0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Հաշմանդամության հիմքով խտրականությունը բռնություն է անհատի արժանապատվության դեմ․ հայտարարություն

September 18, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հայտարարություններ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թ․ սեպտեմբերի 17-ին Հայաստանի օրենսդիր մարմնի Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջարկել է Սահմանադրությամբ ամրագրել, որ «հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնելու քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»։ 

 

Այս հայտարարությանը հաջորդեց քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փոխադարձ ուղերձներ՝ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց վիրավորող, պիտակավորող և արժանապատվությունը նվաստացնող ձևակերպումներով։ Ավելին՝ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը, ի դեմ՝ պատգամավոր Իվետա Տոնոյանի, հայտարարեց հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց բարձրաստիճան քաղաքական պաշտոններ զբաղեցնելն արգելելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու գործընթացի մասին։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ պետք է ամրագրել նաև «մտավոր և ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան», իսկ նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հիշեցրեց իր՝ մինչև պատգամավորի մանդատը ստանալը հոգեբանական ստուգում անցնելու օրենսդրական նախաձեռության մասին և համագործակցության կոչ արեց Բարգավաճ Հայաստան խմբակցությանը։   

 

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն, ի թիվս այլ իրավունքների, ամրագրում է հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների և մյուսների հետ հավասար հիմունքներով դրանցից օգտվելու հնարավորության երաշխավորումը, այդ թվում՝ պետական բոլոր մակարդակներում ընտրվելու, պաշտոն զբաղեցնելու և հանրային գործառույթներ իրականացնելու նրանց իրավունքը (հոդված 29)։

 

Հորդորում և պահանջում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներից և մյուս պաշտոնյաներից հարգել յուրաքանյուր մարդու արժանապատվությունն ու անհատականությունը, հրապարակային խոսքում զերծ մնալ անձի հոգեկան առողջության ենթադրյալ կամ իրական խնդրի թիրախավորումից և հոգեսոցիալական ու մտավոր հաշմանդամության հիմքով խտրական օրենսդրական նախաձեռնություններից։

 

Հայաստանի իշխանությունները՝ որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրած պետության ներկայացուցիչներ, պարտավոր են բացառել հաշմանդամության և որևէ այլ հիմքով խտրական խոսքը, հանրային բանավեճում խտրական մտածելակերպն ու վերաբերմունքը խրախուսող դիրքորոշումները, ինչը բռնություն է` ուղղված անհատի արժանապատվության դեմ և հակասում է մարդու համընդհանուր իրավունքների արժեքներին։

 

18 սեպտեմբերի, 2020 թ․

Դիտումներ՝ 223

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը