Հանրային լսումների քանակով չի որոշվում ժողովրդավարության մակարդակը
կամ հանրային լսումների քանակը դառնում է հրապարակային ճնշման գործիք
15 օգոստոսի, 2025 թ.
Մենք, ներքոստորագյալ հասարակական կազմակերպություններս, խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում տեղական ինքնակառավարման գործընթացում արմատավորվել են ավտորիտար կառավարման բարքեր, որոնք արտահայտվում են համայնքի բնակիչների և քաղաքացիների ազատ խոսքի ճնշման, սոցիալ-էկոլոգիական իրավունքների շարունակական խախտման դրսևորումներով։ Այս ամենը ուղեկցվում է Փամբակ համայնքում այնպիսի մթնոլորտի ձևավորմամբ, որոնք հիմնավոր կասկած են հարուցում կոռուպցիոն ռիսկերի առաջացման մասին։
Վերջին 4 տարիներին Փամբակ համայնքում տեղի է ունեցել արդեն 12 հանրային լսում՝ համայնքի Քարաբերդ և Փամբակ բնակավայրերի գյուղատնտեսական նշանակության տարածքներում նոր մետաղական հանքերի պաշարների որոնման ու հանքերի ընդլայնման նպատակով։ Բնակիչները և քաղաքացիները բազմիցս նշել են, որ դեմ են Քարաբերդի տարածքում հանքերի ընդլայնմանն ու նոր հանքերի բացմանը, սակայն այդ փաստը հետևողականորեն անտեսվել է Փամբակ համայնքի տեղական իշխանությունների կողմից։
Միայն այս տարի այդ թեմայով արդեն երկու տարբեր ընկերություն չորս հանրային լսում են նախաձեռնել։ Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերում կայացած առաջին լսման ժամանակ քաղաքացիները հստակ դեմ են արտահայտվել նոր հանքերի բացմանը և հետախուզական աշխատանքներին։ Նույն բնակավայրերում նույն ընկերության՝ հանրային լսումներ անցկացնելու երկրորդ փորձը տապալվել է բնակիչների բոյկոտի արդյունքում։ 2025 թվականի հուլիսի 9-ին, Քարաբերդում հանքարդյունաբերության նպատակ ունեցող մեկ այլ ընկերություն նախաձեռնել է լսումներ, որոնք կրկին տապալվել են բնակիչների բոյկոտի և դեմ լինելու արդյունքում։ Սակայն նույն ընկերությունն անմիջապես նոր լսումներ է նախաձեռնել Քարաբերդում: Այդ լսումը նախատեսված էր 2025 թ. օգոստոսի 13-ին։
Քաղաքացիների դժգոհության բազմաթիվ դրսեւորումները տեսնելուց հետո, անհասկանալի են այսպիսի նախանձախնդրությամբ նորից ու նորից լսումներ նախաձեռնելու փորձերը: Դա տեղական ժողովրդավարության սկզբունքների անտեսում է, որով նպատակ ունեն հոգնեցնել քաղաքացիներին, և հասնել նրան, որ հանքի շահագործումը մերժող քաղաքացիներն այլեւս չմասնակցեն հանրային լսումներին՝ ամեն անգամ նույն բողոքը հայտնելու համար: Համայնքային իշխանությունն անտեսում է այս հանգամանքը և չի ուզում նկատել համայնքի ու բնակիչների դիրքորոշումը:
Ակնհայտ է Փամբակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների մտադրությունը՝ ամեն կերպ նպաստելու հանքի շահագործման նպատակ հետապնդող շահերի պաշտպանությանը՝ հակառակ հենց համայնքի բնակիչների տրամադրությունների, փորձելով հետեւողականորեն, շարունակական լսումների միջոցով հասնել համայնքի բնակիչների հյուծմանն ու նրանց տրամադրությունների փոփոխությանը:
Փաստացի, Փամբակը Հայաստանի այն համայնքներից մեկն է, որտեղ ամենաշատն են նախաձեռնվում նոր հանքեր բացելու կամ հանքեր ընդլայնելու վերաբերյալ հանրային լսումներ։ Բացի Քարաբերդից, թիրախավորված բնակավայրերի ցանկում են նաև համայնքի Փամբակ, Բազում, Արջուտ, Մարգահովիտ բնակավայրերը, որտեղ ևս հետևողականորեն, անտեսելով քաղաքացիների բացասական դիրքորոշումները, շարունակաբար նախաձեռնվում են հանքանյութի որոնման և հանքերի տարածքների ընդլայնման վերաբերյալ հանրային լսումներ։
2025թ. հուլիսի 13-ին, Քարաբերդում հանրային լսումը չկայացավ՝ քաղաքացիների բողոքի պատճառով։ Սակայն մի քանի օր անց, նույն ընկերության նախաձեռնությամբ Փամբակ համայնքի ՏԻՄ-ը կրկին նշանակեց հանրային լսում՝ 2025 թվականի օգոստոսի 13-ին։ Նախորդ լսումների ժամանակ դեմ արտահայտված քաղաքացիներին փորձում էին լռեցնել արդեն ձևավորված մեխանիզմի միջոցով։ Այդ մեխանիզմը հետևյալն է՝ հանքարդյունաբերական ընկերությունները կամ նրանց ներկայացուցիչները բնակիչներին հետեւողականորեն կա՛մ համոզում են չմասնակցել լսումներին, կա՛մ էլ՝ թե հանքի բացումը միայն բարիք է բերելու բնակավայրին: Այդ խմբերը նաև մասնակցում են կազմակերպվող լսումներին և երբեմն քրեական ենթամշակույթին հատուկ խոսույթով փորձում են լռեցնել հանքի դեմ արտահայտվող քաղաքացիներին՝ հայտարարելով, թե «միայն գյուղացիներն իրավունք ունեն արտահայտվելու հանրային լսումների ժամանակ»: Փաստորեն տեղական ինքնակառավարման մարմինը մնում է անհաղորդ՝ դեմ առ դեմ թողնելով ինստիտուցիոնալ կայացած կորպորացիային և համայնքի բնակիչներին, որից ակնհայտ է դառնում, որ Փամբակ համայնքի ՏԻՄ-ը սպասարկում է առաջինների շահերը։
Օգոստոսի 13-ին հրավիրված հանրային լսումների ժամանակ, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոնստանդյանն ակնհայտորեն չարաշահեց իր լիազորությունները և խախտեց քաղաքացիների արտահայտվելու իրավունքը՝ սպասարկելով հանքարդյունաբերող կողմի շահերը։ Մասնավորապես՝ Սուրեն Կոնստանդյանը լսումների մեկնարկին հայտարարեց, թե բոլորն արտահայտվելու հնարավորություն կունենան, սակայն միջոցառման 55-րդ րոպեին անակնկալ ընդհատեց հանրային լսումը՝ մերժելով բազմաթիվ քաղաքացիներին խոսք տրամադրելու խնդրանքը: Քաղաքացիների պնդումներին, թե իրենք համբերությամբ սպասում էին արտահայտվելու իրավունը իրացնելուն եւ համայնքի ղեկավարից ակնկալում էին, որ իրենց ևս արտահայտվելու հնարավորութուն կընձեռվի, համայնքապետը պատասխանել է, որ հանրային լսումը փակված է եւ ոչ ոք այլեւս խոսք չի ստանալու, ապա շտապ հեռացել է տարածքից: Բացի այդ, հանրային լսման իրազեկման հետ չեն հրապարակվել քննարկվելիք խնդրին առնչվող նյութեր (նախագծեր, քարտեզներ, հիմնավորումներ եւ այլն): Այդպիսով, Փամբակ համայնքի ղեկավարը խախտել է հանրային լսումների հրավիրման եւ անցկացման ընթացակարգերը, սահմանափակել է քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքը եւ տեղական ժողովրդավարության սկզբունքները։
Քաղաքացիների ազատ կամարտահայտման ճնշման մեկ այլ փորձ էր նաեւ այն, որ անօրինական և պաշտոնի չարաշահմամբ տապալված և չկայացած հանրային լսումից հետո, Քարաբերդի համայնքային կենտրոնում հասարակական կազմակերպությոնների ղեկավարներ՝ Արթուր Սաքունցի, Օլեգ Դուլգարյանի, Գևորգ Քոթանջյանի և Լևոն Բարսեղյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսի ընթացքում սենյակ ներխուժեցին մի քանի քաղաքացիներ և աղմկելով պահանջեցին, որ ներկաները՝ մոտավորապես 40 հոգի, անմիջապես լքեն կենտրոնի տարածքը, որովհետեւ «դուռը փակելու են»։ Նրանք հեռացան միայն ոստիկանության միջամտությամբ։ Այս լկտիությունը դեռևս գնահատականի չի արժանացել համայնքի ղեկավար կողմից:
Փամբակի ՏԻՄ-ը՝ ի դեմս համայնքի ղեկավար Սուրեն Կոնստանդյանի, տարիներ շարունակ նշում է, որ առաջնորդվում է քաղաքացիների դիրքորոշմամբ՝ միաժամանակ անտեսելով քաղաքացիների կարծիքը և դիրքորոշումը։ Նա ստեղծում է այնպիսի իրավիճակ, որտեղ քաղաքացիները մշտապես գտնվում են սոցիալական անապահովության և անորոշության մեջ։ Այդ հանգամանքներում ակամայից կխրախուսվեն տարբեր ընկերությունների՝ հանքարդյունաբերական ծրագրեր իրականացնելու նկրտումները:
Նման վարքագծի օրինակ է նաև Փամբակի Արջուտ բնակավայրում հանքարդյունաբերության առաջխաղացումը: Մասնավորապես՝ 2024 թվականի հունվարի 6-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Սագամար» ընկերությանը՝ «Չքնաղ-Արմանիս» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտին։ Ի թիվս այլ հիմնավորումների, նշված էր, որ ՀՀ Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրում իրականացված երկրորդ հանրային լսումների մասնակիցների մի մասը դեմ են արտահայտվել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին և հանրային լսման ընթացքում ստորագրել են որպես դեմ քվեարկողներ (առկա է տեսաձայնագրություն)։ Սակայն այս դիրքորոշումը ներառված չէ Փամբակ համայնքի ղեկավարի կողմից ստորագրված արձանագրությունում։
13.08.2025թ․-ին Քարաբերդում կայանալիք հանրային լսումներին ընդառաջ անտեսվել է նաև 29.07.2025թ․-ին երեք հասարակական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարությունը՝«Փամբակ համայնքում տեղական ժողովրդավարության շարունակական արհամարհման վերաբերյալ»։ Բացի այդ, հայտարարություն էր տարածել նաև «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ն՝ «Փամբակ և Վանաձոր համայնքների զբոսաշրջային ներուժի և ոլորտի զարգացմանը սպառնացող հնարավոր վտանգների մասին»։
Փամբակ համայնքում տեղական ժողովրդավարության սկզբունքների շարունակական ոտնահարումը հակասում է ՀՀ-ի կողմից որդեգրած ժողովրդավարության սկզբունքներին և ձգտումներին և ՀՀ-ի ԵՄ-ին անդամագրման ձգտումներին։ Այն ՀՀ-ում տեղական ժողովրդավարության ամրապնդման, տեղական ինքնակառավարման կայացման և համայնքային զարգացման լրջագույն խոչընդոտ է, ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր տեղական մակարդակում և կարող է ստվեր գցել միջազգային գործընկերների շրջանում Հայաստանի հեղինակության վրա, ինչպես նաև մյուս համայնքների համար հանդիսանալ որպես տեղական կառավարման բացասական օրինակ։
Մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, հայտարարում ենք, որ
- Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում օգոստոսի 13-ին հրավիրված հանրային լսում-քննարկումը չի կայացել. ցանկացած արձանագրություն այն մասին, թե լսումը կայացած է, կեղծ է: Պահանջում ենք ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ՏԻՄ-ից անվավեր ճանաչել 2025 թ. oգոստոսի 13-ին Քարաբերդում կազմակերպված, սակայն անօրինական ձևով ընդհատված հանրային քննարկումները և այլևս այդ թեմաներով նոր լսումներ Քարաբերդ բնակավայրում չիրականացնել, չբռնանալ տարիների ընթացքում քաղաքացիների կողմից արտահայտված դիրքորոշումներին։
- Պահանջում ենք դադարեցնել նույն տարածքներում նույն պաշարները արդյունահանելուն ուղղված հանրային լսումներ-քննարկումներ անցկացնելու սեւեռուն մոլեռանդությունը: Տեղական եւ պետական իշխանությունները, թեկուզ մեծ ջանքերի գնով դատապարտված են հասկանալու, որ երբ մարդիկ մի քանի անգամ մերժում են հանք բացելու նախաձեռնութունները, ուրեմն նորանոր հանրային լսումներ հրավիրելու նախաձեռնությունները հանրությանը ճնշելու քողարկված փորձեր են:
- Փամբակ համայնքում անհրաժեշտ է ժողովրդավարության առողջացման և ամրապնդման գործընթաց իրականացնել։
- Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Վահրամ Հովեյան, «Բայազետ» կենտրոն ՀԿ
- Գևորգ Քոթանջյան, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
- Թեհմինե Ենոքյան, «Կանաչ Հայաստան» ՀԿ
- Հենրիկ Մխիթարյան, «Կանաչ Փոփոխություն» ՀԿ
- Արփինե Երիցյան, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
- Արսեն Արսենյան, «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն
- Հռիփսիմե Քոչարյան, «Հաջողակ կին» ՀԿ
- Մհեր Կարագոզյան, «Հանրային վերահոսկողություն» ՀԿ
- Մամիկոն Հովսեփյան, «Փինք» իրավապաշտպան ՀԿ
- Ինգա Զառաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
- Աշխեն Բաբայան, «Սպիտակի հելսինկան խումբ» ՀԿ
- Տիգրան Մաթևոսյամ, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ
- Աշոտ Օհանյան, «Առողջ միջավայր» ՀԿ
- Արթուր Վարդազարյան, «Նոր հորիզոններ» ՀԿ
- Աննա Մելիքյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- «Հայկական բնպահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն
- Սեդա Մուրադյան, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
- Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ Հանուն մարդու իրավունքների» ՀԿ
- Հայկ Աբրահամյան, Էկո-ակտիվիզմի ակադեմիա