկական ծագմամբ քրիստոնեական ժառանգության նկատմամբ շարունակական ծայրահեղ անարգանքի դրսևորում է։

 

Հոկտեմբերի 21-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  դիմել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազներին, Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահին և ԵԽ անդամ պետությունների դատախազությունների գործընկերներին՝ տեղեկացնելով 2020 թ. սեպտեմբերի 27-ից ԱՀ/ԼՂ –ի և ՀՀ-ի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից կատարված մարդու հիմնարար, մարդասիրական իրավունքների տոտալ և կոպտագույն խախտումների, խաղաղ բնակչությանն ու բնակավայրերն ընդհուպ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով թիրախավորելու, բազմաթիվ մարդկանց տեղահանվելու, գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինները խոշտանգումների ենթարկելու փաստերի մասին: ՀՀ գլխավոր դատախազը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային Թուրքիայի ուղղակի ներգրավվածության, ինչպես նաև վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրման և ռազմական գործողություններին ադրբեջանական զինուժի կողմից նրանց ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացի հակամարտության խորացումից, նաև լրջագույն սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար: Նա իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ միջազգային հանրության, համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից այս փաստերի նկատմամբ պահպանվող լռությունն ու անտարբերությունն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դիտվում են որպես միջազգային իրավունքի խախտմամբ սկսած ագրեսիան շարունակելու թույլտվություն: Վերջինս ոչ միայն հղի է սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակականությամբ, այլ նաև սպառնում է տարածաշրջանը միջազգային ահաբեկչության հիմնական օջախներից մեկի վերածվելու իրատեսական սպառնալիքով:

 

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել է, որ համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։ Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների, այդ թվում՝ նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի/ԼՂ, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար։ Նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը գործել վճռականորեն՝ դատապարտելու և դադարեցնելու ուժի կիրառումը Արցախի, խաղաղ բնակիչների և կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ՝ մեղմելու այս տարածաշրջանում առկա հումանիտար և բնապահպանական աղետները:

 

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ մինչ օրս ադրբեջանական ագրեսիային զոհ են գնացել ընդհանուր թվով 38 խաղաղ բնակիչ. 37-ը՝ ԱՀ/ԼՂ-ում, 1-ը՝ ՀՀ-ում:

 

Լուսանկարը՝ Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр

 

Դիտումներ՝ 300

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????