Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խոշտանգման հանցակազմով գործերի քննության վերապահումը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը` որպես խոշտանգման դեմ պայքարում առկա խնդիրների և բացթողումների քողարկման քաղաքականություն

October 1, 2021

Գործունեություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք), որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, ի թիվս այլնի, փոփոխություններ են նախատեսվել նաև քննչական ենթակայությունը սահմանող դրույթներում[1], որոնք ուժի մեջ են մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից։

 

Օրենսգրքով ոչ թե միջոցներ են ձեռնարկվել բարձրացնելու մարդու իրավունքների, և մասնավորապես, խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության արդյունավետությունը, այլև փաստացի ինստիտուցիոնալ առումով ավելի է նվազեցվել այն՝ խոշտանգման գործերի քննչական ենթակայությունը վերապահելով ազգային անվտանգության ծառայության քննիչներին[2]։ 

 

Հարկ է նշել, որ Օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունված խմբագրությամբ՝ 181-րդ հոդվածի 6-րդ մասում խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերապահվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչներին, մինչդեռ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված խմբագրությամբ խոշտանգումն ամրագրող 450-րդ հոդվածը ներառվել է ազգային անվտանգության ծառայության քննիչների քննչական ենթակայությանը վերապահված գործերի ցանկում։ Այսպիսով՝ ի սկզբանե մշակված դրույթը (առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը) խոշտանգման գործերի քննչական ենթակայության վերաբերյալ և վերջնական ընդունված դրույթը (երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագիծը) տարբեր կարգավորումներ են նախատեսել, ինչի կապակցությամբ հնարավորություն չի ստեղծվել բովանդակային քննարկումներ իրականացնել նշված խնդրի շուրջ։

 

Համանման իրավիճակ է ստեղծվել նաև մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ։  2021 թվականի մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը, որով նախատեսվել է ձևավորել կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող հատուկ մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժի մեջ կմտնի նաև «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված օրենքը[3], որը նույնպես փոփոխություններ է նախատեսում քննչական ենթակայության վերաբերյալ կարգավորումներում, այդ թվում՝ խոշտանգման գործերով քննության իրավասության վերաբերյալ: 

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է այն բովանդակությամբ, որ Հատուկ քննչական ծառայությունը, որպես քննություն իրականացնող մարմին, չի դադարելու գոյություն ունենալ և վերջինիս զուգահեռ ստեղծվելու և գործելու է հակակոռուպցիոն կոմիտե, որը և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Հավելված N 1-ով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով իրականացնելու է նախաքննություն: Մինչդեռ պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերստին մնալու էր Հատուկ քննչական ծառայության քննչական ենթակայության ներքո։

 

Սակայն միանգամայն այլ բովանդակությամբ նախագիծ է ներկայացվել երկրորդ ընթերցմանը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն․ «Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել  հետևյալ խմբագրությամբ. «3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները»:

 

Ընդունված օրենքով ՀՔԾ-ն, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների և պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, այդ թվում նաև՝ խոշտանգումների, քննություն իրականացնող անկախ մարմին դադարել է գոյություն ունենալ, իսկ խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերապահվել է ազգային անվտանգության ծառայությանը: Հարկ է ընդգծել, որ ընդունված օրենքը բովանդակային առումով լրիվ այլ կարգավորումներ է նախատեսել, քան ի սկզբանե քննարկման դրված տարբերակը, ուստի՝ նշված խնդրի կապակցությամբ ևս չի ապահովվել խոշտանգման գործերի քննչական ենթակայության բովանդակային և պատշաճ հանրային և մասնագիտական քննարկումը։

 

Կարևորելով քրեական արդարադատության ոլորտում հակակոռուպցիոն ռազմավարությունը և ընդգծելով պատշաճ քննչական ենթակայության կարևորությունը կոռուպցիոն հանցագործությունների լրիվ և բազմակողմանի քննության տեսանկունից՝ հայտնում ենք, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները չեն կարող ստորադասել և անտեսել պաշտոնատար անձանց կողմից իրականացվող այնպիսի հանցագործության արդյունավետ քննությունը, ինչպիսին խոշտանգումն է։ Նշված օրենսդրական փոփոխություններով էապես վտանգվում է  խոշտանգումներից զերծ մնալու՝ անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը ներքոնշյալ հիմնավորումներով։

 

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն․ «Ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ լիազորված մարմին) վարչապետին ենթակա մարմին է»: Սահմանումից ինքնին ակնհայտ է, որ Ազգային անվտանգության ծառայությունը անկախ և անաչառ մարմին համարվել չի կարող, այն գործում է վարչապետի ենթակայության տակ, հետևաբար՝ վերջինիս քննիչները չեն կարող ապահովել խոշտանգման գործերով գործերի քննության արդյունավետության առաջնային և կարևորագույն չափանիշը։

 

Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ քաղաքացիական հասարակությունը մշտապես առաջարկել է մեծացնել ՀՔԾ-ի դերը, հզորացնել վերջինիս անկախության երաշխիքները՝ ապահովել ՀՔԾ-ի պետի ընտրությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից, ամրագրել ՀՔԾ-ի հաշվետվողականությունը Ազգային ժողովին՝ տարեկան զեկույցներով՝ արված քայլերի և առաջացած խնդիրների վերաբերյալ, նախատեսել, որ ՀՔԾ-ն որևէ ուղղակի կամ անուղղակի ենթակայություն չպետք է ունենա կառավարությանը, ապահովել խոշտանգումներից տուժած անձանց ուղիղ և անմիջական հասանելիությունը ՀՔԾ-ին։ ՀՔԾ-ն որոշ առումով «անկախության» տարրեր պարունակում է, ինչը չենք կարող ասել Ազգային անվտանգության ծառայության մասին, մասնավորապես․   «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն․ «Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին»:

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տրամադրել է խոշտանգման հանցագործությունների քննության իրավասությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը փոխանցելու վերաբերյալ տեղեկանք, որում նշել է, որ «ԱԱԾ-ի կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից խոշտանգման հանցագործությունների գործերի քննություն իրականացնելը դիտվում է որպես առավել մասնագիտացված և անաչառ մարմնի կողմից իրականացվող գործառույթ: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննիչների՝ ըստ հանցատեսակների նեղ մասնագիտացման շնորհիվ կապահովվի քննարկվող հանցատեսակով գործերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության հնարավորությունը»:

 

Նշենք, որ ստացված տվյալների համաձայն, 2016 թվականից ի վեր Ազգային անվտանգության ծառայությունում խոշտանգման հանցատեսակով գործ հարուցված չի եղել։ Բացի դրանից՝ ազգային անվտանգության պաշտոնական կայքում նշված է, որ ՀՀ ԱԱԾ ՔԴ կողմից քննվող գործերով առավել գերիշխող հանցագործության տեսակներն են կոռուպցիոն հանցագործությունները, ապօրինի սահմանահատումները, անօրինական միգրացիան, թմրամիջոցների մաքսանենգությունը:

 

Այսպիսով՝ ազգային անվտանգության ծառայության մարմնի նեղ մասնագիտական ուղղվածությունը չի կարող որպես փաստարկ բերվել՝ հիմնավորելու համար խոշտանգման գործերով քննության քննչական ենթակայությունը վերջինիս փոխանցելու համար։

 

Բացի օրենսդրությամբ սահմանված իրավական կարգավիճակից՝  ՀՔԱՎ-ը բազմիցս անդրադարձ կատարել է Ազգային անվտանգության ծառայության համակարգային փոփոխության, այն ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին համապատասխանեցնելու, միայն հետախուզական ու հակահետախուզական գործունեություն իրականացնելու հրատապ անհրաժեշտությանը[4] և այդ մարմնի քննչական դեպարտամենտի քննիչների ոչ թափանցիկ և հակաիրավական աշխատանքներին[5]։

 

2018 թվականից մինչ այսօր Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է 4 տնօրեն, իսկ հիմնադրվելուց (2002 թվականից) մինչ 2018 թվականը՝ 3: Նման կադրային քաղաքականությունը լրացուցիչ հիմնավորում է Ազգային անվտանգության ծառայության կախյալ կարգավիճակը ՀՀ վարչապետից։

 

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) ՀՀ վերաբերյալ 2015 թ. ներկայացրած զեկույցում դրական է գնահատել  ՀՔԾ-ի՝ որպես մասնագիտացված քննչական մարմնի ստեղծումը և ՀՔԾ քննիչների արհեստավարժությունը[6]։

 

Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես կարևորել է, որ խոշտանգման գործերը շարունակի քննել Հատուկ քննչական ծառայությունը՝ որպես անկախ քննչական մարմին[7]:

 

Օրենսգրքով խոշտանգման գործերի նախաքննության քննչական ենթակայությունը Ազգային անվտանգության ծառայության քննիչներին վերապահելը խաթարում է խոշտանգումների արդյունավետ քննության նաև միջազգային իրավական չափանիշները և դրանց հիման վրա ձևավորված Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկան, որը կներկայացնենք ստորև։ 

 

ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

 

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։    

 

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի` արդյունավետ քննության մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դիրքորոշումներում բազմիցս ընդգծել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից պետության պոզիտիվ պարտականությունն է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության իրականացումը[8]: Դատարանը շեշտել է, որ այդ մասին վկայող բողոքների քննությունը պետք է լինի մանրակրկիտ և ամբողջական: Իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը՝ կատարվածի հետ կապված ապացույցների ամրագրման համար[9]:

 

«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ «(…) պետությունն ապահովում է, որպ իր իրավասու մարմիններն անհապաղ և անաչառ քննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու, որ խոշտանգում է կիրառվել իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում»։

 

Նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «(…) պետությունն ապահովում է, որ ցանկացած անձ, ով պնդում է, թե ինքն այդ պետության իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում ենթարկվել է խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու մարմիններին բողոք ներկայացնելու և նրանց կողմից իր գործի անհապաղ ու անաչառ քննության իրավունք (…)»:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների լույսի ներքո, Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով[10] 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատել է նախկինում հայտնած իրավական դիրքորոշումը, որ «խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը։ Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու «վիճելի բողոքի» կամ «վստահելի հայտարարության» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքում ծագում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ կատարելու քննություն, որի արդյունավետությունն ապահովելու համար այն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների»[11]։

 

Վ․ Գասպարիի վերաբերյալ կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու չափանիշներն են.
ա) քննություն իրականացնող մարմինների անկախությունը և անաչառությունը[12] ,
բ) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ արագությամբ [13],
գ) քննություն իրականացնող մարմինները պետք է օժտված լինեն համապատասխան փաստերը հաստատելու, մեղավոր անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լիարժեք իրավասությամբ[14],
դ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներն ապահովելու համար[15],
ե) պետք է ապահովվի քննության նկատմամբ հասարակական հսկողությունը և տուժողի արդյունավետ ներգրավվածությունը քննությանը[16]։[17]

 

Վճռաբեկ դատարանն Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով ընդգծել է, որ «իրականացված քննության նկատմամբ վստահության առկայության հիմնական պայմաններից է նաև քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունն ու անաչառությունը` գործնական իմաստով։ Օրինակ` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել էր, որ պետական մարմինները ներգրավվել էին քննելու միևնույն դատախազության աշխատակիցների և տեղական ոստիկանության բաժնի՝ նրանց ենթակաների գործողությունները, որպիսի քննությունը դատարանը չէր կարողացել համարել անկախության և անկողմնակալության պահանջներին բավարարող: Այսինքն՝ անհրաժեշտ է նաև պատշաճ ուշադրության արժանացնել գործի քննության մեջ ներգրավված մարմինների անկախության և անաչառության ապահովումը՝ միջոցներ ձեռնարկելով բացառելու գերատեսչական շահերի հնարավոր բախումները»[18]։

 

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ամփոփած չափանիշներով անհրաժեշտ է, որ բացառվի շահերի բախումը խոշտանգման գործերի քննության ժամանակ, այն է՝ քննություն կատարող անձինք չլինեն այն մարմնից, որի աշխատակիցները ենթադրաբար կատարել են խոշտանգում։ Լավագույն տարբերակն այն է, որ խոշտանգումների քննությամբ զբաղվի որևէ անկախ ծառայություն։ Առաջարկվող մեխանիզմը պետք է լինի անկախ ինստիտուցիոնալ, անձնային և պրակտիկ մակարդակներում, որի մանդատը չի համընկնի դատախազության հետ։ Տվյալ անկախ մարմնի ղեկավարը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից և հաշվետու լինի օրենսդրին[19]։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՔԾ-ից Ազգային անվտանգության ծառայության մարմիններին խոշտանգման գործերով քննչական ենթակայության փոխանցումը էական հետընթաց է խոշտանգումներից զերծ մնալու անձի իրավունքի պաշտպանվածության տեսանկյունից։ Այդպիսի քայլով պետությունը անտեսում է քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ և գործառութային անկախության ու անաչառության, ըստ այդմ նաև՝ գործի քննության արդյունավետության  պահանջը։

 

Առաջարկում ենք խոշտանգման հանցակազմի քննչական ենթակայությունը վերապահել գործնական և ինստիտուցիոնալ առումով անկախ մարմնի՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության նախկինում արտահայտած դիրքորոշումներն այդ մարմնի ձևավորման գործընթացում օրենսդիր իշխանության գլխավոր դերակատարության ապահովման շուրջ։

 

______

[1] Օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 01-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար Օրենսգրքի 483-րդ հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ։

[2] Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ խոշտանգման հանցակազմով (450-րդ հոդված) նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները։

[3] http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=12070&Reading=3

[4] https://hcav.am/15-01-19/ https://hcav.am/13-5-19-lragir/ https://hcav.am/mamul-29-11-19/ https://hcav.am/azatutyun-12-12-19/

[5] https://hcav.am/sashik-sultanyan-30-07-21/ 

[6] https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016806bf46f

[7] https://ombuds.am/am/site/ViewNews/926

[8] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Jeronovics v. Latvia գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, կետ 103։

[9] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Boicenco v. Moldova գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, կետ 123։

[10] Ավելի մանրամասն տես՝ https://hcav.am/karapetyan-hakobjanyan/:

[11] Տե՛ս  Վճռաբեկ դատարանի`Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0172/11/17 որոշման 21-րդ կետը,Վճռաբեկ դատարանի` Արայիկ Գզոյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 22-րդ կետը, Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 19-րդ կետը:

[12] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ogur v. Turkey գործով Մեծ պալատի՝ 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետեր 91-92, Mehmet Emin Yuksel v. Turkey գործով 2004 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 40154/98, կետ 37, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, կետեր 83-84։

[13] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mikheev v. Russia գործով 2006 թվականի հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 77617/01, կետ 109։

[14] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Hugh Jordan v. the UK գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետեր 125-130, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136, Amine Guzel v. Turkey գործով 2013 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 41844/09, կետ 39։

[15] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 134։

[16] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Օthers v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 137, mutatis mutandis, Ogur v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետ 92, Ognyanova and Choban v. Bulgaria գործով 2006 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 46317/99, կետ 107, Khadzhialiyev and Others v. Russia գործով 2008 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 3013/04, կետ 106։

[17] Վճռաբեկ դատարանի` Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 23-րդ կետը։

[18] Տե՛ս  Վճռաբեկ դատարանի`Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0172/11/17 որոշման 23-րդ կետը:

[19] Տե՛ս ավելի մանրամասն՝ https://hcav.am/factor-am-7-04-19/ ։

Դիտումներ՝ 576

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????