ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբը, որում ներգրավված է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հրապարակել է 2021 թ․-ի գործունեությունն ամփոփող զեկույցը։
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ
Հիմնական եզրակացությունները՝ ստորև
-
Դիտարկված ժամանակաշրջանում բոլոր հաստատություններում պատշաճ ուշադրություն չի դարձվել հակահամաճարակային նվազագույն կանոնների պահպանմանը։
-
Հաստատությունները թերանում են երեխաների կրթության իրավունքն ապահովելու հարցում՝ չունենալով մարդկային և տեխնիկական անհրաժեշտ ռեսուրսներ, նախապատվությունը տալով ոչ թե երեխայի լավագույն շահին, այլ վարչարարությանը և հաստատությունների դերի մեծացմանը։
-
Առկա չէ բռնությունների և վատ վերաբերմունքի կանխարգելման արդյունավետ համակարգ, բոլոր հաստատություններում արմատացած է հաշմանդամության կարծրատիպային մոտեցումները, ինչը խոչընդոտում է երեխաների ներդաշնակ զարգացմանը և ապաինստիտուցիոնալացմանը։
-
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համակարգը բավարար ճկուն չէ, չի արձագանքում այն երեխաների և չափահասների կարիքներին, ովքեր ունեն երկրորդային կամ քիչ հանդիպող հիվանդություններ։
-
Հաստատություններում պետական բյուջեի միջոցներից գնվող հիգիենիկ պարագաները նախատեսված չեն բավարար քանակով, հիմնականում զիջում են որակով և երբեմն անվտանգ չեն։
-
Սննդի կազմակերպման (ներառյալ գնման) համակարգը ներառական չէ, հիմնականում բացառում է այն անձանց, որոնց ցուցված է հատուկ սննդակարգ։
-
Առկա չէ ազատ և մեկուսի պայմաններում հաղորդակցության հավասար հնարավորություն հաստատություններում ապրող չափահասների համար։