Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղհասարակության ներկայացուցիչները Գլխավոր շտաբի հայտարարությունը որակել են ոչ թե «ռազմական հեղաշրջում», այլ՝ «հակասահմանադրական»

February 26, 2021

Գործունեություն | Հայտարարություններ | Սեփական

2021 թ․ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որում իր դժգոհությունն էր հայտնում Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատելու առնչությամբ և կարծիք էր հայտնում, որ ՀՀ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Այդ հայտարարությամբ ՀՀ զինված ուժերը պահանջում էին ՀՀ վարչապետի և Կառավարության հրաժարականը։

 

Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա Գլխավոր շտաբի հայտարարությունը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

 

Այս իրադարձություններից հետո քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, հրատապ հայտարարություն տարածեցին, որում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունը գնահատում էին որպես հակասահմանադրական, ներքաղաքական հարցերում զինված ուժերի չմիջամտելու սկզբունքի եւ սահմանադրական նորմի խախտում, ինչը իրական եւ ծանր սպառնալիքներ է առաջացնում Հայաստանի համար: Նրանք նաև կոչ էին հղել ներգրավված բոլոր կողմերին։

 

Այս հայտարարությունից հետո  Армянская вендетта տելեգրամյան ալիքը գրել էր․ «Սորոսականները հրահանգված ձևով աջակցություն են հայտնում Փաշինյանին՝ կրկնելով «զինված հեղաշրջման» մասին նրա անհեթեթ թեզը [․․․․] Բոլորը մեկ մարդու նման կանգնեցին Թուրքիայի վարչապետ Չաուշօղլուի կողքին՝ առաջին շարքում» (Թուրքիայի արտգործնախարար Մ․ Չավուշօղլուն հայաստանյան իրադարձությունների մասին հետևյալ հայտարարությունն էր արել․ «Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում է այն»): Նյութը արտատպել էր yerevan.today-ը՝ կցելով ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա մեջբերել էր նշված հայտարարությունից մի հատված։ Նկատենք, որ ոչ այդ հատվածում, ոչ էլ այդ հայտարարության մեջ, առհասարակ, «զինված հեղաշրջում» արտահայտություն չկա։ Բայց վերոնշյալ լրատվամիջոցներն այդ արտահայտությունը վերագրել էին նյութում հիշատակված բոլոր անձանց, այդ թվում՝ Արթուր Սաքունցին՝ ակնհայտ կերպով մանիպուլացնելով լսարանին։

 

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ այդ հայտարարության մեջ տրված գնահատականներին, ապա պետք է նշել, որ համանման գնահատականներ են տվել նաև միջազգային կառույցները։

 

Այսպես՝ Եվրոպական միությունը կողմերին հանդարտության կոչ էր արել և հստակորեն նշել, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ զինված ուժերը պետք է չեզոք լինեն քաղաքական իրադարձություններից և մնան քաղաքացիական վերահսկողության ներքո։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ առկա մարտահրավերներին Հայաստանը կարող է դիմագրավել միայն ժողովրդավարական և սահմանադրական ճանապարհներով։

 

ԵԱՀԿ նախագահը ևս Թվիթերի իր միկրոբլոգում իրավիճակը խաղաղ ճանապարհով հանդարտեցնելու կոչ էր արել և հատուկ նշել․ «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ ժողովրդավարական գործընթացների և օրենքի գերակայության վերաբերյալ»։

 

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն ևս Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել էր հայաստանյան իրադարձություններին«Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Հայաստանի Սահմանադրության»։

 

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգն ու Քիմմո Կիլյունենը ևս ԶՈՒ գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունը անընդունելի են համարել և կոչ են արել բոլոր քաղաքական դերակատարներին լիարժեք հարգանք դրսևորել ժողովրդավարական սկզբունքների և Հայաստանի սահմանադրության նկատմամբ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը անհապաղ թուլացնելու լարվածությունը:

 

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ևս իր դիրքորոշումն էր հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ և հիշեցրել կողմերին ժողովրդավարության հիմնարար սկզբունքի մասին՝ զինված ուժերը չեզոք են մնում և չեն խառնվում ներքին քաղաքական իրադարձություններին։

 

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը ևս կառույցի անհանգստությունն էր հայտնել Հայաստանում տեղի ունեցողի առնչությամբ և նշել, որ քաղաքակական հակասությունների լուծումն ու լարվածության թուլացումը հնարավոր է անել միայն ժողովրդավարական գործընթացները և Սահմանադրության դրույթները հարգելու միջոցով։

 

Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ քաղհասարակության հրատապ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները լիովին համահունչ են միջազգային հեղինակավոր կառույցների արտահայտած դիրքորոշումներին։ Այն պնդումը, թե քաղհասարակության ներկայացուցիչները Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ են որակել, իրականությանը չի համապատասխանում, սուտ է և ապատեղեկատվություն, ակնհայտորեն նպատակ ունի հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու։

Դիտումներ՝ 289

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????