Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Նորություններ | Սերոբ Գևորգյան
2015թ. ապրիլին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարելու հետևանքով հիվանդանոցում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը 2019թ. հունվարի 10-ին հերթական միջնորդությունն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
Ս. Գևորգյանը «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո 2015 թ. ապրիլի 20-ին ինքնավնասում է արել, որից չորս օր անց միայն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ երեք օր անց մահացել է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Ս. Գևորգյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցվելուց հետո: Ընդ որում՝ քրեական գործ է հարուցվել քրեական գործ չհարուցելու մասին 2015թ. մայիսի 7-ի որոշումը բողոքարկելուց հետո միայն:
Քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն, թույլ են տրվել մի շարք խախտումներ:
2018թ. մարտի 28-ին կրկին տուժող կողմի միջնորդությամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Այդ միջնորդությամբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը մատնանշել էր փորձագիտական եզրակացության մեջ առկա մի շարք հակասություններ ու թերացումներ:
Տուժող կողմը ուշադրության արժանի հանգամանքներ է նկատել նաև կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:
Փորձագետները նախ արձանագրել են, որ եթե Սերոբ Գևորգյանին ժամանակին տեղափոխեին բազմապրոֆիլ բժշկական հաստատություն, նրա կյանքը փրկելու հավանակությունը էապես կմեծանար, սակայն նույն եզրակացության մեջ հայտնել են դրան հակասող այլ կարծիք այն մասին, թե բարենպաստ ելքի հավանականությունը որոշել հնարավոր չէ:
Փորձագետները հստակ հետևություններ չեն կարողացել անել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ս. Գևորգյանին ցուցաբերած բժշկական օգնության որակի մասին, քանի որ ՔԿՀ-ում նրա ամբուլատոր քարտը լրացված է բազմաթիվ թերություններով ու աղավաղումներով, իրար հակասող արձանագրումներով: Այս հանգամանքը կարևոր նշանակություն կարող է ունենալ փորձագիտական տեսանկյունից:
Բացի դրանից՝ փորձագիտական եզրակացությունը հաստատում է այն հանգամանքը, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համապատասխան բժշկական անձնակազմի կատարած գործողությունները կատարվել են բազմաթիվ թերություններով, և նման պարագայում իրենց պարտականությունները կատարելու մեջ թերացած բուժաշխատողներին մեղադրանք չառաջադրելը հանգեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի իրավունքի խախտման:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ընդգծել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը բոլոր քննչական գործողություններն ու փորձաքննությունների նշանակումը կատարել է բացառապես տուժող կողմի միջնորդությունների հիման վրա, ինչը վկայում է հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնողականության բացակայության մասին:
Ա. Զալյանը 2019թ. հունվարի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Կարապետյանին միջնորդել է համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ ձեռնարկել վկայակոչված խախտումները վերացնելու ուղղությամբ:
Քննիչ Ա. Կարապետյանը միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել: