0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Հոկտեմբերի 23: Հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ ադրբեջանական զինուժը հրետակոծել է ԱՀ/ԼՂ-ի խաղաղ բնակավայրերը

October 23, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ ԱՀ/ԼՂ-ի  Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինուժն այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։ Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել ադրբեջանական զինուժի թիրախում։ Այստեղ կիրառվել են «Սմերչ» տեսակի հրթիռներ։ Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։

 

ԱՀ/ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ  կրակի տակ է հայտնվել ԱՀ/ԼՂ-ի Ասկերան քաղաքը։ Կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

 

ԱՀ/ԼՂ-ի  արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 23-ի կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է ԱՀ/ԼՂ-ի Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա: Թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա:

 

ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։ ՄԻՊ-ը հայտնում է նաև, որ կապի մեջ են հայ գերիների ընտանիքների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ։

 

Բրյուսելում հանդիպել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ: Եվրոպական միությունը շարունակում է կոչ անել՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության խիստ պահպանման՝ բոլորի կողմից: Պետք է անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները, որոնց թիրախում քաղաքացիական անձինք են և ավելի մեծ տառապանք են պատճառում խաղաղ բնակչությանը: Ջոզեպ Բորելը նաև շեշտել է, որ կողմերը պարտավորված են լիարժեք համապատասխանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Ջ. Բորելը կողմերին հորդորել է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո  ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին՝ առանց նախապայմանների և առանց հետաձգելու: Բոլոր դերակատարները, ներառյալ արտաքին կողմերը, պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների շարունակման և զոհերի ավելացման․այդ թվում՝ վերջ դնելով վտանգավոր, կրքեր բորբոքող և այլատյացական հռետորաբանությանը: ԵՄ բարձր ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը համանախագահների շարունակական ջանքերին։

 

Հոկտեմբերի 23-ին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ամփոփելով Արցախում ուսումնասիրությունների արդյունքները, հայտարարել է, որ Ադրբեջանը բազմիցս օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք ԱՀ/ԼՂ-ի բնակելի տարածքների ուղղությամբ:

 

2020-ի հոկտեմբերին ԱՀ/ԼՂ-ում անցկացված հետաքննության ընթացքում Human Rights Watch- ը փաստագրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման 4 դեպք:

 

«Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է խաղաղ բնակչության անվտանգությունը: Կասետային զինամթերքը երբեք ոչ մի պարագայում չպետք է որևէ մեկի կողմից օգտագործվի, առավել ևս քաղաքներում ՝ քաղաքացիական անձանց համար կանխատեսելի և անընդունելի վտանգի պատճառով»,- ասել է Human Rights Watch- ի զենքի բաժնի տնօրեն և «Կլաստերային զինամթերք» կոալիցիայի նախագահ Ստեֆեն Գուսը:

 

ԱՀ/ԼՂ-ի հակամարտության ընթացքում Human Rights Watch-ն ուսումնասիրում է, թե արդյոք հակամարտության բոլոր կողմերը հավատարիմ են միջազգային մարդասիրական իրավունքին, որը զինված ուժերից պահանջում է տարբերակել զինծառայողներին քաղաքացիական անձանցից և ռազմական օբյեկտները՝ քաղաքացիական օբյեկտներից: Human Rights Watch- ը բազմիցս խնդրանքներ է ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը՝ տեղում հետաքննություն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն թույլտվություն դեռ չի տրվել:

 

Human Rights Watch-ն ուսումնասիրել է հրթիռների, հարվածների և զինամթերքի մնացորդները, որոնք պայթել են Ստեփանակերտի մի քանի վայրերում, նաև ուսումնասիրել հրթիռի՝ Հադրութում արված լուսանկարները, պայթյունի հետևանքները և զինամթերքի մնացորդները, ինչպես նաև չպայթած զինամթերքը: Human Rights Watch- ը զրուցել է նաև 6 մարդու հետ, որոնք ականատես են եղել հարձակումներին: Ստեփանակերտի բնակիչները Human Rights Watch- ին հայտնել են, որ կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից ոչ ավելի, քան 200 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տարածքում:

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է 2020թ. հոկտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը:


Այսպիսով՝ մինչ օրս ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 39 խաղաղ բնակիչ. 37-ը՝ ԱՀ/ԼՂ-ում,  2-ը՝ ՀՀ-ում:

 

Լուսանկարը՝ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Դիտումներ՝ 122

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Private: Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը