Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սա խայտառակ անգործություն է. ՀՔԾ-ն կասեցրել է Սարի թաղի գործով մի խումբ տուժողների գործով վարույթը

September 26, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Սարի թաղի դեպքերի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավող անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին գործով տուժող ճանաչվածները, ովքեր երեկ գործի քննության կասեցման վերաբերյալ ծանուցում են ստացել ՀՔԾ-ից։ Նրանց թվում են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը, լրագրող Մարիամ Գրիգորյանը և մի շարք այլ քաղաքացիներ։ Միաժամանակ գործով քննիչ Գարիկ Բեգոյանը տուժողներին տեղեկացրել է, որ շարունակվում են դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելուն ուղղված անհրաժեշտ քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով տուժել էին 99 քաղաքացի, որոնցից 23-ը՝ լրագրողներ: Լրագրողներից 19-ը ճանաչվել էին տուժող, 2-ը հարցաքննվել են որպես վկա։ Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ 47 անձ ստացել էր բեկորային վնասվածքներ, 36-ը` ենթարկվել էր ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել էին այրվածքներ:

 

Սարի թաղի դեպքերի ժամանակ մարդիկ վնասվածքներ էին ստացել ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների՝ մասնավորապես լուսաձայնային նռնակի պատճառով։ Իսկ նռնակներ նետողը ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանն էր, որը երեկ ՀՔԾ-ում հարցաքննված, ապա մեղադրյալի կարգավիճակ ստացած Լյովա Երանոսյանի եղբայրն է։ Լյովա Երանոսյանն էլ ներկայումս մեղադրվում է ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ կիրառելու իրավասությունը չունենալով հանդերձ դրանք կիրառելու համար։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Սարի թաղի գործի կարճումը որոշ տուժողների մասով համարում է խայտառակություն և անգործություն ՀՔԾ-ի կողմից։ «Սա խայտառակություն է, քանի որ Սարի թաղում կատարված ամեն ինչը տեսանյութերով առկա է։ Մեր պաշտպանյալներից մեկի մասով էլ է որոշում կայացվել կասեցնել քրեական գործի վարույթը, այն դեպքում, երբ բողոքի մեջ հստակ գրված է, թե ովքեր են իրեն տարել, քանի ժամ է պահվել։ Ժամերով, րոպեներով, ամեն մանրամասներով նշված էր բողոքում։ Ընդհուպ նշել էինք Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի անունը։ Այսքանից հետո, սակայն, ՀՔԾ-ն որոշում է կայացրել կարճել վարույթը»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ կասեցման հիմքերին ծանոթանալուց հետո անպայման ընթացք կտան դրան։

 

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ ՀՔԾ-ի կողմից այս գործելաոճը մեկ բառով է բնութագրվում՝ անգործություն, քանի որ, եթե բողոքում գրված է մեղավորի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ժամը, տեսագրությունը և այդ պարագայում վարույթն իրականացնող մարմինը չի հայտնաբերում մեղավորին, ապա այլ բնութագրում հնարավոր չէ տալ, քան անգործությունը։ «Ես կարող եմ վստահաբար խնդել, որ ՀՔԾ քննիչի կողմից հատկապես մեր պաշտպանյալների մասով կարճման որոշումները անհիմն են»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

 

Լրագրողներ Գևորգ Ղազարյանի ու Մարիամ Գրիգորյանի գործերով զբաղվող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն ասաց, որ երկուսի դեպքում էլ քրեական գործի վարույթը կարճվել է, որը քննիչի կողմից հիմնավորված որոշում չէ և իրենք անպայման կարճման որոշումները բողոքարկելու են նախ դատախազությունում, ապա դատարանում։ «Ես կարծում եմ, որ անարդյունավետ աշխատանքի հետևանք է, և ՀՔԾ-ն լուրջ չի վերաբերել ու ձևական մոտեցում է ցուցաբերել գործի նկատմամբ։ Երկար ժամանակ առերեսում չանցկացնելով, փորձ չանելով մեղադրյալներին գտնել, հանգեցրել է այս արդյունքին։ Ես վերջերս տեղեկացա, որ «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի մասով լրագրողներից մեկը նոր առերեսվել է։ Ես կարծում եմ, թե ժամանակին նախաքննական մարմինը օպերատիվ գործեր, հիմա շատ ավելի լավ արդյունք կգրանցեինք։ Իսկ տարիներ անց, բնական է, որ բարդություններ առաջ կգան։ Քննիչի կողմից այս գործով վարույթի կարճումը վերջին քայլն է, որ այլևս չանդրադառնան այդ գործին։ Եթե մեղավորին հայտնաբերելը համարում են անհնարին, ապա ցանկանում են վերջնականապես փակել գործը»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ ցանկության դեպքում հնարավոր էր շատ արագ այս գործը բացահայտել, քանի որ առկա են բազմաթիվ լուսանկարներ, վիդեոնյութեր, որտեղ ամեն ինչ հստակ երևում է։ «Թարմ հետքերով կարելի էր արագ գործը բացահայտել, բայց քանի որ այն ժամանակ ընդունված չէր ոստիկանության բարձրաստիճան սպաներին պատասխանատվության ենթարկել, իսկ այդ գործողությունները մեծամասամբ իրականացրել էին բարձրաստիճան ոստիկաններ կամ նրանց հովանու տակ գործող քաղաքացիական հագուստով անձինք, ՀՔԾ-ն այն ժամանակ մտադիր էլ չէր հայտնաբերել նրանց ու բացահայտել գործը։ Իսկ հիմա ՀՔԾ-ն բացահայտ անգործություն է ցուցաբերում՝ կարճելով գործերի վարույթները։ Կրկնում եմ, որ մենք կբողոքարկենք կարճման որոշումները և արդյունքի կհասնենք»,- ասաց Մելիքյանը։

 

«Լևոն Երանոսյան և Աշոտ Կարապետյան, ահա հանցագործները, որոնց հրամանով և կազմակերպմամբ Սարի թաղում համատարած հանցագործություններ են կատարել ոստիկանները: Երջանիկ պատահականությամբ Լևոն Երանոսյանն այսօր ՀՔԾ է հրավիրվել հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար: Ենթադրում եմ` խնդիրը հատուկ միջոցների կիրառման օրինականությանն է վերաբերում: Նույն բանն է տեղի ունեցել նաև Սարի թաղում: Հատուկ միջոցները Երանոսյանի հրամանով կիրառվել են օրենքի կոպտագույն խախտումներով և առաջացրել են ծանր հետևանքներ: Ինչպես է հնարավոր՝ մի դեպքում նկատել Երանոսյանի ապօրինի հրամանը, մյուս պարագայում`անտեսել նույնաբովանդակ ապօրինի հրամանը: Կարող ենք արձանագրել, որ նոր իշխանության օրոք ՀՔԾ-ն չի հրաժարվել նախկին կեղտոտ ձեռագրից: Ցավում եմ արդարադատության հույս ունեցողներիս համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց լրագրող Ռոբերտ Անանյանը, որի մասով գործը ևս կասեցվել է։

 

Նշենք, որ Սարի թաղի գործով տուժողներից՝ լրագրող Մարիամ Գրիգորյանի գործն արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է։ Իսկ Գևորգ Ղազարյանի գործը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

Դիտումներ՝ 1292

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????