Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Սոցապ ծառայությունը թոշակառուից ստաժի վերաբերյալ փաստաթղթեր էր պահանջում, որոնք արդեն ներկայացվել էին

Դատարանի որոշմամբ՝ պետությունը թոշակառուին կվճարի այդ հիմքով չվճարված կենսաթոշակը 

 

2021 թվականի մարտի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ս․ Է․-ի՝ հայցը, որով նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժնից պահանջում էր գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու 01.01.1992 – 01.04.1999 թվականների ժամանակահատվածը ընդհանուր աշխատանքային ստաժում ներառել։

 

2020 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ  Ս․ Է․-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ կենսաթոշակի իրավունքի իրացման շրջանակում առկա խոչընդոտների հարցով։ Նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում էին ՀՔԱՎ  փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։

 

Դեռևս 2013 թվականի նոյեբերին Ս․ Է․-ին նշանակվել և մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ վճարվել է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ընդ որում ընդհանուր աշխատանքային ստաժում հաշվառված է եղել նաև 01.01.1992 – 01.04.1999 թվականներին գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելը՝ հողի սեփականաշնորհման վկայականի և տարածքային բաժնի տրամադրած` այդ ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարված լինելու մասին տեղեկանքի հիման վրա: Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո Ս․ Է․-ը կենսաթոշակ այլևս չի ստացել:

 

Այնուհետև 63 տարին լրանալուց հետո դիմել է Սոցապ ծառայության Վանաձորի տարածքային բաժին՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար: Աշխատանքային ստաժում հաշվի չի առնվել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու հանգամանքը, քանի որ անհրաժեշտություն է առաջացել փաստաթղթերին կցել 01.01.1992 – 01.04.1999 ժամանակահատվածի համապատասխան անդորրագրեր և տեղեկանքներ: ՍԷ․-ը դիմել է Նախարարություն՝ խնդրելով կենսաթոշակ նշանակելիս հաշվառել վերոնշյալ հանգամանքը, սակայն Նախարարության որոշման մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, ինչի պատճառով էլ հայց է ներկայացրել դատարան։

 

Այսպես՝ վարչական մարմինը ՍԷ․-ից պահանջում էր ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնք հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար արդեն իսկ ներկայացվել էին Բաժին և հաստատվել էին։ Մինչդեռ ըստ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ դրա անհրաժեշտությունը չկար։ 

 

Այդ հիմքով Դատարանը վճռեց բավարարել Ս․ Է․-ի հայցը և պարտավորեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժնին ընդունել վարչական ակտ՝ գյուղատեսական նշանակության հողի սեփականատեր լինելու 01.01.1992 – 01.04.1999 ժամանակահատվածը Ս․ Է․-ի ընդհանուր աշխատանքային ստաժում ներառելու մասին և վճարել այդ շրջանի համար չվճարված կենսաթոշակը։

 

Փաստորեն իրավասու մարմինը շրջանցում էր օրենքն ու կամայական պահանջներ ներկայացնում՝ խախտելով քաղաքացու իրավունքները, որոնք հնարավոր եղավ վերականգնել միայն դատարանի միջոցով։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր